HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մեկնարկում են հիվանդանոցների շինարարական աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության խորհրդի ընդլայնված նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգի գլխավոր հարցն էր այդ գերատեսչության 2010 թվականի գործունեությունը, որի հաշվետվությամբ հանդես եկավ նախարար Սերգեյ Մովսեսյանը:

Նա, մասնավորապես, անդրադարձել է այն միջոցառումներին, որ անցած տարի կատարվել են հանրապետության շրջանների առողջապահական համաչափ զարգացման, բնակչության առողջության առաջնային պահպանման, մասնագիտացված բուժօգնության, կադրերի պատրաստման, սանիտարահամաճարակային անվտանգության, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման, ոլորտի օրենսդրական կատարելագործման և այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Նախարարը նշել է, որ 2010 թ. պետությունից համակարգը ստացել է 3 մլրդ 12 մլն դրամ հատկացում, որը 2009թ. ցուցանիշի համեմատությամբ նկատելիորեն քիչ գումար է կազմել: Դա բացատրվում է բնագավառում պետական ծախսերի  արդյունավետ կառավարման և ավելի մատչելի բուժօգնություն ապահովելու հանձնառությամբ:

Ս.Մովսեսյանի խոսքով` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գյուղական բնակչության, ինչպես նաև` մոր և մանկան առողջության պահպանման հարցերին: Նպատակային քայլեր են ձեռնարկվում նեղ մասնագիտությամբ բժիշկների պատրաստման, բժշկական ապահովագրության ներդրման, արտերկրից մասնագիտական և նյութական օժանդակության կազմակերպման ուղղությամբ:

Հավաստելով, որ անցած տարի մեծածավալ աշխատանք է իրականացվել առողջապահության բնագավառում` վարչապետ Ա. Հարությունյանը կարևորեց բոլոր ծրագրերը ուղղորդված տեսնելու հանգամանքը, այն է` նպատակադրված ձևով  հասնել մատչելի և որակյալ բուժսպասարկման:

Վարչապետը խոսել է կառուցվող առողջապահական նոր հաստատությունների, բուժսարքավորումների արդիականացման, համակարգին պետական աջակցության շարունակական մեծացման ծրագրերի մասին: Ա. Հարությունյանը հայտնեց, որ մեկնարկային փուլում է Ստեփանակերտի նոր ծննդատան, Մարտունու, Բերձորի շրջանային հիվանդանոցների շինարարությունը: Իսկ մի շարք կարևոր բուժհիմնարկներ արդեն կառուցվել և շուտով շահագործման կհանձնվեն:

Կատարված աշխատանքները դեռ բավարար չեն` շեշտել է կառավարության ղեկավարը և հայտարարել, որ անհրաժեշտ է բուժանձնակազմը համալրել նախևառաջ տեղական կադրերով, և ընդհանրապես` համակարգում վճռականորեն շարունակել բարեփոխումները` մարդկանց առողջության պահպանումը դիտելով որպես գլխավոր խնդիր: Ոլորտը միշտ կգտնվի պետության սևեռուն ուշադրության կենտրոնում և ամենի ինչ կարվի, որպեսզի մոտ ապագայում առողջապահությունը դուրս բերվի հիմնախնդիրներ հարուցող ոլորտների շարքից` ընդգծել է վարչապետը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, առողջապահության նախարարության խորհրդի նիստին ներկա էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, սոցապնախարար Ն.Ասծատրյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զ.Լազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter