Նվերներ Ենգիբարյանի դպրոցին` Արթուր Աբրահամից
Այսօր հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ նվերներ հանձնեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին եւ մարզիչներին:
Նվերները` «Ադիդաս» ֆիրմայի մարզական գույք, տանձիկներ, բռնցքամարտի «լապաներ», բռնցքամարտի համար նախատեսված շապիկներ, վարտիքներ, կոշիկներ, մարզակոշիկներ, մարզական համազգեստներ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ եւ այլն:
Արթուր Աբրահամը տեղում պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ յուրաքանչյուր մրցույթի ժամանակ ինքը կրում է «Ադիդաս» ֆիրմայի ձեռնոցներ, եւ իր վերջին մենամարտից առաջ վերոնշյալ ֆիրմայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի գումարի փոխարեն իրեն տան տրամադրվելիք գումարի կրկնակի չափին համարժեք մարզական իրեր:
«Այս քայլով ուզում եմ երախտագիտությունս եւ խորին շնորհակալությունս հայտնել իմ մարզադպրոցին, որտեղ ժամանակին մարզվել եմ եւ որն ինձ օգնել է հետագայում արդյունքների հասնել»,- ասաց Արթուր Աբրահամը եւ հավելեց, որ այսօր Հայաստանում շատ են խոստումնալից բռնցքամարտիկներն եւ լավ մարզիչները:
Արթուր Աբրահամը խոստացավ, որ նմանօրինակ բարեգործական միջոցառումներ առաջիկայում եւս կկազմակերպի` միտված ՀՀ-ում բռնցքամարտի զարգացմանը:
Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին` բռնցքամարտիկն ասաց, որ առաջիկայում Գերմանիայում որակավորման 2 մենամարտ կանցկացնի, որից հետո կմենամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
«Այն, ինչ կորցրել եմ, ետ կվերադարձնեմ»,- խոստացավ Արթուր Աբրահամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել