Հայ-ադրբեջանական «դեսանտը» վրացական չեզոք գոտում
Երբ վարորդը միկրոավտոբուսը կանգնեցրեց Ալ. Ճավճավաձեի 11 հասցեի «Բոմոնդ» հյուրատան առաջ, յոթս էլ մի թեթեւ զարմացանք, գուցեեւ փոքր հիասթափություն ապրեցինք: «Բոմոնդ» բառը (ասել է թե` արիստոկրատական վերնախավ), մեղմ ասած, չէր համապատասխանում հյուրատան արտաքին տեսքին:
Բեղավոր վրացին, որ բացեց դուռը, ժպտաց, մի կողմ քաշվեց եւ կովկասցուն հատուկ հյուրընկալությամբ ու վրացական շեշտադրությամբ ասաց. «Դաբրո պաժալովատ»:
Ներս մտնելուն պես մեր ուշադրությանն արժանացավ նաեւ հյուրատան ներքին տեսքն ու հարդարանքը, սակայն այս անգամ բոլորիս զարմացրեց տան համեստ, աչք շոյող կահավորանքը: Պարուրաձեւ նեղլիկ աստիճաններով բարձրացանք վեր, որտեղ նույն վրացին մեզ բաժանեց ըստ սենյակների...
Երեկոյան «Բոմոնդում» ընթրելիս զրուցում էինք հաջորդ օրը նախատեսված լրագրողական սեմինարի մասին, երբ ներս մտան մեր ադրբեջանցի գործընկերներից երեքը` Գյանջայից գնացքով նոր ժամանած Ֆարիդ Մեհդիեւն ու Օկտայ Ալիեւը եւ նրանց դիմավորած Շահին Ռզաեւը, որն ադրբեջանական խմբի ղեկավարն էր: Մյուս երեքը` բաքվեցիներ Մուրսալ Ալիեւը, Նիգյար Մուսաեւան ու Լալա Միրզաեւան արդեն իսկ հյուրատանն էին. նրանք ժամանել էին ինքնաթիռով: Կարճ ասած` հայ-ադրբեջանական «դեսանտն» (այլ կերպ չես ասի) արդեն վրացական չեզոք գոտում էր:
Մեր ծանոթությունը կայացավ առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ: Դա կարծես սովորական հանդիպում էր աշխատանքային երկու անծանոթ խմբերի միջեւ, որոնք առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում պետք է գործեին համատեղ: Միայն որոշակիորեն զգում էինք, որ մենք ու նրանք եկել էինք ինչ-որ վարարած ու դեռեւս անանցանելի գետի հակադիր ափերից:
Հանդիպումը շարունակվեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կովկասյան գրասենյակում` Ռուսթավելու հրապարակին կից Ախվլեդիանու փողոցում: Սեմինարավար, ամերիկացի Ջոն Հյուզի հետ (Armenianow.am կայքի խմբագիրը, որը ժամանել էր մեզ հետ) հիմնականում խոսում էինք ռուսերեն, որն էլ թարգմանվում էր անգլերեն: Ադրբեջանցիների հետ, բնականաբար, նույնպես զրուցում էինք ռուսերեն: Իսկ հայերս իրար հետ շփվում էինք եւ՛ հայերեն, եւ՛ ռուսերեն. չէինք ցանկանում կասկած առաջացնել մեր հարեւանների մոտ, թե իրենց մասին ենք ինչ-որ բան խոսում: Նույնն անում էին նրանք:
Մեզ առաջարկվեց զույգերով երկխոսություն անցկացնել. ինձ «բաժին ընկավ» Ֆարիդ Մեհդիեւը: 23-ամյա այս երիտասարդը, որ բարձրահասակ էր, թիկնեղ, փոքր-ինչ թուխ մաշկով եւ մի քիչ շեղ աչքերով ու նաեւ հաստապակյա ակնոց էր կրում, ի տարբերություն իր հայրենակիցների, բավական քչախոս էր ու լուրջ: Այդպիսին էր նաեւ մյուս գյանջացին` 24-ամյա Օկտայը, որը, սակայն, ավելի հեշտ զրուցընկեր էր: Գյանջացիները մեծապես տարբերվում էին բաքվեցի երիտասարդներից, որոնք ոչ միայն ռուսախոս էին կրթությամբ, այլ ավելի ազատ էին ու մարդամոտ: Այնուամենայնիվ, իմ զրուցակիցը Ֆարիդն էր:
Գյանջա քաղաքի պաշտոնական վեբ-կայքում եւ «Քյափազ TV»-ում աշխատող երիտասարդ ադրբեջանցին կրթությամբ տնտեսագետ էր, բայց արդեն չորս տարի աշխատում էր որպես լրագրող: Ֆարիդը «Գյանջաբազար» թերթում աշխատող Օկտայի պես պաշտպանում էր Ադրբեջանի ներկայիս իշխանություններին եւ նախագահ Իլհամ Ալիեւին: Իսկ բաքվեցիները չէին խուսափում քննադատել որեւէ մարդու կամ բացասական երեւույթ, որ առկա է այսօրվա Ադրբեջանում: Ամեն դեպքում, նրանք բոլորն էլ հակադրվեցին մեր այն կարծիքին, թե ադրբեջանական տնտեսությունը զարգանում է նավթային պաշարների շնորհիվ: Օրինակ` ըստ Նիգյարի եւ Լալայի` այսօր երկրում նոր շենքեր ու կամուրջներ են կառուցվում: Բայց մենք այն համոզմանն էինք, որ դրանք կառուցվում են նավթից ստացվող փողերով: Պարզվեց, որ մեր հարեւաններն էլ Հայաստանի մասին մտածում են այնպես, ինչպես կմտածեին աղքատ ու հետամնաց մի երկրի մասին: Ադրբեջանական խմբի ղեկավար Շահին Ռզաեւի պատմելով` ինքը շարունակ ասում էր երիտասարդներին, թե դա միանգամայն սխալ կարծիք է. Երեւանում նորանոր շենքեր են կառուցվում, մեքենաները գնալով շատանում են եւ այլն, եւ այլն:
Հայ-ադրբեջանական այսպիսի դոգմատիկ, իրարամերժ կարծիքները միանգամայն բնական էին ու հասկանալի: Սակայն հակադրությունների կողքին ի հայտ էին գալիս հետաքրքիր նմանություններ (մի մասը` երկրորդական նշանակության). եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում լրագրողների կյանքը հեշտ չէ, եւ՛ Երեւանում, եւ՛ Բաքվում կան մուրացկաններ, բայց ոչ այնքան, որքան Թբիլիսիում, երկու մայրաքաղաքներում էլ մետրոյում ճահճահոտ չկա, ինչպես որ Թբիլիսիում...
Հացի սեղանի շուրջ ամեն ինչ փոխվում էր: Կարծես թե հացը ետին պլան էր մղում քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարցերը եւ առաջ քաշում մշակույթը: Սկսվում էր աշխույժ քննարկումն այն մասին, թե, օրինակ, «ցավդ տանեմ», «ես սիրում եմ քեզ», «շնորհակալություն», «չարժի» արտահայտություններն ինչ համարժեքներ ունեն մեր լեզուներում...
Չինական «Պիկասո» ռեստորանում եւ վրացական «Տուկան» պանդոկում անցկացրած մեր համատեղ ճաշն ու ընթրիքը շարունակվեցին զբոսանքով:
Երեկոյան Թբիլիսիով շրջելն առանձնապես չի տարբերվում երեւանյան զբոսանքներից, եթե հաշվի չառնենք մի քանի տարբերություն: Ռուսթավելու կենտրոնական պողոտան, որ սկսվում է հայտնի պոետի հուշարձանի ոտքերի տակից եւ ավարտվում վիշապին սպանող Սբ. Գեորգիի սյուն-արձանի մոտ, հիշեցնում է Մաշտոցի պողոտան: Սակայն ի հակադրություն վերջինիս` Ռուսթավելու դեղնալույս մայթերով ձգվում են ոչ թե սրճարաններ եւ 20-րդ դարի խորհրդային բնակելի շենքեր, այլ առավելապես ցարական ժամանակների թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, հյուրատներ, այգիներ: Իհարկե, կան նաեւ հեղափոխությունից հետո կառուցված շենքեր, սակայն դրանք չեն նվազեցնում «տաք աղբյուրների» քաղաքի («թբիլի» բառն ունի այս իմաստը) հմայքը: Բայց ճարտարապետական հմայքի մասին այլեւս մոռանում ես, երբ փորձում ես հատել Ռուսթավելու պողոտան:
Արագընթաց մեքենաները (որոնց մեջ ռուսական մակնիշի մեքենա չես գտնի, ինչպես որ ռուսերեն գրություներ չես տեսնի փողոցներում) սլանում են ասֆալտապատ պողոտայով` քեզ ստիպելով փողոցը հատելուց առաջ մի լավ մտածել. նախընտրել դա՞, թե՞ գետնանցումը: Եթե ընտրում ես առաջինը, ապա պետք է շատ զգույշ լինես, քանի որ փողոցում լուսաֆորներ չկան, եւ պատահարի դեպքում մեղավորը դու ես լինելու: Իսկ եթե ընտրում ես գետնանցումը, պիտի բարի լինես շնչել այնտեղի գարշահոտը, ինչպես երեւանյան նմանատիպ շատ տեղերում:
Այդպիսի գետնանցումներից մեկն անցորդին դուրս է բերում Ռուսթավելու հրապարակին կից Կինոյի տան մոտ, որի կամարների տակ թբիլիսյան վերնիսաժն է: Այն չափերով եւ ապրանքի քանակով չես համեմատի երեւանյանի հետ, բայց Թբիլիսիում համեմատաբար էժան հուշանվերներ կարող ես գնել. ասենք` ցուլի եղջյուր կամ դաշույն: Փոխարենը քիչ այն կողմում գտնվող հայտնի «McDonald’s»-ում ավելի քան 1000 դրամ ես ծախսում մի տուփ տապակած կարտոֆիլ եւ մի շիշ «Կոկա-Կոլա» գնելու համար...
Մետրոյով հասանք հայկական Հավլաբար թաղամաս: Ճանապարհին խոսք բացվեց քաղաքականության եւ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Հայերս առաջարկեցինք «Բոմոնդում» զրուցել այդ եւ այլ թեմաներով: Մուրսալն ասաց, որ կմտածի, իսկ Ֆարիդն ավելի կոշտ էր. «Ի՞նչ խոսենք, ամեն ինչ պարզ է. մենք պետք է վերադարձնենք մեր հողերը եւ վերջ»...
Այս թեման ընդհանրապես շատ քիչ շոշափվեց չորս օրերի ընթացքում. նախապես երկու կողմերն էլ զգուշացվել էին, որ պետք է հնարավորինս շրջանցեն այն: Ամեն դեպքում մեկնումի նախորդ գիշերը զրույցը կայացավ, ինչի արդյունքում երկու կողմերն էլ... մնացին իրենց ծայրահեղ հակադիր կարծիքներին:
Իսկ առավոտյան, ինչպես եւ արդեն կարելի էր ակնկալել, եղան գրկախառնումներ: Բայց դա էլ վերջը չէր. Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կովկասյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Ախվլեդիանին գալիք տարվա սկզբին հայ-ադրբեջանական նույն «դեսանտին» հրավիրեց Վրաստան` մասնակցելու արդեն եռակողմ (կլինեն նաեւ տանտերերը) հանդիպմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել