
Սպառողական գների անկումը զարմացրել է պատգամավորին
2011թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1.4 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների, ներառյալ` ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները նվազել են 2.6 տոկոսով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում: Փոխարենը 0.1 տոկոսով հավելաճ է արձանագրվել ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը զարմանում է, որ գնանկում է արձանագրվել սպառողական շուկայում, քանի որ, ըստ նրա, այն դրամավարկային կոշտ քաղաքականությունը, որ Կենտրոնական բանկն է վարում, Հայաստանում արդյունավետ չի կարող լինել եւ դա գնանկման չի բերի:
«Չնայած սպառողական գների անկումը պայմանավորված է գյուղմթերքների գների անկմամբ, բայց Կենտրոնական բանկի ներկայիս քաղաքականության հետեւանքով, իմ կանխատեսմամբ, առաջիկայում գները ոչ թե կնվազեն, այլ ընդհակառակը` կաճեն: Գների աճմանը կնպաստի նաեւ միջազգային շուկան»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը
Ըստ Վիճակագրական ծառայության` պարենային ապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի նվազմանը մեծապես նպաստել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 25.6 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորված է կաղամբի 64.6, կանաչ լոբու` 52.5, կանաչ պղպեղի` 49.9, լոլիկի` 45, վարունգի 26.9 տոկոս գնանկումով: Միաժամանակ ճակնդեղի եւ գազարի գներն աճել են համապատասխանաբար 8.3 եւ 11.3 տոկոսվ: Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի գների ընդհանուր մակարդակը հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 25.3 տոկոսով:
Հանրապետությունում 4.6 տոկոսով աճել է մրգի գները: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջան քաղաքում, իսկ Երեւանում նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմում է 3 տոկոս:
4.6 տոկոսով ավելացել է նաեւ սուրճի, թեյի եւ կակաոյի ապրանքախմբի գները: Աճը պայմանավորված է սուրճի գնի 5.8 տոկոս թանկացմամբ: Նախորդ տարվա հունիսի համեմատ նույն ապրանքախմբի գնաճը կազմում է 11.3 տոկոս:
Մսամթերքի ապրանքախմբում, 2010թ. հունիսի համեմատ, այս տարվա հունիսին գրանցվել է 9, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 2.3 տոկոս գնաճ: Թանկացել է հատկապես տավարի միսը` 5, ոչխարինը` 1.3, իսկ խոզինը` 0.3 տոկոս: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.9 տոկոսով:
Մեկնաբանել