
Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությունը
Երևանի ավագանին այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ըստ որի՝ Երևանի 2012 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 57247696.3 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 67634655.6 հազ. դրամի նկատմամբ, կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 84.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված յուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտներ կատարվել են 89.9%-ով։
Ընդ որում, ընդամենը եկամուտները առանց պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ծրագրվել էր (ճշտված) 43330786.4 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 91.4%։
Երևանի 2012 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներն ավելի են 2011 թվականի փաստացի ցուցանիշից 6099781.7 հազ. դրամով, իսկ սեփական եկամուտները 2011 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 30.0%-ով կամ 4012186.5 հազ. դրամով։
2012 թվականի ծախսերի ծավալը ավել է 2011 թվականի փաստացի կատարողականից 6590923.9 հազ. դրամով, իսկ թերակատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով: 2012 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են։
Մեկնաբանել