
«Ժողովուրդ». բնակչության 30%-ն աղքատ է, իսկ Սարգսյանի երդմնակալության վրա ծախսվել է 28 մլն դրամ
Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Հայաստանի քաղաքացիներիս վրա նստել է մոտ 28 մլն դրամ՝ 67 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ՝ երդմնակալությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով:
Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված «Լոմա սիստեմս» ՍՊԸ-ն: Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող Ս.Սարգսյանի ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվել, և սա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ է: Ի դեպ, 28 մլն դրամը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում օլիգարխների նվիրատվություններով, մնում է միայն ենթադրել:
Մեկնաբանել