HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չունենամ ձեր պես աշակերտ

Ս/թ սեպտեմբերի 28-ի «Առավոտ»-ում տպագրված «Տնտեսական աճի պարադիգմը» եւ «Կառավարության ծրագրի մասին» նյութերում ես իշխանություններին մեղադրել էի սիստեմատիկ վիճակագրական չափազանցությունների ու հավելագրումների, տնտեսական կյանքի իրական պատկերը աղճատելու մեջ։

Մասնավորապես նշել էի, որ վիճակագրական հավելագրումները մակրոմակարդակում հանգեցրել են լուրջ դիսբալանսի. ՀՆԱ-ն հաշվարկած արտադրական և եկամուտների ձևավորման (ինչպես նաև` օգտագործման) եղանակներով տարբերություններ է տալիս։ Բերել էի համապատասխան հիմնավորումներ։

Նշված հարցադրումների պատասխանը իշխանությունները տվել են «Հայոց Աշխարհ» օրաթերթի հոկտեմբերի 18-ի, 19-ի և 20-ի ոմն Վրեժ Ահարոնյանի «Մի քանի դաս աճպարար Բագրատյանին» հրապարակումով։

Անմիջապես նշեմ, որ շատ ջանքեր չպահանջվեցին հասկանալու, որ այս Վրեժ Ահարոնյանը նույն ինքը` Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն է։ Մասնավորապես ամենավերջում, երբ խոսքը խաղողի այգիների տարածքները ճշտելու մասին է, նա ասում է, որ «Հրանտ Բագրատյանը, աշխատելով Երեւանի կոնյակի գործարանում, կասկածի տակ էր դրել խաղողի այգիների տարածությունների, բերքի և հատկապես մթերումների ծավալները, ինչի առնչությամբ խնդրել էր կազմակերպել համատեղ ուսումնասիրություն… ելնելով դրանից՝ ԱՎԾ գյուղատնտեսության բաժնի աշխատակից Ա. Սահակյանը…»։ 

Հասկանում եք, ես իրոք դիմել էի պրն Ս. Մնացականյանին։ Եվ ուրեմն, ոմն Վրեժ Ահարոնյանը, որն այդպես էլ չի ներկայացել, թե ով է, կամ նույն ինքը` Մնացականյանն է, կամ էլ հանդես է գալիս նրա թելադրանքով։ Այսինքն՝ էլի Մնացականյանն է։ Ի դեպ, անձամբ կարծում եմ, որ այդ Ահարոնյանը ոչ միայն Մնացականյանն է, այլև նույն ինքը` Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը։ Չէ՞ որ այդ այսպես կոչված «պատասխանը» իշխանությունների պատվերն է։ Միայն թե ամոթ է, բան եք գրում, տակը ստորագրեք, թե չէ չլսված բան է, երկրի ղեկավարը կամ ԱՎԾ պետը «գրական» կեղծանուններ են օգտագործում։ Ինչևէ, հետագայում սույն պատասխանի շրջանակներում «Ստեփան Մնացականյան» անուն-ազգանունն ինձ համար իշխանությունների վերը նշված եռյակի հավաքական կերպարն է։

Հիմա ըստ էության։ Իմ տված հարցազրույցում նշված էր տնտեսական աճը կասկածելի դարձնող 3 պարադիգմ (առեղծված). 2006 թ. ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 134%-ը։ Նկատի ունենալով բնակչության անկումը 3.8 մլն-ից մինչև 3.0 մլն-ի` ստացվում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը 2006-ին կազմել է 1990-ի 170%-ը։ Այդ դեպքում, ինչու՞ են բնակչության իրական եկամուտները կազմել 16, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 69, և ծառայությունների ոլորտը՝ 60 տոկոս։ Սա, կրկնում եմ, ամենահիմնական հարցադրումն է։ Որովհետև եթե ՀՆԱ-ն աճել է 1,34, մեկ շնչին ընկնողը` 1,7 անգամ, ապա իրական եկամուտների աճն էլ մոտավորապես պետք է լիներ 170 և ոչ թե 16 տոկոս (10.6 անգամ պակաս)։ Նույնը վերաբերում է ծառայություններին և մանրածախ ապրանքաշրջանառությանը։

Եվ ահա, Մնացականյանը պատասխանում է։ Իր «դաս առաջինում» նա նշում է, որ ես չպետք է վերցնեի և բազմապատկեի իր իսկ կողմից ստորագրված բնակչության իրական եկամուտների ինդեքսները։ Բանն այն է, որ չի կարելի «անտեսել այն վերապահումները, որ մինչև 1993 թ. կիրառվել է մանրածախ առևտրի գների ինդեքսը, իսկ 1993 թ. սկսվել է ԱՄՀ մեթոդաբանության ներդրումը, որն ամբողջացվել է սկսած 1998 թվականից, հետագա տարիներին ենթարկվելով ապրանքների ու ծառայությունների  «զամբյուղի»  կազմի ու կառուցվածքի պարբերական փոփոխության եւ արդիականացման… 2006 թ. բնակչության իրական դրամական եկամուտները 1990 թ. գներով կազմել են …1990 թ. մակարդակի 40 տոկոսը»։ Այսինքն` բնակչության իրական եկամուտների թիվը, դրանց հիման վրա կազմած ինդեքսը համադրելի չէ (սա վիճակագրության հիմնարար սկզբունքն է), քանի որ  «Մնացականյանն» այդ մեթոդիկաները մի քանի անգամ փոխել է։ Առաջ անցնելով նշեմ, որ չի ստում։ Ինքն անընդհատ այդ մեթոդիկաները փոխում է։ Օրինակ` մեթոդիկաների փոփոխության հաշվին այս պարոնը կարողացավ աղքատության տոկոսը 50-ից իջեցնել 23-ի։ Նա թքած ունի, որ թվերը պետք է համադրելի լինեն։ Եթե մեթոդիկա ես փոխում, ապա պարտավոր ես ետ դառնալ և սկզբնական թիվը նույպես վերահաշվարկել։ Սակայն սա էլ չէ կարևորը։ Պարզվում է, որ այդ փոփոխության արդյունքում 2006 թ. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1990-ի … 40 տոկոսը. 4.25 անգամ պակաս դրա աճից։ Այսինքն` երբ ես ասում եմ, որ ցուցանիշը 10.6 անգամ պակաս է, մարդն ինձ ասում է. «Այ աճպարար, ոչ թե 10.6 անգամ է պակաս, այլ 4.25»։ Լավ, թող որ ձեր վոլյունտարիզմի պատճառով 10.6-ը դառնա 4.25 (ինչին ես համաձայն չեմ)։ 

Բայց չէ՞ որ սրանով արդեն դուք ձեր բերանով խոստովանում եք մակրոտնտեսական ահավոր դիսբալանսի մասին։ Էլ ինչու՞ եք ինձ անպատվում. չէ՞ որ իմ նշած պարադիգմը դուք հաստատում եք։  

«Մնացականյանը» կարծես թե կանխազգում է, որ ՀՀ նախագահին անհարմար վիճակի մեջ է դնում (վերջինիս համար այս 40 տոկոսն էլ շոկի պես մի բան է). առաջին սերիայի վերջում նշում է. «…ավելորդ չէ նշել մեկ այլ վերապահման մասին ևս, առ այն, որ բնակչության իրական դրամական եկամուտներում, ըստ ԱՊՀ Վիճակագրական պետական կոմիտեի մեթոդաբանության, ի տարբերություն ՀՆԱ-ի, չեն կիրառվում մակրոտնտեսական համադրումներ եւ լրահաշվարկներ»։ Բա, ասել կուզի, եթե տնտեսական աճ կա, ապա դա չի՞ նշանակում, որ մարդիկ ավելի լավ պետք է ապրեն։  Տվյալ դեպքում մեկ մարդու հաշվով 2006 թ. արտադրվել է 1.7 անգամ շատ ապրանք ու ծառայություն, քան 1990-ին, բայց այդ մարդը սպառել է 1990-ի միայն 40 տոկոսը, մնացածը թափել է։ 

Ծառայությունների եւ մանրածախ ապրանքաշրջանառության մասով «Մնացականյանը» լռում է։ Երեւի համաձայն է, ասելիք չունի։ Դե ուրեմն, մենք իրավացի ենք։ Մեր հարցազրույցի հիմնական մասը` մակրոտնտեսական դիսբալանսի, պարադիգմերի առկայության մասով, հաստատված է։

Ես կարող էի այստեղ վերջացնել, չշարունակել։ Բայց եկեք մինչեւ վերջ առաջ գնանք եւ տեսնենք, թե ինչպե՞ս է մյուս հարցերի շուրջ բանավիճում այս պարոնը։ 

Անցնենք «երկրորդ դասին»  (Հայոց աշխարհ, 19-ը հոկտեմբերի)։ Իմ հարցազրույցում ես նշել էի, որ հանրապետության նախագահի կողմից աջ ու ձախ գովերգած աճն իրականությանը չի համապատասխանում։  Օրինակ` եթե 2005-ի 1323 մլն դոլարի արտահանման թիվը ճշտում ենք` նկատի ունենալով արտահանված ապրանքների գների աճը 1996-ի նկատմամբ (296 մլն դոլար), ապա տակը մնում է տարեկան ընդամենը 3.3 տոկոսի հավելաճ։ «Մնացականյանն» առարկում է։ «Նախ,- նշում է նա,- 296 մլն չէ, այլ 368 (296-ի մեջ ծառայությունները հաշվի առնված չեն)»։ Անհավատալի է։ Առաջին անգամ այս իշխանություններն ասում են, որ` Բագրատյան, ձեր ժամանակ աճն ավելի շատ է եղել։ Քիչ ավելի ուշ նա ասում է նաեւ, որ 1994-1996 թթ. (իմ վարչապետության տարիներն են) տնտեսական աճն եղել է ոչ թե 116, այլ 119.3%, արտահանման  միջին տարեկան աճը՝ 28, եւ ոչ թե 26 տոկոս։ Անշուշտ, ես ինձ լավ եմ զգում նման «ուղղումներից»։ Սակայն, այստեղ է գլխավոր ինտրիգը` 2005 եւ 1996 թ. արտահանման գների ինդեքսը հաշվառելը։ Պարոնն ասում է, որ այդ գների լիարժեք (եւ՛ ապրանքի, եւ՛  ծառայությունների մասով) փոփոխությունը սկսել ենք հաշվի առնել 1998 թ. հետո։ 1998-ին հաշվի են առել միայն ապրանքների մասով։ Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն գտնում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում արտահանման գներն աճել են 1.24, եւ ոչ թե 2.21 անգամ։ Հիանալի է։ Ինձ էլ քննադատում է, որ ես իբր ապրանքների դոլարային գները բաժանել եմ դրամական դեֆլյատորի վրա։ Նաեւ նախատում է, որ 2005 թ. արտահանման ծավալները կազմել են 1336.6, այլ ոչ թե 1323 մլն դոլար։ Այսինքն` ես 0.9% սխալ ունեմ։ Բա, ինչպիսի՜ ճշգրտություն։ Առաջ անցնելով ասեմ, որ բոլոր այս թվերի հեղինակն ինքն է. թվերը վերցված են վիճակագրական աղբյուրներից, եւ իմ մեղքը չէ, որ դրանք երբեմն նաեւ ժամանակի ընթացքում ուղղումների են ենթարկվում։ Իսկ հիմա առաջարկում եմ նրան նայել <http://www.worldbank.org/data/wdi> կայքը եւ համեմատել Հայաստանի նման արտահանման կառուցվածք ունեցող պետությունների հետ (նշված 134 երկրների մեջ)։ Դժվար չէ նկատել, որ ապրանքների ու ծառայությունների միջին ինդեքսը 1996-2005 թթ. 2 անգամից պակաս չէ։  Այո, իմ կողմից հաշվարկվող թիվն էլ իդեալական չէ, ստիպված եմ էքստրապոլյացիա անել, բայց դուք էլ թիվ չունեք։ Իսկ ձեր 1,24 էմպիրիկ թիվը (այնքանով, որքանով դուք դրանք ունեք) ճիշտ չէ։ Նույնիսկ Արեւմտյան ափի-Գազայի սեկտորում այդ թիվը կազմել է 1,67։ Այնպես որ, անտեղի վեճ սարքելու փոխարեն գնայիք նստեիք մաքսային ծառայությունում, նայեիք արխիվները եւ վեր հանեիք գները` ըստ ապրանքային խմբերի։ Կարող եմ միայն նշել. 1994-1996 թթ. արտահանումն աճել է տարեկան 28 տոկոսով, 1997-2005թթ.՝ 15։ 1994-1996 թթ. ՀՆԱ 1% հավելաճին բաժին է ընկել արտահանման 5.7% հավելաճ, 1997-2005-ին՝ 2.2%։ Սա` երբ մենք խորը վերլուծություն չենք ուզում անել։

Եկեք, սակայն, խորացնենք։ Հաշվենք ձեր թվով։ Ես ասում եմ, որ արտահանման աճը (մինչեւ դոլարի գնահատականը) կազմել է 1323։2,21։292=2.02 անգամ։ Դուք ասում եք` ոչ, հաշվեք 1336,6։1,24։368.2=2,92 անգամ։  Այնուհետեւ այս 2,02-ը (կամ 2,92-ը) ես բաժանում եմ 1,47-ի, որը դոլարի արժեզրկումն է իր մայր երկրում։ (2005 թ. դոլարը ես դարձնում եմ 1996-ի դոլար (այս մասը դուք ընդհանրապես չեք հասկացել), որպեսզի չափեմ արտահանումից ստացված հասույթի գնողունակությունը)։ Ստացվում է, որ իմ մոտեցմամբ 9 տարում արտահանման իրական ծավալներն աճել են ընդամենը 1.37 անգամ (ձեր թվերով` 1.98)։ Իմ կարծիքով` իրական արտահանման հավելաճը եղել է տարեկան 3.5 %, ձեր կարծիքով՝ 7.2։ Սա՞ է տարբերությունը։

Անցնենք  «երրորդ դասին»։ Իմ հարցազրույցում ես ճշգրտորեն մեջ էի բերել ԱՎԾ կողմից թողարկվող հաշվետվություններում նշված արտադրանքների բնեղեն ծավալների թվերի համեմատությունը 2005 եւ 1996 թվականներին։ Վերջապես տեսնենք մետրերով, կիլոներով կամ կիլովատներով` ինչի՞ց ինչքա՞ն ենք արտադրել։ Նշում եք, որ ընդհանրապես հաշվառում եք 350 արտադրատեսակ, բայց տեղեկատվություն եք հրապարակում 120-ի վերաբերյալ։ Հիմա այդ 120-ի մեծ մասի առումով 1996-ին (ավելին, նույնիսկ 1993-ին՝ այսպես կոչված մթի ու ցրտի տարիներին) թվերն ավելի բարձր են, քան 2005-ին։ Ե՞ս եմ մեղավոր։ Դուք մի երկարաշունչ լոլո եք կարդում` ասելով, որ բնեղեն արտահայտությամբ համեմատությունն ընհանրապես կոռեկտ չէ։ Բա ինչու՞ է երկրիդ նախագահը կանգնում եւ ասում. «Հապա համեմատեք այսօրվա շինարարությունը նրա հետ, ինչ կար 10 տարի առաջ»։ Բա նրան ինչու՞ դիտողություն չեք անում։ Ինչու՞ չեք ասում` կոռեկտ չէ։ Ես էլ համեմատում եմ։ Ստացվում է, որ 1993-ին կառուցել ենք 358 հազ. քառ. մետր, 2006-ին՝ 365։ Նույն թիվն է։ Միայն թե 1993-ին հիմնականում կառուցվել է Գյումրվա, Վանաձորի եւ Սպիտակի հասարակ ժողովրդի ու փախստականների համար (Ղարաբաղում կառուցված զորանոցներն էլ ձեզ փեշքեշ), իսկ ներկայիս նախագահը կառուցում է հիմնականում Երեւանի կենտրոնում եւ վաճառում հարուստներին։

Հիմա «չորրորդ դասի» մասին («Հայոց աշխարհ», 20-ը հոկտեմբերի)։ Սա մի ընդարձակ դասախոսություն է մասնավոր տրանսֆերտների եւ ներդրումների մասին։ «Մնացականյանը» չի հասկացել, թե ի՞նչ է գրված եղել իմ հոդվածում։ Այնտեղ պարզապես ասված է. «Ուռճացնելով տրանսֆերտները (բոլոր կարգի ու նախեւառաջ ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումները ներհոսքի տեսքով), անտեսելով նույն տրանսֆերտները արտահոսքի տեսքով` ԱՎԾ-ն դրանով իսկ բալանսավորում է ՀՆԱ-ի սուտ, չափազանցված աճը։ Դուք ՀՆԱ-ն չեք հավելագրում, դուք մեծացնում եք վճարային հաշվեկշիռը, որպեսզի այդ ՀՆԱ-ն սպառում գտնի։

Ներդրումների մասով նույնպես չեք հասկացել` ի՞նչ եմ գրել։ Մտաբերեք, օրինակ, «Գույք` պարտքի դիմաց» գործարքը ներդրու՞մ է, թե՞՝ ոչ։

Ի վերջո, վերլուծում եք բյուջեի աճի վերաբերյալ թվերը։ Այստեղ իմ ասելիքը հետեւյալն է. բյուջեի այդքան շահարկված աճ չկա։ Ինքներդ եք ասում, որ 1996-2005 թթ. բյուջեն աճել է 2.45 անգամ։ Ես ասում եմ 1.8 (դուք պարզապես հաշվարկի բազան եք փոխում՝ հայտարարելով, որ 1996-ի եկամուտները 20%-ով ավելի պակաս են)։ Այսօր դուք եք պետությունը եւ ինչ ուզում եք, հայտարարում եք։ Բայց նորից, արդեն որերորդ անգամ, վերցնենք ձեր թիվը։ Այդ տարիներին պետական բյուջեն աճել է 2.45 անգամ։ Բայց սա հեռու է, չէ՞, 8 անգամից։ Ինչ վերաբերում է 1994-1996 թթ. բյուջեի աճի մասին ձեր դատողություններին, ապա դա ոչ մի նշանակություն չունի. ես ասում եմ` ձեր բյուջեն շատ դանդաղ է աճել ձեր կողմից թմբկահարված աճի ֆոնի վրա, դուք ասում եք` Ձեր ժամանակ էլ մի բան չէր։ Սա՞ է պատասխանը։

Այնուհետեւ, «դաս 6-րդը» բացարձակ անհեթեթություն է։ Ընդամենն ասել եմ, որ ՀՀ արտահանումների ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական ապրանքները կազմում են 0.7%, եւ սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Վրաստանից, օրինակ, ետ ենք մնում 32 անգամ։ Դուք ինչ-որ դատողություններ եք անում ՀՆԱ-ի կառուցվածքային տարրերի մասին։ Այնուհետեւ ինձ մեղադրում եք նրանում, որ ես հայտարարում եմ, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 37%-ը եւ սխալմամբ պնդում, թե դա տարածաշրջանի վատագույն ցուցանիշներից է։ «Հարկ է նշել, որ տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանում եւ Թուրքիայում է հաշվարկվում ամբողջ տնտեսության մակարդակով համախառն արտաքին պարտքի ցուցանիշը»։ Այս ի՞նչ եք ասում։ Բացեք ՀԲ-ի    http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/DATASTATISTICS/0,,contentMDK:
20535285~menuPK:1390200~pagePK:64133150~piPK:64133175~theSitePK:239419,00.html
 կայքը եւ կտեսնեք, որ Վրաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 29.5, Ադրբեջանի համար՝ 17,2, եւ Իրանի համար՝ 11.4%։ Մնացականյա'ն, արդեն առանց չակերտների, ոնց որ թե շուտով առանց աշխատանքի եք մնալու։ 

Պիտի նշեմ, որ, ըստ իս, ասելիք չունեք իմ հարցազրույցում արտացոլված դիտողությունների շուրջ 50 տոկոսի նկատմամբ. բարձր տեխնոլոգիաների զարգացման, հեռահաղորդակցության, տնտեսության կառուցվածքի, տնտեսության կենտրոնացվածության, բարիքների բաշխման համար բանաձեւերի, շուկայի կապիտալիզացիայի, բանկային համակարգի, սեփականաշնորհման քաղաքականության մասին լռում եք։ Մինչդեռ ես թվերով ցույց եմ տվել, որ դրանք վատագույնն են տարածաշրջանում։

Հիմա «յոթերորդ դասի» մասին: Պրն «Մնացականյա'ն», գյուղատնտեսության վիճակագրության մասին Ձեր հեքիաթները թողեք Ձեզ։ Մարզպետարանները գյուղերից հավաքած տվյալները փոխանցում են Գյուղնախարարություն, վերջինիս վարչություններն ամփոփում են եւ տալիս են ԱՎԾ։ Ընտրանքային ստուգումների, դրանց թվերի մեջ արտացոլելու ոչ մի լուրջ համակարգ գոյություն չունի։ Գյուղատնտեսության վիճակագրությունը մեզանում քաղաքականություն է, եւ թվերի մեծությունը որոշվում է Ռ. Քոչարյանի կաբինետում։

Իսկ հիմա Ձեր վերջին ստի` «ութերորդ դասի» մասին։ Այո, ես Ձեզ դիմել էի խաղողի այգիների վիճակագրության համատեղ ստուգումների պահանջով (ոչ թե խնդրանքով), քանի որ լուրջ կասկածներ կային (ըստ նորագույն մեթոդների, ինչը մինչեւ հիմա դուք չունեք), որ խաղողի արտադրության թվերն ուռճացվում են 2 անգամ (1.4 անգամ տարածքները եւ 1.4 անգամ միջին բերքատվությունը)։ Ձեր աշխատակիցն, իրոք, եկավ, բայց մի ստուգումից հետո, տեսնելով որ վերջը «լավ» չի, փախավ։ Խաղողի սորտերի հարց չի եղել, եղել է հարց այգետարածք - համախառն բերք, ինչը միանգամայն ԱՎԾ խնդիրների շրջանակում է։ Հետագայում (տե’ս ստորեւ) ես համառեցի եւ նման մի ստուգում էլ կազմակերպեցինք գյուղնախարարության հետ Արմավիրի մարզի 7 գյուղերում։

Գյուղեր

Ստուգման արդյունքում

ԳՆ տվյալներով

 

Տարածք, հա

Բերք, տոննա

Տարածք, հա

Բերք, տոննա

Նալբանդյան

100

300

200

2000

Արեւիկ

86

1500

124

1240

Փշատավան

100

1000

187

1870

Լենուղի

70

350

86

860

Հացիկ

79

250

106

1060

Մյասնիկյան

50

120

122

1220

Լուկաշին

30

70

70

700

Ընդամենը

515

3590

895

8950


Վերջում կուզենայի նշել մի բանի մասին եւս, ինչը  շրջանցում եք։ 2000 թ. նամակով դիմեցի Ձեզ առ այն, որ 1999 թվականի վիճակագրական ժողովածուում սխալ կա. արտադրված կոնյակը ներկայացված է 100% բացարձակ սպիրտով։ Մինչդեռ, եթե կոնյակ է, ուրեմն 40 տոկոս է (տես՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1999 թ. հունվար-դեկտեմբերին, Երեւան 2000, էջ 58-59)։ Այսպիսով, միայն կոնյակի արտադրության մասով թվերն ուռճացվել են 2.5 անգամ։ Շնորհակալություն չհայտնեցիք, բայց 2001 թ. սխալը շտկեցիք։ Սակայն մինչեւ օրս սպասում եմ, թե երբ եք դրան համապատասխան մակրոտնտեսական թվերն ուղղելու։ Կոպիտ հաշվարկով` 1999-ի ՀՆԱ-ն պետք պակասեցվեր 1 տոկոսով։ 
«Մնացականյա’ն», երեւի հիմա հասկացաք` ով ում պետք է դաս տա։ Բայց ես հրաժարվում եմ ձեր պես աշակերտներից։ Իսկ «աճպարար» բառի համար… 

21/10/2007

Հրանտ Բագրատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter