
«Ժողովուրդ». արմավիրցիները հանդիպեցին Տարոնին, որ ի՞նչ անեն
Երեկ երեկոյան թերթը տեղեկացել է, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ՝ հանդիպելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Թղթակիցներն անմիջապես գնացել են Մելիք-Ադամյան փողոց՝ պարզելու մարզի բնակիչները հանդիպում են Տարոն Մարգարյանին, որ ի՞նչ անեն: Ժամը 18-ից աժիոտաժ էր ՀՀԿ գրասենյակի առջեւ: «Բերման ենթարկված» մարդիկ խմբված սպասում էին: Քիչ ավելի ուշ նրանք ներս են մտել: Այնուհետեւ ՀՀԿ գրասենյակ է ժամանել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու բարեւել բոլորին: Երբ թերթի լրագրողները լուսանկարել են մարզպետին, նա կատակել է. «Նկարում եք, գոնե էդ լուսանկարը տվեք», ապա ժպտացել է ու հեռացել:
Նրա հետ էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Ասել է թե՝ Արմավիրի մարզի հակագեներալական թեւը: Վերջում կուսակցության գրասենյակ է ժամանել Տ. Մարգարյանը: Լրագրողները փորձել են պարզել, թե ինչու է հանդիպում մարզի բնակիչների հետ, սակայն նա իր դեմքի խոժոռ արտահայտությունը չի փոխել եւ, անարձագանք թողնելով հարցը, մտել է ներս:
Ավելի ուշ պարզվել է, որ Արմավիրի մարզից «բերման էին ենթարկվել» դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, ոնոց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն, ակտիվ քարոզչություն անել, քանի որ մարզում երեւանցի աշխատակիցներ շատ կան: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն շարունակում է պետական լծակներն օգտագործել՝ ի շահ կուսակցության:
Մեկնաբանել