HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում եւ Եգիպտոսում

Երեկ երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի եւ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների եւ ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ զետեղվեցին Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաեւ առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից:

Այնուհետեւ Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերին:

Նույն օրը 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ֆրանսիայի հայկական կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաեւ Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում եւ Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում:

Իսկ Եգիպտոսում` Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ  Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ: Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների եւ դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Ներկաներն ունկնդրեցին նաեւ Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter