HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

106-րդ բանաձեւի սպառնալիքների հետքերով

Անձրեւոտ ու մառախլապատ գիշեր էր, երբ Մոսկվա-Ստամբուլ երթուղով ինքնաթիռը վայրէջք կատարեց Աթաթուրքի անունը կրող միջազգային օդանավակայանում:

Թուրքիա հասնելու համար ստիպված էի եղել ընտրել Երեւան-Մոսկվա-Ստամբուլ թռիչքը, այլապես չէի հասնի նախատեսվող սեմինարի բացմանը: Կյանքումս առաջին անգամ որեւէ երկիր ոտք դնելուց առաջ սիրտս անբացատրելի վախով լցվեց. չգիտեի` ի՞նչ է ինձ սպասվում առջեւում, ովքե՞ր են թուրքերը, ինչպիսի՞ արկածներ կարող եմ ունենալ գալիք 7 օրերի ընթացքում, «գուցե իսկապես անհեթեթ որոշում էր», - ստիպված էի խոստովանել, թեեւ արդեն ուշ էր: 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի ընդունումը պատնեշ էր ոչ թե իմ, այլ իմ անվտանգության մասին անհանգստացող ծնողներիս, բարեկամներիս ու ընկերներիս համար: Նախ ծիծաղով ընդունեցին սեմինարի մեկնելու որոշումս, ապա ամեն կերպ փորձում էին հետ կանգնեցնել: Չստացվեց:

Միջազգային սեմինարը, որ կրում էր «Ընդունիր ինձ ինչպես կամ» պայմանական խորագիրը ("Accept me as I am"), կազմակերպվել էր թուրքական հասարակական կազմակերպություններից մեկի`Ենչտուրի կողմից Եվրամիության աջակցությամբ: Սեմինարին մասնակցում էին 6 երկրների ներկայացուցիչներ` Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Մարոկո, Էստոնիա եւ Ֆինլանդիա, քննարկումների գլխավոր թեման խտրականությունն էր իր տարբեր դրսեւորումներով` ռասայականից, կրոնականից ու սոցիալականից մինչեւ գենդերային, էթնիկ եւ այլն: Թեման եւ սեմինարն իսկապես հետաքրքրել էին ինձ, բայց իրականում Թուրքիա մեկնելու այլ, ավելի լուրջ հիմքեր ունեի. հատկապես այդ «վտանգավոր» իրավիճակում ուզում էի հայտնվել մի երկրում, որը մինչեւ հիմա փակ էր ինձ համար ոչ թե փակ սահմանի ու դիվանագիտական հարաբերությունների բացակայության, այլ ինչ-որ հոգեբանական պատնեշի պատճառով: Ուզում էի հենց այդ խորհրդանշական «վտանգավոր» իրադրության օգնությամբ բացահայտել ինձ համար Թուրքիան ու ժամանակակից թուրքերին:

Մեկնելուց առաջ ծնողներիս հանգստացնելու համար անգամ նամակ գրեցի սեմինարի կազմակերպիչներին` խնդրելով հավաստիացնել, որ սպառնալիքներ իսկապես չկան: Պատասխանը մոտավորապես այսպես էր հնչում. «ԱՄՆ կոնգրեսն ի զորու չէ խոչընդոտել մեր երկրների դարավոր բարեկամությանը»: Անգամ խոստացան, որ իրենց կամավորներից մեկը կգա ինձ դիմավորելու, կտանի իրենց տուն գիշերելու, որպեսզի հաջորդ օրը մեկնենք սեմինարի անկացման վայր: Եւս մի քանի օր ստիպված էի համոզել ծնողներիս ու խոստանալ, որ թուրք անծանոթ երիտասարդի տանը չեմ քնի մինչեւ առավոտ: Բայց զուր… Նրա անունն արդեն սպառնալիք ուներ իր մեջ` Օսման:

Ինքնաթիռից իջնելուց հետո իր դռներն իմ առջեւ բացեց օդանավակայանը, որի պատերն ամեն պահի հիշեցնում էին մեծն Աթաթուրքի անունը: Երբ հայտնվեցի դիմավորողների ամբոխի առջեւ, երկար չփնտրեցի. տեսա մի երիտասարդի, որը ձեռքին պահել էր իմ անունով ցուցանակը: Օսմանն էր: 

Ավտոկայանատեղիում Օսմանը հանկարծ նկատեց, որ մեքենայի բանալիներն իր մոտ չեն, խնդրեց սպասել, իսկ ինքը վերադարձավ սպասասրահի այն հատվածը, որտեղ ինքը նստել էր: Կասկածներս միանգամից մշուշապատեցին ուղեղս. սա արդեն վտանգավոր է, գուցե նա այլ մտքով հետ գնաց, ո՞վ է տեսել` մեքենայի բանալիները թողնեն սպասասրահի նստարանին: Բայց այլընտրանք չունեի, ստիպված էի սպասել Օսմանին:

Սեդա Պապոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter