HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային և մշակութային միջոցառումներ Թբիլիսիում

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց և մասնակցեց մի շարք մշակութային և համայնքային միջոցառումների: Այցելության առաջին օրը ՀՀ մշակույթի նախարարը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի առաջին տեղակալ Մարինե Միզանդարին այցելեցին Թբիլիսիում գործող «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան:

«Դավթյանների տուն» թատրոնը մի յուրահատուկ հայկական մշակութային օջախ է, որի պատմությունը սկիզբ է առնում 1992 թվականից: 1993 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ թատրոնը հանրության դատին ներկայացրեց առաջին ներկայացման պրեմիերան, այս տուն են այցելել բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետներ, պաշտոնատար անձինք, դիվանագիտական կազմի, բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Թատրոնում առկա անկրկնելի մարիոնետներին իր կենդանության օրոք ստեղծել է մասնագիտությամբ ինժեներ, ապա նաև քանդակագործ Գարի Դավթյանը` թատրոնի հիմնադիր Վարպետը: Մարիոնետների թատրոնի խաղացանկը բաղկացած է բազմաթիվ երաժշտական ներկայացումներից և «Քաջ Նազար» բեմադրությունից: «Դավթյանների տունը» ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային տիկնիկային փառատոններում:

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի բացման խոսքից և Ժաննա Դավթյանի` թատրոնի մասին հակիրճ պատմությունից հետո Դավթյան ընտանիքը 9 մարիոնետներով ներկայացում ցուցադրեց հյուրերին:

Ներկայացման ավարտից հետո դեսպան Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ մթնոլորտի և ինքնատիպ ներկայացման համար և երկու երկրների մշակույթի նախարարություններին հորդորեց աջակցել մարիոնետների թատրոնին և նպաստել նրա ժողովրդականացմանն ու զարգացմանը:

Նախարար Հասմիկ Պողոսյանը թատրոնի  ներկայացումները Հայաստանում ցուցադրելու աջակցության պատրաստակամություն հայտնեց, իսկ Վրաստանի փոխնախարար Մարինե Միզանդարին խոստացավ  մոտ ապագայում անդրադառնալ թատրոնին կոնկրետ թիրախային աջակցություն տրամադրելու հարցին:

Այցելության ավարտին ՀՀ մշակույթի նախարարը գրառում կատարեց թատրոնի պատվավոր այցելուների տպավորությունների մատյանում:

Մարտի 22-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հայաստանից ժամանած հյուրեր, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական գործիչներ և մտավորականներ:

Նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին և բանակցություններին, ընդգծեց, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն  առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ընդհանուր գծերով ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները, նախարարը մանրամասն ներկայացրեց առաջիկայում իրականացվելիք կարևորագույն համատեղ միջոցառումները, իր մոտեցումները հայտնեց համայնքային մշակութային կյանքի ակտիվացման և այդ ուղղությամբ համայնքային և հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ:

ՀՀ մշակույթի նախարարը «Հայարտուն» կենտրոնին նվիրաբերեց   նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարեր» կտավը: ՀՀ մշակույթի  նախարարին իրենց  աշխատանքները նվիրեցին թբիլիսահայ նկարիչներ  Լևոն Օսիպովը և Թենգիզ Միկոյանցը: Ի պատիվ  նախարարի այցելության «Հայարտուն» մշակույթի կենտրոնում  կայացավ համերգային ծրագիր` համայնքային ստեղծագործական խմբերի և կատարողների մասնակցությամբ:

Համերգի ավարտին  գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

Վրաստան կատարած այցելության վերջին օրը ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում մասնակցեց ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի ` հայ և վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին: Շնորհանդեսին ելույթ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնիաշվիլին և այլոք:

Այցելության ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը այցելեցին նախորդ տարի անհատ բարերարի աջակցությամբ ձեռք բերված  Հովհաննես Թումանյանի տունը (լեգենդար «Վերնատունը») և տեղում ծանոթացան վիճակին, «Վերնատան» վերականգնման և գործարկման հնարավորություններին: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter