
0-17 տարեկանների շրջանում տուբերկուլյոզի առաջնային հիվանդացության 81 դեպք` 2010-ին
Ամեն տարի ողջ աշխարհում արձանագրվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք, և մոտ 2 մլն մարդ մարդ մահանում է այդ հիվանդությունից: 2010 թ. Հայաստանում 0-17 տարեկանների շրջանում գրանցվել է առաջնային հիվանդացության 81 դեպք, մահացել է 94 մարդ: Այս թվերը հրապարակվեցին այսօր՝ «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» խորագրով սեմինարի ժամանակ, որը լրագրողների համար կազմակերպել է առողջապահության նախարարությունը:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանը փաստեց, որ Հայաստանի ազգային բանակում 2010թ. արձանագրվել է տուբերկուլյոզով առաջնային հիվանդացության մոտ մեկ տասնյակ դեպք, իսկ ազատազրկման վայրերում՝ 45 դեպք:
Հիվանդությունը զարգանում է հատկապես 15-24 տարեկանների մոտ, ավելի խոցելի են 25-34 տարեկանները:
Տուբերկուլյոզի վարակիչ լինելն ապացուցվել է դեռևս 1865 թ.: Սակայն այդ վարակը կարելի է կանխել` ժամանակին բժշկի դիմելով:
Ինչպես փաստում են մասնագետները, վարակվածների միայն 5-10 տոկոսի մոտ է զարգանում հիվանդությունը: Հիվանդության զարգացման հավանականությունն առավել բարձր է վարակվելուց հետո 1-2 տարվա ընթացքում: Բուժում չստացած յուրաքանչյուր մանրէազատող հիվանդ կարող է վարակել տարեկան 10-15 մարդու:
Տուբերկուլյոզը Հայաստանում բուժվում է անվճար: Հիվանդության տարածման աճին նպաստում են աղքատությունը, խնդրի ոչ լիարժեք գնահատումը, դեմոգրաֆիկ գործընթացներն ու անկանոն միգրացիան, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի պանդեմիայի ազդեցությունը:
Հայաստանի բուժհաստատություններում գործում է տուբերկուլյոզի համար նախատեսված 73 տուբկաբինետ:
Մեկնաբանել