Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջել. այժմ 90-րդն ենք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում հայտնվել է 90-րդ տեղում՝ նախորդի համեմատ նահանջելով 6 տեղով: Դա կանխատեսելի էր, քանի որ մեր թիմը այս ընթացքում Երեւանում պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց՝ 0-3: Հայաստանի հավաքականն այժմ ունի 421 միավոր:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, նրան հաջորդում է Գերմանիան, ապա՝ Արգենտինան: Լավագույն տասնյակում են նաեւ Հորվաթիայի, Պորտուգալիայի, Կոլումբիայի, Անգլիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Էկվադորի ընտրանիները:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական B խմբում մեր մրցակիցներից լավագույն արդյունքը, ինչպես երեւում է, ունեն իտալացիները, որոնք 8-րդն են: Պրանդելիի սաները նահանջել են 3 տեղով: Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները հաշվետու ամսում 2-0 հաշվով հաղթել են մալթացիներին եւ ընկերական խաղում 2-2 խաղացել բրազիլացիների հետ: 5 հորիզոնականով բարձրացել են դանիացիները, որոնք 3-0 հաշվով հաղթեցին չեխերին նրանց իսկ հարկի տակ, ապա 1-1 խաղացին բուլղարների հետ: Դանիացիներն այժմ 20-րդ հորիզոնականում են: 2 կետով առաջադիմել են նաեւ չեխերը: Բիլեկի սաները նախ տանը 0-3 հաշվով պարտվեցին դանիացիներին, ապա նույն հաշվով Երեւանում հաղթեցին մերոնց: Նրանք այս պահին 25-րդն են աշխարհում: Իսկ ահա բուլղարները նահանջել են 5 կետով եւ հիմա 51-րդն են. նրանք նախ 6-0 հաշվով ջախջախեցին մալթացիներին, ապա 1-1 խաղացին դանիացիների հետ: Խմբի հետնապահ մալթացիները 10 տեղով նահանջել են եւ հանգրվանել 157-րդ տեղում: Կղզեաբնակները, ինչպես նշեցինք, երկու պարտություն են կրել այս ընթացքում:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ռուսները, որոնք 11-րդն են: Կապելոյի սաները մեկ հորիզոնական նահանջել են նախորդ ամսվա համեմատ: Ուկրաինացիները 11 կետով բարելավել են իրենց դիրքերը եւ հիմա 37-րդ տեղում են: Ուզբեկստանը 7 կետով նահանջելուց հետո հայտնվել է 66-րդ տեղում, իսկ Բելառուսը նույնքան անկումից հետո 69-րդն է: Մյուս հավաքականները զիջում են Հայաստանի ընտրանուն:
Մեր հարեւաններից առաջատարը շարունակում են մնալ թուրքերը, որոնք 44-րդն են, նրանք վեր են բարձրացել 1 կետով, իրանցիները նույնքան կետով բարձրացել են 56-րդ տեղ: Շեշտակի անկում են գրանցել վրացիները, որոնք 22 տեղով նահանջել են եւ դասավորվել մեր թիկունքում՝ 91-րդ տեղում: 4 հորիզոնականով էլ իջել են ադրբեջանցիները, որոնք հիմա 120-րդն են:
Հաջորդ ցուցակը կհրապարակվի մայիսի 9-ին, մինչ այդ մեր թիմը պաշտոնական որեւէ հանդիպում չի անցկացնի:
Լուս.՝ ffa.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել