Վարչապետը մեղքի զգացում ունի
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանին մի պահ տեսել է կառավարության հրաժարականի միջոցառման ժամանակ` շատ տխուր եւ մտահոգ վիճակում:
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը վարչապետից հետաքրքրվեց` արդյոք այդ մտահոգությունը իրեն մտատանջում է, երբ հանձնում է մի կառավարություն, որը թողել է 36 տոկոս աղքատություն՝ 1 մլն-ից ավել մարդ, 39 տոկոս տնտեսական ստվեր, 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, ստորագրված Մադրիդյան սկզբունքներ, ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրություն եւ 200 հազարից ավելի արտագաղթող` վերջին 5 տարիների ընթացքում:
«Պատմաբանները, եթե անդրադարձ կատարեն այս 5 տարիներին, ապա արձանագրելու են դրանք: Այս մեղքի զգացումով արդյո՞ք տառապում եք, եւ այդ մեղքի զգացումը կիսու՞մ են կառավարության մյուս անդամները»,- վարչապետից հետաքրքրվեց պատգամավորը:
«Շնորհակալություն հարցի եւ Ձեր մտահոգությունների համար, քանի որ Ձեզ մշտապես հետաքրքրում է, թե մենք ինչ տրամադրության մեջ ենք, ինչ զգացումներով ենք ապրում, ինչի համար ենք ցավում, տառապում, ինչ մեղք ենք գործում եւ որ մեղքի համար ենք մեզ վատ զգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդքան նրբազգաց եք, միեւնույն ժամանակ պետք է խնդրեմ, որ Ձեր քաղաքական կեցվածքում այդ նրբերանգները, մարդկային վերաբերմունքը պահպանվի, որովհետեւ դա ոչ թե պետք է ինձ՝ որպես վարչապետի պաշտոնում 5 տարի աշխատած մարդ, այլ մեր հասարակությանն է պետք, որ չարություն չտարածվի մեր երկրում»,- պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետը:
Ըստ նրա` բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են այս տարիների ընթացքում, եւ չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում:
«Իհարկե, բազմաթիվ սխալների համար ունենք այդ մեղքի զգացումը, որը բնորոշ է ընդհանրապես նորմալ մարդուն: Չկա մի մարդ, որ իր կյանքում մեղք գործած չլինի, դրա համար չզղջա, բայց ավելի մեծ համարձակություն է պահանջվում, որ մարդ կարողանա սեփական մեղքերը տեսնի, բացահայտի, եւ դա է երաշխիքը, որ ապագայում նա նոր սխալներ չգործի: Իմ մտածողությունն այսպիսին է»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց Զարուհի Փոստանջյանի հնչեցրած գնահատականների հետ եւ չի կիսում դրանք:
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչ պետք է աներ վարչապետը, կառավարությունը, որը չի արվել:
Պատգամավորը նշեց, որ ինքը չի ուրախանում, որ կառավարությունը ձախողվել է, քանի որ սա մեր պատմությունն է, եւ, ըստ էության, այդ 5 տարիները ձախողել է հայ ժողովուրդը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայն չէր, որ ձախողել են, քանի որ, ըստ նրա, արել են առավելագույնը, ինչ որ կարողացել են:
«Ինչ-որ ծրագրեր կարող էինք ավելի արդյունավետ անել, ինչ-որ ծրագրեր կարող էինք անել, որ չենք արել, բայց ընդհանուր ուղղությունն ու ռազմավարությունը ճիշտ է եղել: Կարծում եմ՝ մեր հիմնական թերացումներից մեկն այն էր, որ մենք չենք կարողացել Ձեզ հետ միասին համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե որոնք են այդ խնդիրների բուն պատճառները»,- ավելացրեց վարչապետը՝ հավելելով, որ բացթողում է նաեւ այն, որ այս տարիներին չեն կարողացել ընդդիմությանը համոզել, որ «մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան ձերը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել