Մեկնարկել են հայաստանյան բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 16 բուհի և Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները:
Ավանդական դարձած ուսանողների մարզական խաղերը կանցկացվեն 2013թ. մարտ-մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքում 7 մարզաձևից՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և ատլետիկական կրոսավազք:
Մարզական խաղերի առանձին մարզաձևերի հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրով, 2-3-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը՝ պատվոգրերով: 1-3-րդ տեղերը գրաված թիմերի անդամները, բացառությամբ կրոսավազքի, ինչպես նաև հաղթող թիմերի մարզիչները կպարգևատրվեն համապատասխան պատվոգրերով և մեդալներով:
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում սպորտը մշակույթի մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ այն պարտադրված է քննական թերթիկում՝ որպես առարկա, այլ որպես մարդու ամենօրյա կենսակերպի մաս: Առողջ մարդը կարող է իր առջև դրված ցանկացած հարց լուծել»,- միջոցառման մասնակիցներին ասել է կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս տարին ուսանողական սպորտի համար կարևոր է, քանի որ Կազան քաղաքում տեղի է ունենալու հերթական ուսանողական համաշխարհային ունիվերսիադան, որին շուրջ 45 անձից բաղկացած Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է 7 մարզաձևից անցկացվող մրցումներին, այն է՝ հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, շախմատ, ձյուդո, ծանրամարտ և ևս 1 մարզաձև, որոնցից հայ մարզիկները համապատասխան հայտ կներկայացնեն:
Ներառվել են ավանդաբար ամենաուժեղ մարզաձևերը, որպեսզի հայ մարզիկները Հայաստան վերադառնան՝ նոր նվաճումներով և հաղթանակներով:
«Ունիվերսիադան իր կարևորությամբ երկրորդ մարզական իրադարձությունն է օլիմպիադայից հետո: Պետական բյուջեում հատուկ ունիվերսիադային մասնակցելու համար այս տարի լրացուցիչ միջոցներ են ներդրված, և ՀՀ կառավարությունը բոլոր խնդիրները վերցրել է իր վրա: Ապագայում մենք համագործակցելու ենք նաև ճյուղային մարզական ֆեդերացիաների հետ, որպեսզի մեր մարզիկները լավագույնս պատրաստվեն և պատշաճ հանդես գան»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել