ԿԲ-ն իր պարտականությունները չի կատարում
Նախկին վարչապետն արձագանքում է Վաչե Գաբրիելյանի հարցազրույցին
Նախ` պիտի հասկանանք առաջին հարցը. տրանսֆերտը կապ ունի՞ կուրսի հետ, թե՞ ոչ: Որովհետեւ առաջին անգամ են նրանք այսպիսի թվեր հրապարակում (նկատի ունի Վաչե Գաբրիելյանի հետ հարցազրույցի աղյուսակը) եւ ասում, որ զուտ ներհոսքն այս տարի հունվար-օգոստոսին կազմել է 425 մլն դոլար եւ սպասվում է, որ տարվա ընթացքում այն կլինի 700 մլն դոլար:
Անցած տարի եղել է 453 մլն դոլար: Վաչեն հարցազրույցը սկսում է մի անհեթեթ պնդումով, թե արտահանումն աճել է: Դա ճիշտ կլինի, եթե դրանից կրկնակի ավելի չաճեր ներմուծումը: Իրականում ներմուծումն աճել է ավելի, քան արտահանումը, գումարած դրամի զուտ ներհոսքը: Այս փողը, որ գալիս է, նույն ձեւով պիտի օտարվեր այն ապրանքների, ծառայությունների գնման համար, որոնք ներմուծվում են: Ստացվում է, որ ԿԲ-ի տեսությունը սնանկ է: Եթե մենք փորձում ենք տրանսֆերտով բացատրել, ընդհակառակը` դոլարի կուրսն այս պայմաններում պիտի բարձրանար:
Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան
|
տարիները |
ՀՆԱ, մլն $ |
արտահանման/ |
ՀՆԱ-ի նկատմամբ |
Զուտ ներհոսք, |
ՀՆԱ-ի նկատմամբ |
դրամի կուրսը |
|
1996 |
1599 |
-520 |
32.5 |
- |
- |
413 |
|
1999 |
1846 |
-536 |
29.0 |
- |
- |
535 |
|
2002 |
2376 |
-410 |
17.3 |
-175 |
7.5 |
573 |
|
2005 |
4903 |
-647 |
13.2 |
-352 |
7.2 |
458 |
|
2006 |
6387 |
-921 |
14.4 |
-453 |
7.1 |
416 |
Ավելին, տեսեք` զուտ արտահանման տարբերության հարաբերությունը ՀՆԱ-ին մինչեւ 2002 թ. ամենամեծն է եղել` 7.5%: Բայց այն ժամանակ` 2002 թ., եւ մինչեւ 2003-ի վերջը դրամը շարունակել է արժեզրկվել: Չնայած այդ տարբերությանը` զուտ ներհոսքն (տրանսֆերտը) առկա էր, սակայն դրամն արժեզրկվում էր, եւ այդ զուտ ներհոսքը հազիվ ծածկում էր արտաքին առեւտրի դեֆիցիտի մասը: 2004-2006 թթ. մաքուր տրանսֆերտները, համեմատած ՀՆԱ-ի հետ, նվազում են:
Այս գործոնի հարաբերական կշիռն ընդհանուրի մեջ իջնում է (7.5%-ից` 7.1%): Սակայն դրամը, հակառակը, սկսում է արժեւորվել։ Հարց է ծագում. ինչու՞ է այսպես կատաստրոֆիկ ձեւով արժեւորվում դրամն այն ժամանակ, երբ խնդիրը թեթեւանում է:
Այսպիսով, խնդիրը բացատրել արտահանման աճով կամ տրանսֆերտների տոկոսի շեշտակի աճով` սխալ է, որովհետեւ ներմուծումն էլ ավելի շեշտակի է աճել, որը ծածկել է եւ՛ արտահանման այդ լրացուցիչ եկամուտը, եւ՛ տրանսֆերտների աճը:
Երկրորդ խնդիրն այս մարդկանց թվերի խաղն է. մեկը մի թիվ է ասում, մյուսը` մեկ այլ թիվ (երկու օր առաջ, ըստ «Ազգ»-ի, ԿԲ նախագահն ուրիշ թիվ էր նշել): Երբ այդ թվերից օգտվում ես, միանգամից սկսում են ինչ-որ բացատրություններ տալ: Այս թվերի խաղի իմաստը ո՞րն է վերջապես: Այնքան ճարպիկ են, կատվի պես են, ոնց գցում ես, ոտքերի վրա են կանգնում:
Դուք Վաչեին հարցնում եք` Բագրատյանն այսպիսի բան է ասում, բայց հարցը մի քիչ ճիշտ չեք տալիս, ինքն էլ չի ուղղում: Հարցը հետեւյալն է. «Եթե անգամ տրանսֆերտներն աճում են, նշանակու՞մ է, որ ազգային արժույթը պիտի արժեւորվի»: Իմ կարծիքով` ոչ:
Հանրապետությունն ունի ներմուծողների երկու խոշոր խումբ` մեկը վերահսկվում է հանրապետության նախագահի, մյուսը` վարչապետի կողմից: Նախագահը վերահսկում է կենցաղային ապրանքները, ավտոմեքենաները, շուկայի տարբեր տեսակի բարիքների մի զգալի մասը, մյուսը` ամբողջ վառելիքը, ցորենը, շաքարը եւ այլն: Այստեղից արդեն պարզ է դառնում, որ դրամի արժեւորումը, ըստ էության, այս երկու կլանների հարստացման միջոց է: Ուրիշ որեւէ տնտեսագիտական բացատրություն չկա: Մի տարի առաջ «Պրեսինգ» ակումբում քննարկման ժամանակ հանդիպեցինք Վաչե Գաբրիելյանին, ԿԲ-ի նախագահի խորհրդական Աշոտ Օսիպյանին: Ես հարց տվեցի` մի րոպե մոռանում ենք ներմուծումները եւ բոլոր այս թվերը, եթե դրսից փող է գալիս, ապա ինչու՞ ա) ներմուծված ապրանքների գները չեն իջնում, եւ բ) այդ փողերը, որ դրսից գալիս են, ինչու՞ չեն ծառայում հանրապետության հետագա զարգացմանը: Ինչու՞ չի աշխատում ֆոնդային բորսան, ինչու՞ չկա արժեթղթերի շուկա, որն, ի դեպ, ԿԲ-ի ֆունկցիան է, եւ ինչու՞ այդ միջոցով արժեթղթերի շուկան չի ստերիլիզացնում այդ փողերը:
Այսինքն` եթե շատ փող է գալիս, քիչ սպառելու բան կա, մարդիկ հիմար չեն, ավելի բարձր տոկոսով փողը ներդնում են հանրապետության տնտեսության զարգացման մեջ: Մինչդեռ ԿԲ-ն այն ժամանակ էլ, հիմա էլ շարունակում է արժեթղթեր վաճառել դրամով` խորացնելով խնդիրը: Այս մասնագիտական հարցն է, որին ԿԲ-ն պիտի պատասխաներ: Վաչե Գաբրիելյանն իմ այս հարցին պիտի պատասխաներ, ասեր` ինչու՞ չի աշխատում բորսան: Ասենք փող է եկել, հայտարարեք, որ շուտով նոր ատոմակայանի շինարարություն է, հայտարարեք, որ Երեւան-Թեհրան երկաթգծի շինարարությունն ենք սկսում եւ էս միլիարդները տարեք, որ մեզ չխանգարեն, այլ օգնեն։ Պետրոսը 100 դոլար է ստացել, ասա` Պետրոս ջան, էդ փողը 20 %-ով բեր դիր մեր պետության զարգացման վրա: Այս լուծումը նրանք պիտի առաջ քաշեին: Իմ հարցադրումը սա է եղել, եւ սրան պետք է պատասխաներ Վաչե Գաբրիելյանը: Սրանից ելնելով եմ ես ասել, որ ԿԲ-ն պետք է բարեփոխվի, պիտի կառուցվածքը փոխվի, եւ այդ կադրերը պիտի այնտեղից վտարվեն: Պրոֆեսիոնալ չեն կառավարում, իրենց պարտականությունները չեն կատարում: Օրենքով ԿԲ-ի վրա է դրված արժեթղթերի շուկան, ապահովագրական շուկան, սրանք չկան եւ այդ պատճառով էլ չեն կարողանում ճնշում գործադրել դոլարի կուրսի վրա: Իսկ այդ ինստիտուտները չկան հենց ԿԲ-ի մեղքով։ Պատրաստ եմ ցանկացած տեղ հանդիպել ԿԲ-ի ներկայացուցիչների հետ (նախագահից սկսած) եւ պնդել իրենց մեղքն այս խնդրում: Մնացածը, ինչ Վաչեն ասում է, կարեւոր չէ: Եւ ինձ համար անհարմար է, որ ԿԲ-ի խորհրդի անդամը պարզապես պատասխանում է հարցերին, ինքն իրենից թվեր է մոգոնում, որոնք իրականության հետ կապ չունեն, տրամաբանական բացատրություն չունեն եւ նույնիսկ իրար հետ կապ չունեն:
Հրանտ Բագրատյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել