Արտակ Շաբոյանը «չափերն անցնում» էր. ԱԺ փոխնախագահը նկատողություն արեց
ԱԺ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թ. տարեկան գործունեության ծրագիրը բուռն քննարկումներով ու քննադատություններով է ընթանում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, չընդունելով իր հասցեին հնչած քննադատությունները, նույնիսկ սկսեց վիրավորական արտահայտություններով պատասխանել ընդդիմադիր պատգամավորներին:
Օրինակ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, բացի պոպուլիստական եւ դեմագոգ հայտարարություններից, այլ վերլուծական կարողություններ չունի եւ սկսեց անդրադառնալ շաքարավազի գնագոյացման խնդրին, ինչը այսօրվա քննարկման «մեխն» էր:
Արտակ Շաբոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ «Կարֆուր» ընկերության Հայաստան գալով շաքարավազի գները կնվազնեն, դարձյալ բավականին կոպիտ պատասխան տվեց:
«Դուք մի հատ շաքարավազի գների վերլուծություն կատարե՞լ եք, մի հատ համեմատություն կատարե՞լ եք` շաքարավազի գները Հայաստանում որքան են, իսկ մնացած երկրներում որքան են: Անցած տարի մեծ վերլուծություն ենք արել, համեմատական աղյուսակ ենք տվել: Եթե նայեք, ուսումնասիրեք մանրամասնությամբ կհամոզվեք, որ այո, իսկապես, շաքարավազն այսօր հանրապետությունում վաճառվում է ցածր գներով: Կգաք կուսումնասիրեք վերլուծությունը, կնայեք մեր հաշվարկները, բայց դրանից հետո պիտի խոստանանք, որ ներողություն եք խնդրելու կամ ասելու եք ճշմարտությունը»,- ասաց Արտակ Շաբոյանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատողություն արեց Արտակ Շաբոյանին` կոչ անելով հարգալից լինել պատգամավորների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահին, ասաց, որ նա օլիգարխներից, խոշոր ներկրողներից ներողություն խնդրելու առիթներ շատ է ունենում, բայց կոչ է անում, որ կառավարության եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները խորհրդարանի դահլիճ մտնելիս չմոռանան, թե որտեղ են նրանք գտնվում:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, կոչ արեց ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված միջոցները կիրառել, երբ ելույթ ունեցողները «չափերն անցնում են»:
«Թույլ տվեք կանխատեսել, որ Արտակ Շաբոյանը երբեւէ ներողություն կխնդրի իր այսօրվա պահվածքի համար»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ ինքն արձագանքել է եւ իր ասելիքն արդեն ասել է:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նաեւ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա բացատրում եւ սովորացնում էր Արտակ Շաբոյանին, թե ինչպես են գները համեմատում:
«Գեստապոյական տոնով այստեղ մի ասեք, թե երկրորդ շաքարի գործարան պետք չի: Գուցե 200 հատ էլ է պետք, ազատ շուկա է. նման բան չկա, կուզենք կկառուցենք, չենք ուզի` չենք կառուցի»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եթե որեւէ մեկը ցանկություն ունի շաքարի կամ օճառի գործարան կառուցել, որեւէ մեկի կարծիքը չի հարցնի` «կբռնի ու կկառուցի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել