
Ավան վարչական շրջանում համալիր բարեկարգվում է 3 բակային տարածք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ հետևել է ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները Տարոն Մարգարյանին են ներկայացրել 3 նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքը:
Ի մասնավորի, «Նարեկացի» թաղամասի բակային տարածքում աշխատանքներն իրականացվում են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Բնակիչները նշել են, որ սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:
Արդեն ամռանը նախկին անխնամ տարածքների փոխարեն բակերը կահավորված կլինեն գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու խաղահրապարակներով:
Տարոն Մարգարյանի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում: Նա հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ընդլայնմանը, ծառերի և թփերի խնամքին:
Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Թումանյան» թաղամասում կառուցվող նոր այգու շինհրապարակ: Հանգստյան գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով և արտաքին լուսավորության նոր ցանցով: Կկառուցվեն ճեմուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ:
«Ոչ միայն Ավանում, այլև բոլոր վարչական շրջաններում ենք մենք իրականացնում բակերի համալիր բարեկարգման և նոր այգի-պուրակների ստեղծման լայնածավալ աշխատանքներ, որպեսզի մի քանի տարի անց Երևանում անբարեկարգ բակ կամ պուրակ այլևս չունենանք»,- ասել է քաղաքապետը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել