
Կառավարությունը մոռացել է Քաջարանի մասին. գյուղացիներն էլ ստիպված վարկ են վերցնում
Ադրբեջանի սահմանից 1-2 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչ Գագիկ Հակոբյանը 5 ամիս առաջ վարկ է վերցրել եւ արդեն զղջում է դրա համար:
Վարկի գումարով 2 գլուխ կով է գնել եւ անասնակեր: Հիմա տոկոսները վճարում է գնած կովերի կաթն ու մածունը վաճառելով: Գագիկը չէր հիշում, թե որքան էր վարկի գումարը, ձեւակերպումները կնոջ անունով էին, իսկ վերջինս մեր այցելության ժամանակ տանը չէր:
Գագիկը նոր է ընդունվել աշխատանքի` Շիկահողի արգելոցում պահակ է, իսկ կինը կես դրույքով Քաջարանի գյուղապետարանի հավաքարարն է: Ամուսինը ստանում է 36.000 դրամ աշխատավարձ, իսկ կինը` 15.000 դրամ: Վարկը վերցրել է «Սեֆ ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից` տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկը ձեւակերպվել է դոլարով, քանի որ Հակոբյաններին ասել են, թե դրամային վարկեր չեն տալիս: Նրանք ամսական վարկային կազմակերպությանը 51 դոլար տոկոս են վճարում:
«Այն ժամանակ, որ վարկը վերցրի, դոլարի կուրսը 365 դրամ էր, հիմա կուրսը դարձել է 375 դրամ, ստեղ արդեն ահավոր վնասներ եմ կրում»,- ասում է Գագիկ Հակոբյանը: Ըստ նրա` վարկից ոչ մի օգուտ չկա, ճարահատյալ է վերցրել, որ կարողանա երեխեքին պահել: Ընտանիքը հինգ հոգուց է բաղկացած` ամուսինները եւ երեք տղաները: Որդիներից մեկը 20 օր առաջ է բանակից եկել եւ անգործ է, մյուս տղան էլ մի քանի օր առաջ է բանակ գնացել:
«Զոռով յոլա ենք գնում, ամեն ինչը պարտքով վերցնում եմ, մինչեւ կարողանում եմ փակել: Որ ցածր տոկոսով վարկը տան, էլի կկարողանանք մի բանի հասնել ու ժամանակին փակել, թե չէ հիմա վարկ ենք վերցնում յոլա գնալու համար, ոչ մի օգուտ էլ չկա»,- ասում է Գ. Հակոբյանը:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում ապրում է 230 բնակիչ, եւ գրեթե բոլոր ընտանիքները վարկեր ունեն: Մի մասն էլ գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով վարկ է վերցրել, բայց գումարը ծախսել է կենցաղային խնդիրներ լուծելու համար: Շատերը, սակայն, վարկը վերցրել են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Գյուղապետը նույնպես վարկ ունի:
«Սեֆ ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից տարեկան 18% տոկոսադրույքով 2010 թ. դեկտեմբերին վերցրել է 3000 դոլար վարկ: «Վարկի փակելու հարցում նեղվում ենք, բայց ի±նչ արած: Այս տարի նպաստավոր չէր գյուղատնտեսության համար, սպասում ենք աշնան բերքին, որ կարողանանք տոկոս փակենք ու ապրենք»,- ասում է Ռաֆիկ Աթայանը:
Նա համաձայն չէ այն մտքի հետ, թե վարկերը տալիս են գյուղացուն օգնելու համար: Ընդհակառակը, գյուղապետի համոզմամբ` վարկերը վնասում են գյուղացուն, քանի որ բարձր տոկոսադրույքով եւ կարճաժամկետ վարկով հնարավոր չէ տնտեսություն զարգացնել ու միաժամանակ ընտանիք պահել: «Վարկը վերցրել ենք դոլարով, ամեն ինչը թանկանում է, դոլարն էլ օրեցօր տատանվում է, նեղվում ենք: Ոչ մի տեղից ոչ մի օգնություն չի ստանում գյուղը: Կառավարությունից էլ չեն հետաքրքրվում, ոչ մեկը չի եկել հարցնի, թե գյուղացին ոնց է ապրում, երեւի մեր մասին արդեն մոռացել են»,- ասում է Ռ. Աթայանը:
Գյուղում ոչ ոք կառավարության սուբսիդավորմամբ արտոնյալ վարկից չի օգտվել: Գյուղապետի ասելով` մի քանի գյուղացի գնացել է, որ արտոնյալ վարկ ստանա, բանկերը մերժել են` ասելով, թե արտոնյալ վարկ չկա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել