«ԿԲ-ն խաղի կանոններ է սահմանել եւ «խաղացել»»
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն արձագանքում է Վաչե Գաբրիելյանի հարցազրույցին
Ցավալի է, որ տեխնոկրատի որոշակի նկարագիր ունեցող տնտեսագետը համայնավարական մեթոդներով փորձում է հերքել անհերքելին: Թեեւ մանրամասն արդեն անդրադարձել եմ խնդրին «Հետք»-ում օգոստոսի 27-ին, սակայն կարիք կա այս առիթով առնվազն խորհուրդ տալ ուշադրություն դարձնել հետեւալին.
1. Հենց պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ արտահանումը ներմուծմանն ավելի է զիջում քան նախորդ տարի, իսկ արտահանման տեմպերի նվազման առումով գերադասելի կլիներ գոնե լռել. այն վնասը, որ հասցված է արտահանման կարողությանն ընդհանրապես, այսօր անդառնալի է: Ինքներդ այցելեք http://www.armstat.am/Arm/ կայքը եւ հիացեք հետեւյալ թվերով` միայն 2007թ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է 733.54մլն դոլար, իսկ ներմուծումը` 1925.73մլն դոլար: Մինչեւ տարեվերջ, իմ կանխատեսմամբ, արտահանումը կկազմի 2.5 մլրդ դոլարից ոչ պակաս: Սա նշանակում է անվերջ հորջորջվող տրանսֆերտներից շատ ավելին արտահոսում է միայն պաշտոնապես` վճարելու թուրքերի եւ այլոց աշխատատեղերը, որոնց շնորհիվ էլ գոյատեւում ենք:
2. Նշանակում է` ավելի շատ արտարժույթի արտահոսք կա, որը ոչ թե արժեւորման է հանգեցնում, իմ սիրելի գործընկեր, այլ արժեզրկման:
3. Դրան ավելացրեք նաեւ երկրից կապիտալի արտահոսքը, որն ուղղվում է Էմիրաթներում, Ռուսաստանում, եւ այլուր խոշոր ներդրումներին, ինչպես նաեւ Իսպանիայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում անշարժ գույքի ձեռքբերումը, Հայաստանի բանկերի գերակշիռ մասի, զբոսաշրջության ոլորտի ընկերությունների արտերկրի կապիտալից ստացված շահույթների արտահոսքը եւ այլ հարակից գործոններ, ապա պարզ կդառնա տրանսֆերտներով դրամի արժեւորումը բացատրելու անհեթեթությունը:
4. Իրականում, ինչպես հայտնի է, ներմուծման մի զգալի մաս երկիր է մտնում մաքսանենգ ճանապարհով, որի համար, բնականաբար, վճարվում են միլիոնավոր դոլարներ, որոնք եւս արտահոսում են երկրից` իրականում նպաստելով դրամի հետագա արժեզրկմանը:
5. Ինչ վերաբերում է այսպես կոչված ապադոլարացմանը, ապա եթե նման պատրանք կա, ապա միայն` աշխարհի որեւէ այլ երկրին անհայտ բանկային հարկադրանքի այնպիսի մեթոդներով, որից ոչ թե ավելի գրավիչ է դառնում ներդրումային միջավայրը, այլ` ճիշտ հակառակը: Իսկ մարդիկ, այնուամենայնիվ գերադասում են փորձված թանը` անփորձ մածունից, այսինքն, ցավոք, դեռ չկա բավարար վստահություն դրամի նկատմամբ նաեւ այն պատճառով, որ առայժմ չվաստակած եկամուտները երկրում` արտահայտված արտարժույթով, ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմում:
6. Իսկ գնաճի նպատակադրման քաղաքականությունը, որքան էլ անհեթեթ լինի, ամրագրված է ոչ այլուր, քան Սահմանադրությունում, ոչ թե` «ԿԲ-ի մասին» ՀՀ օրենքում, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում: Ասել է թե` նման քաղաքականության փոփոխության դեպքում պետք է ոչ թե շտկում կատարել օրենքում, այլ ոչ ավել եւ ոչ պակաս` մի ամբողջ Սահմանադրական հանրաքվե կազմակերպելգ Երբ վկայակոչվում է ԿԲ օրենքը եւ այլ ածանցյալ օրենքներ, ապա ուզում եմ «միամիտներին» հիշեցնել, որ 1996թ. ի վեր այդ օրենքները բացառապես ՀՀ ԱԺ ներկայացվել են ԿԲ-ի կողմից եւ ՀՀ ԱԺ կողմից որեւէ «դիմադրության» չեն հանդիպել. այլ խոսքով` ԿԲ-ն պարբերաբար ինքն իր քմահաճույքով իր համար խաղի կանոններ է սահմանել եւ «խաղացել»:
7. Իսկ գնաճի հաշվարկի անհեթեթությունը նույնպես կասկած չի հարուցում հատկապես այն դեպքից հետո, երբ 2005թ. ԿԲ-ն տեղեկացրեց, որ ոչ թե գնաճ, այլ գնանկում է արձանագրվելգ
8. Մնում է միայն պարզել ամենաակնհայտը. ում է ձեռնտու դրամի արժեզրկումը` ներմուծողներին, թե արտահանողներին: Իսկ ովքեր են մեր ներմուծողները, դա անգամ երեխաները գիտենգ
9. Չմոռանանք նաեւ փողերի լվացման մասին: Հիշեցնեմ, որ իմ կողմից այդ երեւույթը չի բացառվել այն պարագայում, եթե վերը բերված փաստարկներով ստանում ենք ավելի շատ արտարժույթի արտահոսք երկրից, քան ներհոսք, որը պետք է հանգեցներ դրամի արժեզրկման: Իսկ եթե այդուամենայնիվ ԿԲ-ն պնդում է, որ կա ավելի մեծ քանակի ներհոսք, ապա միակ գործոնը, որ հաշվի չի առնվել, դա հենց փողերի լվացումը կարող է լինել: Ըստ որում, դա տեղի է ունենում այնպիսի տարածաշրջանում, ուր մեկը մյուսի հետեւից փողերի լվացման լուրջ գործարքներ են բացահայտվում ինչպես Իրանում եւ Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում եւ Վրաստանում: Ի դեպ Վրաստանում փողերի լվացման 7 մլրդ դոլարի գործարքի բացահայտման մասին լրատվությունը ստացվել է իմ կողմից ներկայացված տնտեսագիտական վերլուծությունից ընդամենը 2 օր հետո: Հարց է առաջանում. արդյոք Հայաստանը ապահովագրված է նման վտանգներից, ինչպես ասնեք դա եղավ թռչնագրիպի պարագայում: Եթե այո, ապա այդ ձեռքբերման համար կարելի է սահմանել ոչ միայն պետական մրցանակ, այլեւ համարձակորեն դիմել Նոբելյան մրցանակի...
Թաթուլ Մանասերյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել