
Վլադիմիր Կարապետյան. «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված չէ»
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված չէ:
Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ այդ մասին անդրադարձ է եղել նաև ԵԽԽՎ 4 բանաձևերում: Հայաստաի վերաբերյալ մասում նշվել է, որ առկա է քաղաքական ճգնաժամ: Ավելին` ճանապարհներ են նշվել, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ ճգնաժամը. «Մեր կարծիքով, ճանապարհը մեկն է. դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, և վաղը Հայ ազգային կոնգրեսի լիդերները կտան ընթացող գործընթացների բնութագիրը, ինչպես նաև կմատնանշենք, թե ինչպես ենք մենք պատկերացնում երկխոսությունը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Լրագրողների հարցերին, թե ինչ զարգացումներ է կանխատեսում բանախոսը կամ ինչ քայլեր են ձեռնարկելու, ՀԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ այդ ամենի մասին նույնպես կխոսվի վաղվա հանրահավաքում:
Վլադիմիր Կարապետյանը ուշադրություն հրավիրեց ԵԽԽՎ ընդունած վերջին` 1827 բանաձևի վրա, որտեղ նշված է, որ իշխանությունները դեռ չեն սկսել երկխոսությունը արտախորհրդարանական ընդդիմության հետ: Մեկ այլ կետով կոչ է արվում հնարավորինս արագ սկսել այդ երկխոսությունը: ԵԽԽՎ-ն նաև կոչ է անում ԱԺ-ին նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ:
«Այն օրը, երբ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսում էր հանդուրժողականության, բարեփոխումների, նոր մթնոլորտի, ոստիկանության բարեփոխումների մասին, այդ օրը ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում էին ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանրահավաքի իրազեկման գործընթացը»,- հիշեցրեց Վ. Կարապետյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել