HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմումները գրել են, բայց չեն մուտքագրել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների շրջանում ծայր առած դժգոհությունները սպառնում են վերաճել լայնամասշտաբ բողոքի ալիքի, որի արդյունքում ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների, քանի որ նրանց մեծ մասը սպառնում է ազատման դիմում գրել և աշխատանքից դուրս գալ:

Ինչպես հայտնի է, քննիչների դժգոհության ալիքի բարձրացման պատճառը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելու փաստը:

Քննիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ ոստիկանության ղեկավարությունը որոշել է «պլանը» կատարելու համար որպես քավության նոխազ օգտագործել քննիչին: Խանզադյանը մեղադրվում է դեռևս 2009-ին Գավառում երեք հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործի ընթացքը սխալ տանելու, հանցագործներին չբացահայտելու ու քրեական գործը կասեցնելու մեջ:

Սակայն, թերթի տեղեկություններով, քրեական գործի մանրամասներին ծանոթ նրա գործընկերները վստահ են, որ տեղի ունեցածի համար Խանզադյանը մեղավոր չէ, քանի որ նա պատշաճ կատարել է իրեն վերապահված գործառույթները:

Քննիչները համոզված են, որ հանցագործների պարտակման խնդիրը լուծվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում:

Տեղի ունեցածից հետո քննիչները հասկացել են, որ նույն հաջողությամբ իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Խանզադյանի տեղում: Ոչ ոք չի կարող ասել, թե քննիչներից ով կլինի քավության նոխազը, եթե, ասենք, Սերժ Սարգսյանը մի օր որոշի կրկին գնալ ոստիկանություն և այդ համակարգի ղեկավարներից որևէ մեկին անվանի անբարոյական:

Թերթի տեղեկություններով, որպեսզի ՀՀ ոստիկանության ղեկավարությունը գիտակցի ստեղծված վիճակի լրջությունը, քննիչները երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում ցուցադրական ազատման դիմումներ են գրել, բայց մուտք չեն արել` սպասելով իրենց ղեկավարության արձագանքին:

Բայց երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մտադիր չէ «նահանջել»` նախընտրել է քննիչներին սաստել հակընդդեմ սպառնալիքներով: Արդյունքում քննիչները կազմկոմիտեի պես ինչ-որ մարմին են ստեղծել, որպեսզի գործեն համախմբված: Եթե խնդիրը ինչ-որ կերպ չլուծվի, ապա բացառված չէ, որ 100-ից ավելի քննիչներ միաժամանակ ազատման դիմում ներկայացնեն, որից հետո ՀՀ ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter