HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիմետրիա

Երբ թերթում տպագրվում էին Աննա Իսրայելյանի` «Այդպիսին են հաղթողների առաջարկները» և «Նրանք հեռարձակվելու են մարզերում» հոդվածաշարը, որոնցից պարզ էր դառնում, որ հաճախականությունների մրցույթներում իբր «հաղթած» և ՀՌԱՀ-ի կողմից հեռարձակման արտոնագիր ստացած գրեթե բոլոր հեռուստաընկերությունները մրցութային առաջարկներում ներկայացրել են շատ ավելի անփույթ, թերի ու կասկածելի փաստաթղթեր, քան դա արել է մրցույթում «պարտված» և հենց փաստաթղթերի պատճառով «0» ստացած «Ա1+»-ը, ես մտածում էի` տեսնես, ինչ է դրան պատասխանելու ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Բայց ամեն մի հանճարեղ բան, ինչպես հայտնի է, պարզ է. «Առավոտին»  տված հարցազրույցում  պարոն Ամալյանը շատ մատչելի ձևով բացատրեց, որ հեռուստաընկերությունները բացարձկապես պարտավոր չեն որևէ ֆինանսական փաստաթուղթ ներկայացնել` բիզնես ծրագրի հիմնավորվածությունն ապացուցելու համար, ոչ էլ պետք է անձնակազմի մասին անվանական տվյալներ ներկայացնեն` աշխատողների մասնագիտական պատրաստվածությունն ապացուցելու համար:

Եվ եթե նրանք նույնիսկ սխալ տվյալներ են ներկայացրել, ապա ՀՌԱՀ-ը դրանք ամենևին էլ պարտավոր չէր ստուգել:

Ստացվում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքի համաձայն, նման փաստաթղթեր պարտավոր էր տրամադրել միայն «Ա1+»-ը, և, համապատասխանաբար, ՀՌԱՀ-ի սրբազան պարտքն էր դրանք մանակրկիտ ստուգել: Դա թեև օրենքի տեսակետից «փոքր-ինչ» տարօրինակ է, բայց փոխարենը մեր կյանքի առնաձնահատկությունները հաշվի առնելով` չափազանց տրամաբանական:

Միակողմանի պարտավորությունները, կամ այլ կերպ ասած` պատասխանատվության «ասիմետրիան» չափազանց բնորոշ են հայասատանյան իրականությանը:

Ի՞նչ կլինի, օրինակ, եթե դուք 3-4 օրով ուշացնեք էլեկտրաէներգիայի վարձը: Կգա լույսի մարդը և ձեր «ռուբիլնիկը կքաշի»: Իսկ ի՞նչ պատասխանատվություն է կրում էլցանցը, եթե ձեր տանը լույս չկա: Ոչ մի: Ձեզ մնում է 16-17 ժամ սուսուփուս նստել մոմերի լույսի տակ, փտեցնել սառնարանում ձեր մթերքները, քանի որ որևէ տեղ բողոքելու իրավունք և հնարավորություն դուք չունեք` «պատժամիջոցի», փոխհատուցման որևէ մեխանիզմ չկա:

Հատկապես Երևանի ծայրամասերում  և շրջաններում, երբ որ մի փոքր քամի է փչում, կամ թեթև անձրև է գալիս, էլեկտրականությունն անջատվում է: Էլցանցի շարքային աշխատողները, ի պատիվ իրենց, այդ պայմաններում ինչ-որ «կարկատաններ» են անում, որոնք, սակայն, «ճղվում» են հաջորդ քամու և անձրևի ժամանակ:

Պատճառը պարզ է. լարերը, սյուները և մնացածը կեսդարյա հնության են: Բայց մենք հենց դրա համար էլ վճարում ենք մեր աշխատավարձերի հետ համեմատած` հսկայական գումարներ, որպեսզի էլցանցը այդ ներդրումներն անի: Չանելու դեպքում ինչ-որ պատասխանատվություն հաստատ ենթարդվում է, սակայն օրենքը կարող է գործել միայն անկախ դատարնների պարագայում, որոնք, ինչպես գիտենք, Հայաստանում գոյություն չունեն:

Ահա և ստացվում է, որ մենք` սպառողներս, խիստ պարտավորությունների բեռի տակ ենք, իսկ ծառայություն մատուցողները կարող են մատը մատին չխփել:

Թվում է, թե գլոբալ նշանակություն ունեցող երևույթների մասին չենք խոսում, բայց այդ երևույթները մեր պետության մանրակերտն են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter