Բանակցությունների ապագան և նախակազանյան քարոզչությունը
Դեռեւս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Կազանում հունիսի 24-ին կայացած հանդիպումից առաջ համաշխարհային մամուլում մեծ աժիոտաժ կար դրա շուրջ: Առաջատար լրատվամիջոցները հագեցած էին խնդրին առնչվող զանազան հոդվածներով, հարցազրույցներով:
Տպավորություն էր ստեղծվել, որ համաշխարհային հանրությունը Կազանից լուրջ սպասելիքներ ունի: Նույնիսկ հավանական էր համարվում, որ հանդիպման ժամանակ կողմերը կընդունեն 14 կետից բաղկացած Հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիր:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «հանդիպումը կոչված է սահմանագծի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»: Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը նշեց, որ «այժմ ժամանակն է հավելյալ ջանքեր գործադրել վերջնական համաձայնության գալու Հիմնարար սկզբունքների շուրջ»: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Սերժ Սարգսյանին ուղղված հեռագրում շեշտեց, որ եկել է ժամանակը ամրագրելու Հիմնարար սկզբունքները: Կրակին յուղ ավելացրեց ԱՄՆ նախագահ Օբաման, ով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ արեց նրանց «վերջնական տեսքի բերել եւ սատարել Հիմնարար սկզբունքները»:
Ի՞նչ կարող էր նշանակել միջազգային հանրության նման աշխուժացումը, արդյո՞ք դրա համար լուրջ հիմքեր կային:
Նախ նշենք, որ երբեւէ որեւէ պաշտոնատար անձ շրջանակային փաստաթուղթ ստորագրելու որեւէ հավաստիացում չի տվել: Ընդամենն ասվել է, որ կողմերը մոտեցրել են մի շարք հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Իսկ բոլոր այն խոսակցությունները, թե կողմերը նախնական համաձայնության են եկել Հիմնարար սկզբունքների շուրջ, հիմնված են եղել մամուլում տեղ գտած ինչ-որ անանուն պաշտոնյաների «հավաստիացումների» վրա:
Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ հանգամանքի վրա. միջնորդներից Արեւմուտքը` կողքից դիտորդի եւ խրախուսողի դեր էր ստանձնել, մինչդեռ Ռուսաստանը` հանդիպման անմիջական կազմակերպողի եւ դրանով իսկ, ինչու չէ, նաեւ դրա արդյունքների պատասխանատուի: Փաստորեն, կարելի է ասել, միջնորդները հավասարաչափ ներդրում չեն ունեցել հանդիպումը «սահմանագծային» դարձնելու համար, նրանք նաեւ տարբեր դերակատարություն են ունեցել հանդիպման կազմակերպման գործում:
Կազանի նախաշեմին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հարցազրույց են տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիեւը մասնավորապես ասել է, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքն է եւ որ առավելագույնը, ինչին կհամաձայնի Ադրբեջանը` դա Ղարաբաղին ամենալայն ինքնավարություն շնորհելն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ եւս մեկ անգամ հասկանալ է տվել, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսինքն` կողմերը Կազանի հանդիպումից անմիջապես առաջ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի հետ կապված ցուցաբերել են արմատապես հակառակ դիրքորոշում:
Հայտնի է, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին: Մադրիդյան սկզբունքները բովանդակող միակ հրապարակված փաստաթղթում` Աքվիլայի գագաթաժողովի ժամանակ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից ընդունված հայտարարությունում, ԼՂ վերջնական կարգավիճակի հարցի առնչությամբ ընդամենը նշված է, որ ապագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը սահմանվելու է կամարտահայտման միջոցով ‘future determination of the final legal status of Nagorno-Karabakh through a legally binding expression of will’:
Բնական է, որ շրջանակային համաձայնագրի նախագծում այս կետը պետք է բացված լիներ: Եթե այնտեղ նշված լիներ, որ կամարտահայտումն այն է, երբ ԼՂ ժողովուրդը (ԼՂԻՄ-ի վերջին մարդահամարի տոկոսային հարաբերությամբ) հանրաքվեով որոշելու է սեփական ճակատագիրը եւ այդ հանրաքվեի ժամանակ հարցի ձեւակերպման որեւէ սահմանափակում չի լինելու, ապա արդեն միայն այս հանգամանքը բավարար պետք է լիներ, որ Ադրբեջանը չստորագրեր այդ փաստաթուղթը, քանզի դա դեմ կլիներ Կազանի նախաշեմին Ալիեւի հնչեցրած դիրքորոշմանը: Իսկ եթե փաստաթղթում հանրաքվեի հարցը նման ձեւակերպում չունենար, ապա արդեն Հայաստանը չէր ստորագրի համաձայնագիրը, քանզի չէր ստանա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրում:
Բնական է, որ նման սկզբունքային տարաձայնությունների առկայությունն անհնարին է դարձնում Մադրիդյան սկզբունքների հիման վրա շրջանակային փաստաթղթի ստորագրումը: Վերոնշյալ հանգամանքը չէին կարող չհասկանալ Մինսկի խմբի համանախագահները, խնդրի շուրջ արտահայտված տարբեր պաշտոնյաները, փորձագետները եւ այլք: Ուրեմն ի՞նչ նպատակ կարող էին հետապնդել այդ աժիոտաժի հեղինակները:
Կարծում ենք, որ նպատակը` բոլորի գիտակցության մեջ հետեւյալ միտքը սերմանելն էր. «Ղարաբաղյան խնդիրը հարկ է լուծել: Միջազգային հանրությունը մեծ ջանքեր է թափում խնդիրը լուծելու համար: Բայց ինչպես երեւում է հին մոտեցումներով այս խնդիրը լուծում չունի: Սակայն, քանի որ խնդիրը պետք է լուծել, ուրեմն հարկ է մոտ ապագայում հանդես գալ կարգավորման նոր մոտեցումներով»:
Նշենք, որ Կազանում արձանագրված արդյունքը լիովին տեղավորվում է վերոնշյալ տրամաբանության շրջանակներում. կողմերը հայտարարեցին, որ կա համաձայնություն որոշակի հարցերի շուրջ եւ որ կա ցանկություն շարունակելու բանակցությունը մնացած հարցերը համաձայնեցնելու համար: Պետք է արձանագրել, որ չնայած բոլորը` ինչպես միջնորդները, այնպես էլ հակամարտության կողմերը, նշեցին, որ իրենց սպասելիքները չարդարացան, սակայն միաժամանակ հայտարարեցին, որ հարկ է շարունակել բանակցությունները: Քանի որ սեղանին դրված փաստաթուղթը կողմերը կամ կողմերից մեկը չի ընդունել` սկզբունքային անհամաձայնություն ունենալու պատճառով, ուրեմն պետք է սպասել նոր առաջարկների եւ միջնորդների նոր ակտիվությանը:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել