Հ. Բագրատյան. «Այսօր լուծելով մրցունակ ավիաընկերության աշխատանքի հարցը, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կեռապատկվի»
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շատ կարեւոր համարեց Ազգային ժողովում քննարկվող տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ դա կապելով տնտեսության զարգացման հետ:
Ըստ Հրանտ Բագրատյանի` այսօր լուծելով մրցունակ ավիաընկերության աշխատանքի հարցը, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կեռապատկվի, իսկ ՀՆԱ-ն 11 մլրդից 2 տարում կդառնա 25-30 մլրդ դրամ:
«Դա տեղի չի ունենում, որովհետեւ իրականում իշխող քաղաքական էլիտան սիրում է կառավարվող պետություն, սիրում է միացնել բիզնեսը, կառավարումը՝ սեփականության հետ եւ սիրում է մեզ ներկայացնել այնպիսի հանձնաժողովի նախագահ, որ տեսեք նա անում է, բայց իրականում ոչինչ չի անում եւ արդարացնում է այդ գործունեությունը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ պատգամավորի` ընկերությունը գերիշխո՞ղ է, թե՞ ունի մենաշնորհ, միեւնույն է խանգարում է երկրի զարգացմանը:
«Հանձնաժողովի նախագահն ասում է, որ հանրապետությունում կարիք չկա երկրորդ շաքարի գործարանի կառուցել: Այսինքն` ինքն է որոշում կարիք կա՞, թե՞ ոչ: Իսկ կարիք կա՞ր առաջին գործարանը բացել, իհարկե` չկար: Դուք լավ գիտեք, որ այդ գործարանը երբեք շահութաբեր չի լինելու. կառուցվել է նրա համար, որպեսզի անընդհատ վկայակոչեք, թե մենք գործարան ենք կառուցել, թողեք շաքարի մոնոպոլիան շարունակվի: Մարդիկ այդ մի մոնոպոլիայից ստանում են 100 միլիոն, ոչինչ՝ դրանից 10 մլն դրել, գործարան են կառուցել»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորի խոսքերով` մարդիկ լավ գիտեն, որ իրենք գերիշխող դիրք են ստանում, տասնյակ միլիոնների շահույթ են ստանում եւ ամեն անգամ վճարում են դրա 1-3 տոկոսի չափով տուգանք, եւ բոլորիս թվում է, թե ՏՄՊՊՀ հանձնաժողովն աշխատում է:
«Իրականում նա արդարացնում է այդ արատավոր հանգամանքը»,- ավելացրեց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորն ասաց, որ տնտեսագիտությանն անհարիր երեւույթ է, երբ հայտարարվում է, թե մեկ շաքարի գործարանը հերիք է, էլցանցերը բնական մենաշնորհ է:
«Նման կարգի, նման մակարդակ, կրթական ցենզ ունեցող մարդկանց ծրագիրը այստեղ ոչ միայն չպետք է հաստատենք, այլեւ հստակ արտահայտենք մեր կարծիքը, որ իրավունք չունեն նման պատասխանատու կառույց գլխավորել»,-ասաց պատգամավորը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել