
Տարբեր երկրներում անցկացվում են Ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ (պարբերաբար լրացվող)
Ապրիլի 22-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրուդը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այն տեղի էր ունենում Քարդիֆի խաղաղության տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։
Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը և հայ ժողովրդի բարեկամ, Քարմարթենի քաղաքի Քրայսթ Չըրչ եկեղեցու հովիվ Պատրիկ Թոմասը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՄԹ և Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Հուշ-երեկոյի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Քարդիֆում կանգնեցված խաչքարի մոտ։
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան' «1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով:
Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն ռադայի վեց պատգամավոր, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային և մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետևանքով մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդկային կյանք և հարյուրամյակների ընթացքում ստեղծված հայ մշակույթի հոգևոր և նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլև ողջ մարդկության հանդեպ:
Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և Հայաստանը սփյուռքի հետ համատեղ շարունակելու է աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը և դրանով նաև մասնակցել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:
Կլոր սեղանի ժամանակ ողջույնի խոսք ասացին Ուկրաինայի հայերի միության նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, Գերագույն ռադայի պատգամավորներ Ա.Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ.Կուլչակը:
Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ և նրա միջազգային ճանաչումը և դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է:
Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը և պատմության ինստիտուտի Սևծովյան քաղաքակրթության սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն:
Ապրիլի 22-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի «Շամպոլիոն» ռոթարի ակումբն անցկացրեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում։
Որպես միջոցառման գլխավոր բանախոս էր հրավիրվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման անհրաժեշտության մասին: Ելույթից հետո դեսպան Մելքոնյանը պատասխանեց ակումբի անդամների և հյուրերի հարցերին։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող փաստագրական ֆիլմ։
Լիբանանում ևս անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ապրիլի 21-ին Հայ կաթողիկե պատրիարքարանում կազմակերպվեց ոգեկոչման հսկումի երեկո` Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ:
Ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ և հոգևորականներ: Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը:
Ելույթ ունեցավ նաև Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ. իր հոգևոր առաքելությունն իրականացրել էր Երևանում և Գյումրիում: Նա հիշեց, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում և առաջարկեց կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում:
Ցուցադրվեց «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի պատրաստած «Post Genocide timeline» տեսաերիզը: Երեկոն եզրափակվեց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի խոսքով և աղոթքով:
Ապրիլի 21-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Դեմիրճյան կենտրոնում Հ.Բ.Ը.Մ. և Հ.Ե.Ը. մշակութային մարմնի աջակցությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող հայերին:
Ցուցադրությունից հետո ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ, դիվանագետներ:
Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում:
Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ կենտրոնում:
Միջոցառման 600 մասնակցի թվում էին բարձրաստիճան պաշտոնյա Կանադայի դաշնային, նահանգային և մունիցիպալ մարմիններից, այդ թվում' Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Մեծ եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը:
Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշեց, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ողբերգությունները:
Միջոցառումն ավարտվեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների զետեղմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել