
Բացվել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսը
Այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» միջազգային, մասնագիտացված, 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը։
Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատումը, իրացման նոր շուկաների որոնումը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավումը, նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և արտասահմանյան ավելի քան 60 ընկերություն, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ, այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։
Մեկնաբանել