HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ սփյուռքում (թարմացվող)

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

 ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից եւ Կանադայի հայ համայնքից:

Ելույթ ունեցավ նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, մասնավորապես, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին՝ ընդգծելով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիությունը: 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

Ապրիլի 23-24-ը Բուենոս Այրեսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի կենտրոնական տաճարում` Կատեդրալում, տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջկրոնական արարողություն: Արարողությունը համատեղ կատարեցին Հայաստանեաց առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու և Արգենտինայի կաթոլիկ եկեղեցու կրոնական առաջնորդները և հոգևոր ներկայացուցիչները: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում տաճարում գտնվող հայկական խաչքարի մոտ, որը տաճարում տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 24-ին, այն ժամանակվա Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոյի՝ ներկայիս Հռոմի պապ Ֆրանսիսկոյի աջակցությամբ: Ներկա ավելի քան 1000 հյուրերի թվում էին արգենտինյան տեղական իշխանությունների, արգենտինահայ կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև արգենտինահայ վարժարանների տնօրինությունը և աշակերտությունը:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  մատուցվեց սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից հետո ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այնուհետև Արմենիա անունը կրող փողոցում տեղի ունեցած արարողությանը ելույթներով հանդես եկան Արգենտինայի մարդու իրավունքների փոխքարտուղար Լուիս Իպոլիտո Ալենը, Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինյան հայտնի դերասանուհի Վիրջինիա Ինոչենտին:

Իր խոսքում դեսպան Մելիքյանը նշեց, որ այսօր աշխարհասփյուռ հայությունը կրկին իր բողոքի և արդարության վերականգնման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջև՝ հիշեցնելու և զգուշացնելու, որ հետագա հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը դա հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է։ «Մերժման, ուրացման և ժխտողական քաղաքականությունը միանշանակ դատապարտված է և անհեռատես է ի սկզբանե, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է գիտակցի այս հանգամանքը և առերեսվի սեփական պատմության հետ», - նշեց նա։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց Արգենտինյան կառավարությանը հայ ժողովրդի դեմ իրականցված ոճրագործության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև տասնամյակներ առաջ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքներին բարեկամաբար ընդունելու համար, որոնց զավակներն այսօր արդեն իրենց հսկայական ներդրումն ունեն երկրի հասարակական, մշակութային, տնտեսական, գիտական և կրթական կյանքում։

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

Վերոհիշյալ միջոցառումները լուսաբանվեցին արգենտինյան մի շարք առաջատար զանգվածային լրատվության միջոցներով։

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Հայ համայնքային կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր առաջնորդների կողմից մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Նույն օրը՝ երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Սենատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում, որին ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ եւ հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահներ, ինչպես նաեւ Կոնգրեսի երկու տասնյակից ավելի այլ անդամներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը, թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը, կոչ արեցին Միացյալ Նահանգների կոնգրեսին եւ վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, դատապարտեց թուրքական ժխտողականությունը, նշեց, որ այն ապագա չունի եւ կարեւորեց համատեղ պայքարը դրա հաղթահարման ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվեց պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին, որին ներկա էին դեսպան Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում

Ապրիլի  24-ին  Շարժայի  Սբ. Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցում տեղի  ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության  1.500.000 անմեղ նահատակների:

Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ  համայնքի անդամներ եւ հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում:

Օրվա  երկրորդ  կեսին  Արաբական  Միացյալ  էմիրություններում  Հայաստանի  Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ  տարելիցին  նվիրված ոգեկոչման  երեկո:

Երեկոյին բացման խոսքով  հանդես  եկավ  Հոգշ. Տ.  Մեսրոպ  վարդապետ  Սարգիսյանը, որից  հետո  Աբու Դաբիի Ազգային վարչության  երիտասարդական  հանձնախումբը  հանդես եկավ գեղարվեստական հայտագրով:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով Հայոց  ցեղասպանության  միջազգային  ճանաչման  ուղղությամբ  ՀՀ  իշխանությունների  եւ  ողջ  հայության  համատեղ  ջանքերը, կարեւորեց  պատմական արդարության  հաստատմանն  ուղղված  շարունակական  պայքարի  նշանակությունը:

Երեկոյի  վերջում  դեսպանության  բակում  տեղի  ունեցավ  մոմավառություն, որին  հետեւեց  Մեծ  եղեռնի  զոհերի  հոգեհանգստի  կարգ:     

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Լիբանանում շարունակվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: 

Ապրիլի 23-ի երեկոյան Անթիլիասի մայրավանքի բակում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցավ «Հսկումի երեկո»: Միջոցառման մոտ 3000 ներկաների շարքում էին Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, նախարարները,  Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, ինչպես նաև հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվեց ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին:   

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսվոր Սուրբ Պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հարյուրավոր ներկաներին իր հայրապետական պատգամը  փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը:  Ներկաներին ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը:  Այնուհետև Անթիլիասի մայրավանքի բակում գտնվող  «Նահատակաց հուշարձանի» մոտ ծաղկեպսակներ զետեղեցին  Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները:  

Օրվա երկրորդ կեսին Բուրջ Համուտի հրապարակից կազմակերպվեց բազմահազարանոց քայլարշավ  դեպի Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակ: Ելույթներով հանդես եկան Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի և հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ընթերցվեց ՄԱԿ-ին ուղղված հուշագիրը, որը կփոխանցվի Լիբանանի ՄԱԿ-ի գրասենյակ ապրիլի 25-ին:  

Ապրիլի 24-ի  երեկոյան   Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի բոլոր կառույցների և Լիբանանում ՀՀ դեսպանի  մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիսում

Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ առաքելական համայնքը ապրիլի 23-ին եւ 24-ին նախաձեռնել էր միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի։

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ «Վանա ծովի արշալույսը» ֆիլմի ցուցադրումը Նիսի հեղինակավոր Պաթե Մասենա կինոթատրոնում, որից հետո ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանին եւ սցենարի համահեղինակ Արեն Վաթյանին։

Երեկոն շարունակվեց Նիսի կենտրոնական հրապարակում, ուր տեղի երիտասարդները կազմակերպել էին ոգեկոչման միջոցառում. հարյուրավոր մոմերի լույսի ներքո հնչեցին նախ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը», ապա դուդուկի կատարումներ։

Ապրիլի 24-ին մատուցվեց հիշատակի պատարագ, որի առթիվ հատուկ Փարիզից Նիս էր ժամանել Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի Կաթողիկոսական պատվիրակ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը։

Պատարագին հաջորդեց երթ դեպի Հայկական պուրակ, ուր տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող հուշակոթողին։

Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը, քաղաքային, շրջանային և տեղական իշխանության ողջ ղեկավար կազմը, Ալպ-Մարիտիմի պրեֆեկտի ներկայացուցիչը, տեղի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հարավային մասնաճյուղի ղեկավարներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իրանում

Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների   մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն  շեշտադրումներով:

Ապրիլի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, կազմակերպվեց ծաղկեմատույցի արարողություն, որին ներկա գտնվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի ազգային իշխանությունները, ՀՅԴ ղեկավար կազմը, Թեհրանում գործող մշակութային միությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ի երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը: 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիտվայում

Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,  ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամներ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի փոխնախագահ Ալգիս Կաշետան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, Լիտվայի ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնի տնօրեն Տերեսա Բուրաուսկայտեն, պատմաբան Ալգիրդաս Կասպարավիչյուսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն եւ Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը լուսաբանվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դամասկոսում

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ` Ցեղասպանության հուշարձանի մոտ:

Այնուհետև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը ծաղկեպսակ զետեղեց անմար կրակի մոտ:

Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր: Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց սիրիական և օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներին:

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:

Նույն օրը  դեսպան Փոլադյանը Դամասկոսի «Ալ-Զեյթունի» սրահում հանդես եկավ  «Հայոց ցեղասպանությունը և նրա միջազգայնացման շուրջ» խորագրով դասախոսությամբ, որի ընթացքում, պատմական էքսկուրս կատարելով Ցեղասպանության հիմնական դրդապատճառների և Թուրքիայի կողմից իրականացված կոտորածների շուրջ, բանախոսը, մասնավորապես, կանգ առավ մեր օրերում թուրքական պետության ուրացման և ժխտման քաղաքականության և Ցեղասպանության խնդրի միջազգայնացման գործընթացի վրա: Բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության նահատակների հուշն ու ոգին վառ պահելու, ոգեկոչելու և պահանջատիրության խնդիրն աշխարհով մեկ հնչեցնելու ուղղությամբ հայկական գաղթօջախների հոգևոր և աշխարհիկ ղեկավարների, քաղաքական կուսակցությունների, կրթական, հասարակական, մշակութային, բարեսիրական և այլ կազմակերպությունների անգնահատելի և անուրանալի դերակատարությունը, դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից սկսած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թևակոխեց բոլորովին նոր և արդյունավետ ժամանակաշրջան՝ ձեռք բերելով քաղաքական և հասարակական մեծ նշանակություն:

Հայաստանի Հանրապետության առկայությամբ ցեղասպանության միջազգային ճանաչումը ստացավ նոր հնչեղություն: Հայոց պետություն սկզբից ևեթ տեր կանգնեց ցեղասպանության արհավիրքով անցած իր ժողովրդի ցավին, արդար դատին, ինչն ամբողջությամբ փոխեց  իրավիճակն աշխարհում ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ասպարեզներում:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում

Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը նշեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ մեկ անգամ եւս բերելով իր խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:

Միաժամանակ, դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ ողջ աշխարհի հայությունը պիտի իր մասնակցությունը բերի Հայոց պետականության զարգացման եւ ամրապնդման գործին, քանզի ուժեղ եւ հզոր պետականությունը, Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը նոր աղետների կանխման գլխավոր գործոնն է:

Արարողության ժամանակ ելույթ ունեցան նաեւ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Համլետ Գալուստյանը, Միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը:

Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում  Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:

Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմ, ներկայացվեցին Դեր Զորի անապատում իրականացված եղեռնագործության մասին պատմող գեղարվեստական կատարումներ:

Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների  կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանն իր խոսքում, անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության  ջանքերն  ու նոր ավյուն հաղորդել  Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:     

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը՝ նշելով, որ մինչ այսօր Թուրքիայի կողմից վարվող մերժողական քաղաքականությունը պետք է լուրջ ազդակ հանդիսանա առաջին հերթին  միջազգային հանրության համար` հետագա ցեղասպանությունները  կանխարգելելու առումով:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ճապոնիայում

Ապրիլի 24-ին Տոկիոյի Տոպպան համերգասրահում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ջութակահարին նվագակցում էր դաշնակահար Լիլի Մայսկին:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչեցին եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ Հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Հրաչյա Ավանեսյանը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է, նվագել է Բելգիայի, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Լոնդոնի կամերային նվագախմբի, Տոկիոյի «Մետրոպոլիտեն» սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի 1717թ. պատրաստած «Piatti» ջութակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter