
6 երեխաների մոր ուրախությունը. «Վարդերս էլ նկարի, թող սիրուն երեւա» (վիդեո)
Արդեն 4 տարի է` Կապան քաղաքի Շարժիկ թաղամասում ապրող Հակոբյանների ընտանիքի անդամների մեծ մասը ամառվա շոգ օրերն անցկացնում է անտառում: Օրվա հացի գումար աշխատելու համար անտառից մոշ, հոն ու այլ հատապտուղ հավաքելու գործին մասնակցում են նաեւ անչափահաս երեխաները: Նրանք տատիկի հետ վաղ առավոտ տանից դուրս են գալիս եւ լի դույլերով երեկոյան վերադառնում:
Կապանում հատապտուղը դեռ չի հասել, բայց մեր այցելության ժամանակ ընտանիքի 6 անչափահաս երեխաներից երկուսը տատի հետ անտառում էին: Ինչպես երեխաների մայրը` Մեդեան պատմեց, սկեսուրն ամեն օր անտառից բանջար է հավաքում, մինչեւ մոշի ու հոնի սեզոնը գա:
Կիսախարխուլ տանը Հակոբյաններն ապրում են 10 հոգով` երիտասարդ ամուսիններն իրենց 6 երեխաների հետ, ինչպես նաեւ նրանց տատն ու պապը:
Երեխաներից չորսը դպրոցական են, նրանցից երեքը Կապանի հատուկ խնամքի գիշերօթիկ դպրոցի խնամքի եւ հոգածության տակ են գտնվում, որտեղ էլ սնվում, գիշերում եւ պատրաստում են իրենց դասերը: Այժմ արձակուրդ է, երեխաներն ապրում են ընտանիքի հետ միասին եւ օգնում նրանց կենցաղային հարցերում:
9 տարի առաջ Հակոբյանները տունը գնել են 200 դոլարով եւ դեռ գրանցման գործընթացն էլ չեն ավարտել, քանի որ պետական վճարումների համար զգալի գումար է պետք, որը չունեն: Այս տարիների ընթացքում վերանորոգման ոչ մի աշխատանք չեն կատարել: Տան առաստաղը փայտից էր, իսկ տեղ-տեղ փտած գերանները ներսից աչք էին շոյում: Պատերը հարդարված չէին, պատուհանների ապակիները` տեղ-տեղ կոտրված: Հյուրասենյակ կոչվող հատվածում դրված էր համակարգչի մոնիտորի մեծության մի անգույն հեռուստացույց: Երեխաները պատմեցին, որ իրենց նախընտրած հաղորդումը նայելու համար 10 րոպե շուտ պետք է հեռուստացույցը միացնեն, որ հասցնի էկրանը բացել: «Մեկ-մեկ էլ էկրանը փախնում ա, խփում ենք գլխին, որ բացվի»,- ասում է 8 տարեկան Սեյրանը:
Մեդեան պատմեց, որ 4 տարի առաջ իրենց կյանքը բոլորովին այլ էր: Ամուսինը` Արթուր Հակոբյանը, այդ ժամանակ աշխատում էր պղնձամոլիբդենային կոմբինատում որպես ավտոմեխանիկ եւ իր վաստակով կարողանում էր ընտանիքի կարիքները հոգալ: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ Արթուրի աչքը փուշ մտավ, եղջերաթաղանթը բորբոքվեց, եւ տեսողությունը վատացավ: Բժիշկները նրան խորհուրդ տվեցին փոշոտ ու ծանր աշխատանք չկատարել, սակայն կնոջ ասելով` Արթուրը պատրաստ է նույնիսկ փոշոտ աշխատանք կատարել, միայն թե պարապ չմնա եւ կարողանա ընտանիքի նվազագույն կենցաղային կարիքները հոգալ:
«Սկզբում չէի մտածում, որ դժվարություններ կարող են լինել, որովհետեւ ամուսինս այն ժամանակ լավ աշխատում էր, 120.000 դրամ աշխատավարձ էր ստանում, կողքից այլ եկամուտ էլ կար, նորմալ ապրում էինք: Շատ լավ էինք ապրում, ուրիշները չէին կարողանում բանան, նարինջ, անանաս ուտեին, իմ ամուսինը երեխեքիս համար հասցնում էր: Արդեն 4 տարի է, որ չի աշխատում, շատ դժվարությունների եմ հանդիպել այս ընթացքում: Առաջ ինձ համար հարց չկար, բոլոր հարցերը լուծվում էին, իսկ հիմա շատ վատ ա»,- ասում է Մեդեան:
Այս ընտանիքի կյանքում միակ լուսավոր բանը հավատն ու հույսն է ապագայի նկատմամբ: 34-ամյա Մեդեան բազմանդամ ընտանիքի կենցաղային վատ պայմանները նկարագրում էր ժպիտը դեմքին, ասես այդպես էլ պետք է լիներ` 10 հոգով ապրեին 3 փոքր սենյակում: Նրա համար սովորական է, երբ 8-10 տարեկան աղջիկները նույն անկողնում են քնում, որոնց կողքին դրված է նաեւ ամուսինների մահճակալը:
Մեր այցելության պահին Արթուրը տանը չէր, երբ կինը հեռախոսով տեղեկացրեց, որ լրագրող է իրենց տուն եկել, խոսափողի մյուս կողմից նա պատասխանեց, թե տուն չի գա` ամաչում է:
Բացի անտառի բարիքներից ստացված եկամուտը, որը հազիվ օրվա հացի խնդիրն է լուծում, Հակոբյանները ստանում են նաեւ 58 000 դրամ նպաստ, 25 հազար դրամ էլ Արթուրի հոր կենսաթոշակն է: «Ուրիշ եկամուտ չունենք, մեկ էլ մի հատ կով ունենք, որ ծնում է, կաթ ու մածուն ենք ունենում»,- նշեց Մեդեան: Ստացած նպաստը ծախսվում է բացառապես սննդի վրա, որը մեկ ամիս էլ չի բավականացնում:
Նպաստի գումարից նույնիսկ պարտք են փակում, որը դարձյալ սննդի համար է գոյացել: Մեդեան պատմում է, որ հաճախ են պարտքը ուշացնում, ու խանութպաններն իրենց արդեն չեն վստահում, «նիսյա» ապրանք չեն տալիս:
Ընտանիքում միայն պապը վստահություն ունի խանութպանների մոտ: Նա է անձամբ գնում խանութ, իր անունով պարտքով գնումներ անում ու թոշակը ստանալուն պես պարտքը մարում:
Մեդեայի ասելով, երեք ամիս է` սկեսրայրն է իր թոշակով սննդի հարցը լուծում, քանի որ նպաստի գումարով պարտք են փակում: «Պատահում է, որ ուտելիք չենք ունենում, մի կերպ յոլա ենք գնում, մինչեւ մի տեղից մի բան լինում է»,- ավելացնում է Մեդեան: Այս պահին մթերային խանութներում նրանց պարտքը հասնում է 150.000 դրամի:
Վաղուց Հակոբյանները երեխաների համար հագուստ չեն գնում: Հագուստով, գրենական պիտույքներով նրանց ապահովում է խնամքի կենտրոնը: «Վորլդ Վիժն» կազմակերպությունից մի անգամ այս ընտանիքը հագուստ է ստացել: «Երեխեքին էին տվել, մի քիչ մեծոտ էր, իմ հագով եղավ, երեխեքս չկարողացան հագնել, բայց էլի գոհ եմ»,- ասում է բազմազավակ մայրը:
Մեդեայի խոսքերով, այս տարիների ընթացքում երբեւէ չի զգացել, որ Հայաստանում բազմազավակությունը խրախուսվում է, քանի որ պետությունից ոչ մի օգնություն չի ստացել: Նրա ասելով, եթե «հիմիկվա խելքն ունենար», 6 երեխա չէր ունենա: Բայց նույնիսկ այս պայմաններում մայրն այլ կերպ է մեկնաբանում 6 երեխաների գոյության փաստը` ասելով, որ երեխաները պահանջներ չեն ներկայացնում, ՙմոդայիկ՚ հագուստ չեն ուզում եւ եղածով բավարարվում են: «6 երեխա պահելը շատ դժվար է, բայց արանքում ուրախություն էլ կա: Երեխեքը վազում են, խաղում են, իրանց համար հանդես են կազմակերպում, մենք էլ իրանց հետ խաղում ենք ու կողքից նայում, ուրախանում: Այդպես ենք դժվարությունները հաղթահարում»: Այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Կապանի քաղաքապետարանից 2 շիշ ձեթ, 2-ական կգբրինձ, ոսպ, հնդկաձավար, ինչպես նաեւ մեկ տուփ թեյ ու սուրճ են ստացել: «Կոնֆետ էլ կար, դաժե շոկոլադ էին դրել: Շատ գոհ եմ, երեխեքս էլի օգտվեցին»,- ուրախ ասում է Մեդեան:
Հրաժեշտի պահին Մեդեան ցույց տվեց տնամերձ հողամասում լոլիկի ու պղպեղի սածիլները: «Թող մարդիկ չիմանան, թե անգյալ ենք, բան չենք անում,- կատակով ասաց Մեդեան ու ավելացրեց,- վարդերս էլ նկարի, թող սիրուն երեւա, սա էլ իմ ուրախությունն է»:
Վիդեոն` Գրիշա Բալասանյանի
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել