
«Չորրորդ ինքնիշխանությունը». ՀՀ ոստիկանությունը գործ չունի Հայաստանում ռուսական տարածքների հետ
Նախօրեին Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղի մոտ` ՌԴ «Կամխութ» հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Հրաձգարանի տարածքում հակատանկային ականի պայթյունից մահացել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Արթուր Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մուշեղ Գևորգյանը:
Վահրամաբերդի գյուղապետւ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, դեպքն արձանագրվել է իրենց գյուղի տարածքում գտնվող մեծ դաշտում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը, այնտեղ շուրջ 1000 հա տարածք է, պարսպապատված չէ, չափապատված չէ, ազատ տարածություն է, և երեխաներն այնտեղ ազատ ելումուտ են ունեցել:
Նրա խոսքով, Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարրը արածեցնելու. երեխաները ևս նրա հետ գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, ինչի ընթացքում էլ երեխաները սկսել էին խաղալ չպայթած նռնակի հետ: Պայթյունի հետևանքով երեխաները մահացել են տեղում:
Թերթի հարցին, թե արդյոք ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ հարուցել է, թե ոչ, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտեցին, որ ոստիկանությունը դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է ՌԴ կայազորի դատախազությունը:
Նշենք, որ սա առնվազն տարօրինակ է, քանի որ թեև նշված տարածքը անհատույց վարձակալության է տրված ՌԴ-ին, սակայն հանդիսանում է ՀՀ տարածք:
Մեկնաբանել