Էթնիկ փոքրամասնությունների կյանքը տարագրության մեջ
Էթնիկ փոքրամասնությունները Վրաստանում
Վրաստանից տարբեր երկրներ արտագաղթած Քվեմո Քարթլիի ոչ վրացի բնակիչների կյանքը դասավորվում է մեկ ընդհանուր սցենարով։ Նրանք մեկնում են արտասահման ոչ այնտեղ մշտապես ապրելու, այլ փող աշխատելու նպատակով: Այնտեղ նրանք երկար տարիներ են մնում:
Ամեն տեղ էլ արտագաղթած մարդու ճակատագիրը հեշտ չէ։ Չնայած բազմաթիվ սթրեսներին, վատ աշխատանքին եւ վատ կենսապայմաններին, արտագաղթածների մեծ մասը չի շտապում վերադառնալ, քանի որ մնալով դրսում` նրանք կարող են կերակրել իրենց եւ հայրենիքում մնացած ընտանիքներին։
Ռոզա Սարկիսովան արդեն լավ է սերտել դրամական փոխանցումների հետ կապված բոլոր գործողությունները։ Նա լրացնում է հատուկ ձեւաթուղթը, գանձապահ-օպերատորին հայտնում է իր հաշվի կոդը, ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստորագրում է մի քանի թղթեր եւ վերջապես ստանում որդու ուղարկած գումարը։ Գործողությունների այս հերթականությունը տիկին Ռոզան նույնությամբ կատարում է երեք-չորս ամիսը մեկ արդեն մի քանի տարի։ Ռուսաստանում ապրող իր որդուց ստացած փողը նրա ընտանիքի միակ եկամուտն է։
Ըստ մարդահամարի տվյալների` 1989-2002 թթ. Վրաստանից արտագաղթել է 113 հազար մարդ։ 2002 թ.-ից հետո Վրաստանի վիճակագրության պետական դեպարտամենտն ուսումնասիրություններ չի կատարել արտասահմանում ապրող Վրաստանի քաղաքացիների (ինչպես վրացիների, այնպես էլ այլ ազգությունների) թիվը պարզելու նպատակով։ Ուստի, չկան տվյալներ վերջին տարիներին երկրից արտագաղթած հայերի եւ ադրբեջանցիների քանակի վերաբերյալ։ Վիճակագրության դեպարտամենտում ունեն չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ վերջին տարիներին երկիրը լքած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այժմ ամենաշատն ապրում են Ռուսաստանում, Թուրքիայում եւ Հունաստանում։
Սերժ Սարկիսովը Վրաստանից Ռուսաստան է մեկնել 8 տարի առաջ` ընտանիքը կերակրելու հնարավորություն չունենալու պատճառով։ Մոսկվայում առանց դժվարության գտավ թիթեղագործի իր մասնագիտությամբ աշխատանք։ Բայց քանի որ կյանքն այդպիսի մեգապոլիսում չափազանց թանկ հաճույք է, գերադասեց տեղափոխվել մի փոքրիկ քաղաք, այնտեղ էլ հաստատվեց։ Շուտով Սերժը հայրենի Ռուսթավիից իր մոտ տարավ կնոջը եւ երկու անչափահաս երեխաներին։ Հիմա նա արդեն ունի երեք երեխա, հոգսերն էապես շատացել են։ Ստիպված է շատ աշխատել, որպեսզի կարողանա տանը մնացած ծնողներին էլ նյութապես օգնել։
«Սերժն այստեղ էլ միշտ աշխատանք ուներ, քանի որ լավ մասնագետ է։ Բայց վերջին շրջանում եկամուտը չէր հերիքում, ընտանիք կերակրելը դժվարացել էր։ Որոշեց մեկնել։ Սկզբում դժվար էր վարժվել նոր պայմաններին։ Ինչ էլ ասես` Ռուսաստանն օտար երկիր էր։ Առավել եւս, որ վերաբերմունքը նրա` որպես «կովկասյան ազգության անձի» նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բավական անբարեհաճ էր։ Չնայած դրան` հիմա նրա կենսապայմանները շատ ավելի լավ են, երեխաները լավ են սնվում, դպրոց են գնում, զբաղվում սպորտով։ Իհարկե, այդ ամենը շատ թանկ արժե։ Վերադառնալու մասին նրանք առհասարակ չեն մտածում։ Չգիտեմ` երբեւէ կվերադառնա՞ն տուն։ Այնուամենայնիվ, երեխաներն այնտեղ իրենց ավելի լավ են զգում։ Ի՞նչ ապագա կարող են ունենալ այստեղ»,- պատմում է Սերժի մայրը` Ռոզա Սարկիսովան։
Աշխատանք գտնելու հույսով Ռուսաստան մեկնում են Վրաստանի թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի քաղաքացիները։ Զրույցների ժամանակ նրանք մատնանշում են օտար երկրներում աշխատանք փնտրելու երկու հիմնական պատճառներ։ Առաջինը Վրաստանում աշխատատեղերի պակասն է, երկրորդը` շատ աշխատատեղեր անմատչելի են, քանի որ վրացերեն չգիտեն։
Վիդադի Իբրահիմովը բավական լավ գիտի վրացերեն։ Չնայած դրան` արդեն մի քանի տարի նա ապրում եւ աշխատում է Մոսկվայում։ Մոսկվայում է որոշել շարունակել ուսումը նաեւ նրա ավագ որդին` Էլվինը, որն երկու տարի առաջ է ավարտել Քվեմո Քարթլիի ռուսական դպրոցներից մեկը։ Վիդադիի կինը` Նազի Իբրահիմովան, ամուսնու եւ որդու` Մոսկվա տեղափոխվելն ընկալում է որպես հարկադրական արտագաղթ։ «Ռուսաստան գնալն իմ ամուսնու ընտրությունը չէր։ Այն բանից հետո, երբ կրճատումների պատճառով ամուսինս կորցրեց աշխատանքը, եւ չորս անդամից բաղկացած մեր ընտանիքը ստիպված էր բավարարվել միայն իմ 120 լարի կազմող աշխատավարձով (մոտ 70 ԱՄՆ դոլար - խմբ.), նա պարզապես ստիպված էր մեկնել։ Մոսկվայում նա միանգամից գործ գտավ, ստիպված չեղավ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։ Աշխատավարձը բավարարում էր ապրելու համար։ Հենց որ ավագ որդիս ավարտեց դպրոցը, անմիջապես մեկնեց հոր մոտ։ Տղաս նույնպես առանձնապես չէր ձգտում այնտեղ գնալ, բայց եթե մնար, ապա հազիվ թե կարողանար շարունակել ուսումը կամ գտնել ինչ-որ աշխատանք, ավելի շուտ կհայտնվեր փողոցում։ Իսկ հիմա նա սովորում է ինստիտուտում, աշխատում է եւ գրպանի մանր ծախսերի փող ունի։ Երբ Ռուսաստանում իրադրությունը թեժացավ, եւ սկսեցին այնտեղից արտաքսել վրացիներին, որպես Վրաստանի քաղաքացի տուժեց նաեւ ամուսինս։ Քանի որ նրա փաստաթղթերը կարգին չէին, տնից դուրս չէր գալիս։ Նյարդային հողի վրա ամուսինս կաթված ստացավ եւ, կարելի է ասել, 46 տարեկանում հաշմանդամ դարձավ։ Արդեն հինգ ամիս է նա բուժվում է։ Չնայած այդ ամենին` ամուսինս չի պատրաստվում տուն վերադառնալ։ Եթե վերադառնա, չնչին թոշակ կստանա, այդ ժամանակ ինչպե՞ս պիտի ապրենք։ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարված հարաբերությունների պատճառով փոքր տղաս էլ չկարողացավ գնալ հոր մոտ։ Այս տարի նա ավարտեց դպրոցը եւ ուզում է ավագ եղբոր նման ուսումը շարունակել Ռուսաստանում»,- պատմում է Նազի Իբրահիմովան։
Նազի Իբրահիմովան ամենաշատն ուզում է, որ ընտանիքի բոլոր անդամներն ապրեն միասին, տանը` հայրենիքում, հարազատների, ընկերների ու մերձավորների կողքին։ Բայց, ինչպես նա է ասում, ի վերջո ամեն ինչ պայմանավորվում է նրանով, թե որտեղ են ավելի լավ կենսապայմանները։
Թուրքիան երկրորդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որտեղ այսօր գտնվում են Վրաստանից գնացած քաղաքացիները։ Ըստ ոչ պաշտոնական վիճակագրության` հենց Թուրքիա փող աշխատելու է մեկնում Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի ադրբեջանցիների մեծ մասը։ Ստամբուլի Լալելյա արվարձանում կարելի է հանդիպել բազմաթիվ երիտասարդների, որոնք ծնունդով Գարդաբանի շրջանի Կեսալո եւ Նազարլո գյուղերից են։ Քսանմեկամյա Ազեր Ալիեւը Ստամբուլում ապրել է մեկ ամիս եւ այդ ընթացքում ականատես եղել գարդաբանցի երիտասարդների տարագիր կյանքի առօրյային։
Ազերի ասելով` Ստամբուլ մեկնած երիտասարդ ադրբեջանցիները վարձում են ընդհանուր սենյակ։ Լալելյայում գտնվող այդպիսի սենյակներում որպես կանոն ապրում է 7-8 մարդ։ Բնակարան վարձելը շատ թանկ է։ Ստամբուլում այդ երիտասարդները հիմնականում աշխատում են բեռնակիրներ կամ տեքստիլ ֆաբրիկաներում։ Չնայած ծանր ֆիզիկական աշխատանքին եւ տասներկուժամյա աշխատանքային օրվան, 14-30 տարեկան երիտասարդները հենց այդպիսի գործ են անում։ Դրան ավելացրեք նաեւ անտանելի շոգը. ամռանն ամբողջ օրվա ընթացքում ջերմաչափը 40 աստիճան է ցույց տալիս։ Ֆաբրիկաներում այս երիտասարդները ստիպված են հնազանդորեն տանել ամենատարբեր ձախորդությունները` սկսած նրանից, որ հարկ է լինում գիշերն անցկացնել ֆաբրիկայի շենքում, ստվարաթղթերի վրա, վերջացրած աղքատիկ եւ միշտ միօրինակ սնունդով։ Նրանք ուրիշ ելք չունեն. չէ՞ որ հազիվ են դուրս պրծել իրենց գյուղերից, որտեղ իշխում է գործազրկությունը։ Նրանք համաձայն են ցանկացած գործի, միայն թե մի քիչ փող աշխատեն եւ ուղարկեն կարիքի մեջ գտնվող իրենց ընտանիքներին։ Բարդ կենսապայմանները, անբավարար սնունդը եւ մշտական ծանրաբեռնվածությունը վատ ազդեցություն են թողնում երիտասարդների առողջության վրա։ Շատերն են այդ պատճառով հիվանդանում։ Քանի որ Ստամբուլում բժշկական ծառայությունը թանկ է, նրանք հաճախ զբաղվում են ինքնաբուժությամբ։ Վատթարագույն դեպքում նրանք տուն են վերադառնում խարխլված առողջությամբ։
Ըստ Վրաստանի Պետական վիճակագրական դեպարտամենտի տվյալների` Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին պատկանող քաղաքացիները համեմատաբար հազվադեպ են արտագաղթում եվրոպական երկրներ։ Պատճառն այն չէ, որ նրանք չեն ցանկանում գնալ Եվրոպա, հակառակը, բայց դա կապված է ավելի մեծ ծախսերի եւ դժվարությունների հետ։ Սակայն, մեծ հաշվով, արտագաղթածների կյանքը եվրոպական երկրներում նույնքան դժվար է, որքան ուրիշ տեղերում։
Ռոման ապրում է Ֆրանսիայի քաղաքներից մեկում։ Նա Վրաստանի քաղաքացի է, հայ։ Եվրոպա մեկնելու որոշումն ընդունեց մի քանի տարի առաջ, երբ վերջնականապես համոզվեց, որ հեղինակավոր գեղեցկության սրահներից մեկի վարսավիրի իր աշխատավարձը բավարար չէ «նորմալ ապրելու» համար։ Ֆրանսիայում Ռոման ապրում է անլեգալ ձեւով, բայց նրա աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան Վրաստանում։ Ճիշտ է, դրա համար նա ստիպված է կատարել նաեւ ուրիշ ֆիզիկական աշխատանք։ Բացի այդ, նա մշտական գործ չունի։ Նոր երկրում Ռոման նորովի է յուրացնում իր հին մասնագիտությունը։ Նա պատմում է, որ իր ավտոմեքենայի ետեւի ապակու վրա փակցրել է վարսավիրի ծառայության մասին իր հայտարարությունը` «Մազերի կտրում` 10 եվրո», իր հեռախոսահամարն ու անունը։ Մեքենան գնել է մի տարի առաջ։ Հաճախ կատակում է, թե Ժակ Շիրակի նման ինքն էլ է գերադասում «Peugeot» ավտոմեքենան։ Կատակում է, որ տարբերությունը միայն այն է, որ իր «Peugeot»-ի հետեւի, առջեւի մասերը, կողերն էլ լավ ծռմռված են։ Հակառակ ամեն ինչի, Ռոման համարում է, որ նրա համար կյանքը Ֆրանսիայում շատ ավելի լավ է, քան Վրաստանում։
«Մտածելով Վրաստանի մասին` ես ամենից շատ կարոտում եմ իմ ընտանիքին, իմ շրջանը եւ բակը։ Բայց առայժմ չեմ պատրաստվում վերադառնալ։ Ֆրանսիայում կարողանում եմ ապահովել ինքս ինձ, ինչպես նաեւ` փող ուղարկել տուն։ Թեեւ հաճախ մնում եմ առանց աշխատանքի, միեւնույն է, այնտեղ իմ մեկ օրվա եկամուտն ավելի բարձր է, քան Վրաստանում։ Սակայն այն ձեւը, որով ես ապրում եմ (եւ որով ապրում է գրեթե յուրաքանչյուր արտագաղթած), լրջորեն խարխլել է նյարդային համակարգս։ Շատ դժվար է հարմարվել օտար երկրի պայմաններին։ Քանի որ անօրինական եմ ապրում, ապա հաճախ ինձ զգում եմ ստորացված եւ անպաշտպան»,- պատմում է Ռոման` խնդրելով չնշել իր ազգանունը։
Գտնվելով հայրենիքում` Ռոզա Սարկիսովան հաստատ գիտի, որ 3-4 ամսից նորից կստանա իր դրամական փոխանցումը։ Նա նաեւ հասկանում է, որ այդ փողը որդին հեշտությամբ չի վաստակել։ Բայց տիկին Ռոզայի 38 լարի թոշակը (20 ԱՄՆ դոլարից քիչ ավելի - խմբ.) թույլ չի տալիս նրան հրաժարվել այդ գումարից։
Հոդվածը հատուկ «Հետքի» համար պատրաստվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում
Մակա Մաճավարիանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել