
Որպես մեղադրյալ են ներգրավվել թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը և ընտրողը
Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ մայիսի 5-ին քաղաքացի Լ.Միրզոյանը ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել՝ իր կամքից անկախ պատճառներով, քանզի քվեարկությունը կանխել է հանձնաժողովի նախագահը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը:
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանել