HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը արխիվը չի պահպանել և 11 տարի անց քաղաքացուն դատի է տալիս «չվճարած» հարկերի համար

Արամ Փարսադանյանը 1997թ.-ից մինչև 2000թ.-ը պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրային գործունեություն է ծավալել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7 քմ-անոց կրպակում: Գրանցված է եղել որպես անհատ ձեռներեց և հավաստիացնում է, որ կատարել է հարկային պարտավորությունները: 

2000թ. փետրվարի 8-ին գործունեությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ՊԵԿ-ի Կոտայքի (Աբովյանի) տարածքային հարկային տեսչություն և հանձնել վկայականը: 

11 տարի անց` 2011թ.-ին Արամը հարկայինից ծանուցում է ստանում, որ իր վրա 2003թ.-ից ցայսօր պարտադիր սոցապահովության վճարներ և տույժեր են հաշվարկվում, որը կազմում է ավելի քան 864 հազար դրամ, որից` 590 հազարը` ապառք, ավելի քան 274 հազարը` տույժ:

«Նաև չգիտեմ, թե  որտեղից հայտվել է չկատարված պարտավորություն հաստատագրված վճարների համար`  շուրջ 112 հազար դրամ`  և տույժ` շուրջ 98 հազար դրամ»,-ասում է Արամը:  Այսինքն` ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 74 հազար դրամ:

Արամը պատմում է, որ այս ծանուցումը շատ զարմանալի էր, քանզի ինքը մշտապես բոլոր պարտավորությունները ժամանակին կատարել է: «Ես բազմիցս եղել եմ Աբովյանի հարկային տեսչությունում, բայց ոչ մի դրական լուծում չի տրվել: Իմ այն հարցին, թե ես երբ չեմ վճարել գումար և ինչպես ու որտեղից են գոյացել այդ պարտքերը, ինձ չեն կարողանում պատասխանել»,-հանրապետության նախագահին ուղղված նամակում գրել է Արամը: 

Արամը նշում է, որ եթե ինքը պարտք ունենար, ապա հարկայինն այն ժամանակ ևեթ թույլ չէր տա իրեն  գործունեություն ծավալել, ավելին` այսքան տարի չէր սպասի, որ դիմեր դատարան: 

Հաջորդ ծանուցումն էլ հենց դատարանից է ստացել. ՊԵԿ-ը դատի է տվել Արամին վերոնշյալ գումարի բռնագանձման պահանջով և որպես հայցի ապահովման միջոց դատարանին միջնորդել է արգելանք դնել Արամի գույքի և դրամական միջոցների վրա: Դատարանն էլ առանց երկմտելու բավարարել է միջնորդությունը: Արմանը երկու անչափահաս երեխա ունի: Նրա խնամքի տակ է նաև թոշակառու մայրը, բայց դատարանը հաշվի չի առել այս փաստը և արգելանք դրել նրա ողջ աշխատավարձի վրա: Արամն աշխատում է Ատոմակայանում, առաջատար ճարտարագետ է: Գանձել են նրա մեկ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ և երկրորդ ամսվա աշխատավարձի կեսը: Արամի բողոքներից և դատարան ուղարկած միջնորդությունից հետո դատավորը նոր որոշում է կայացրել, և դրամական միջոցների վրայից արգելանքը հանվել է: Ավտոմեքենայի և բնակարանի վրա դրված արգելանքը դեռևս մնում է` չնայած դրանք արժեն շատ ավելին, քան վիճարկվող գումարի չափն է:  

«Եթե ես այդքան վճարումներ ունենայի, ինձ հենց այդ ժամանակ կտուգանեին,- ասում է Արամը,- հարկայինում ինձ ասում են` դե դու եթե Աբովյանից գնացել ես Ատոմակայան, աշխատում ես էդ պաշտոնին, բավականին գումար կստանաս, ուրեմն` վճարունակ ես, բեր վճարի»: 

ՊԵԿ-ի Կոտայքի ՏՀՏ-ն հայցադիմումում հիմնավորում է, որ անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարի գծով պարտավորությունն առաջացել է 2003-11թթ. հունվար-դեկտեմբեր ամիսների համար «Պարտադիր սոցիալական վճարումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն հաշվարկված նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարի գումարը ժամանակին չվճարելուց: Թե ինչու է ՊԵԿ-ը 2003-ից հաշվարկել, այլ ոչ թե 2000-ից` հայտնի չէ: 

Այն վայրը, որտեղ  Արամը վարձակալել էր կրպակը և առևտրային գործունեություն էր ծավալել, 2006-ից նոր սեփականատեր ունի, և ավելի քան 6 տարի է` նոր բնակելի տուն է կառուցված, կրպակն էլ վաղուց չկա, իսկ հարկային տեսչությունը հայցադիմումում նշում է, որ Արամը մինչ 2012թ.-ի նոյեմբեր ամիսը գործունեություն է ծավալել:  

Բացի 1 մլն 74 հազարից, ՊԵԿ-ը նաև պահանջում է Արամից բռնագանձել գործով վճարված շուրջ  21 500 հազար դրամ պետական տուրքի գումարը:

«Ես հաստատ բոլոր վճարները արել եմ, միակ խնդիրն այն է, որ ես կտրոնները չեմ պահել, իրենք էլ ասում են` դու 15 տարի պարտավոր ես կտրոն պահել, ես կտրոնները մի քանի տարի հետո թափել եմ: Իրենց համակարգչում էլ ոչ մի բան չի երևում»,- պատմում է Արամը: 

Արամը դիմել է ՊԵԿ` իր կատարած վճարումների մասին տեղեկանք ստանալու նպատակով և պարզելու, թե ինչպես և որ ժամանակահատվածի համար է առաջացել հաստատագրված վճարների պատրավորությունը: Նրան պատասխանել են, որ ՊԵԿ-ում արխիվ չի պահպանվել: Ֆինանսների նախարարության գանձապետարանից էլ, Արամի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ֆինանսների նախարարության կողմից ըստ վճարողների հաշվառում չի կատարվում: Նա դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով օգնել այս անորոշ ու անելանելի վիճակից դուրս գալու հարցում: Նախագահականից դիմումն ուղարկվել է ՊԵԿ, այնտեղից` Կոտայքի ՏՀՏ, որտեղից Արամին պատասխանել են, որ իր պատրավորությունները 2013թ. փետրվարի 19-ի դրությամբ, ըստ տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների և  ներառյալ ներկայացված հաշվետվությունների, կազմում են շուրջ 567 հազար դրամ: 

«Ես չեմ կարող ապացուցել, որ վճարել եմ` կտրոններ չունենալու պատճառով, իրենք էլ չեն կարող ապացուցել, որ չեմ վճարել, որովհետև արխիվ չկա»,- ասում է Արամը: Նա դիմել է նաև բանկերին` «Հայխնայբանկ» և «Անելիք», որտեղ վճարումներն է կատարել, սակայն այնտեղ էլ ասել են, որ իրենց մոտ արխիվը չի պահպանվել: 

«Օրինական էի աշխատում, դրա համար չկարողացա շարունակել և մեծ շահույթներ ունենալ: Եթե իմանայի, անօրինական կաշխատեի, համ էս պարտքերը չէր լինի, համ էլ ահագին հարստացած կլինեի»,- սրտնեղում և կատակում է Արամը:

Փետրվարի 14-ին նշանակված դատական նիստը Վարչական դատարանում հետաձգվել է մինչև ապրիլի 15-ը. դատավորն արձակուրդի մեջ է: Արամը փաստաբան չունի, ինքն է պաշտպանելու իր շահերը դատարանում: Արամը հույս ունի, որ այս թյուրիամացությունը դատարանում կհանգուցալուծվի և կհանվի իր գույքի վրա դրված արգելանքը, այլապես դրանք աճուրդի հանվելու վտանգ կառաջանա:  

Մեկնաբանություններ (2)

Gayane
չվճարված հարկերի վաղեմության ժամկետը 4 տարի է: Մնացած տարիների հարկերը ոչ ոք իրավունք չունի բռնագանձելու, այսինքն հարկային պարտավորությունները մինչև 2009 թվականը 0 դրամ են: Այս մասին ՊԵԿը իհարկե գիտի, բայց մտածում է, որ մարդկանց վախեցնելով կարող է փող կլպել:
ARPINE
ՀՀ -ում ՊԵԿ-ը կարողանում է միայն օրենքով աշխատող մարդկանց վրա տուգանքներ դնի և մարդկանց հանապազօրյա հացից զրկի,իսկ եթե դա ՀՀ օլիգարխները կամ իրենց հարազատները լինեին հիմա Կոտայքի /Աբովյանի/հարկային տեսչության տնօրենը իր կյանքի մնացած օրերը կանցկացներ բերդում , իսկ քանի որ հասարկ մարդ է ,որը կատարել է բոլոր պետական մուծումները պիտի ստանան ավել գումարները, որ լցնեն բյուջե, կառավարության և մեր ՀՀ նախագահը կարողանան ագահի նման ծախսել ու ուտել.... Տեսնես դրանք չեն մտածում ,որ մեռնելու են ու ոչինչ չեն տանելու իրանց հետ..... Ամոոոոոոոթ ձեզ .....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter