Նինո Կատամաձե. «Ջազը բոլոր հարցերի պատասխանն է»
«Ինձ համար Երևանն առաջին հերթին իմ ընկերներն են, որովհետև հիմնականում չեմ հասցնում շրջել քաղաքով և լինում եմ կոնկրետ վայրերում: Միշտ մեծ հաճույքով ենք գալիս այստեղ»,- պատասխանում է Նինո Կատամաձեն այն հարցին, թե ինչ է իր համար Երևանը:
5 տարվա ընթացքում Նինո Կատամաձեն Հայաստանում համերգով հանդես է գալիս չորրորդ անգամ:
Վրաց ջազ երգչուհի և երգերի հեղինակ Նինո Կատամաձեն, ունենալով յուրահատուկ ձայնային տվյալներ և երգի` սեփական մատուցման ձևը, կարողացել է ճանաչում ստանալ ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահամններից դուրս: Տարբեր մրցանակների դափնեկիր և բազմաթիվ երգերի կատարող երգչուհին նաև շուրջ 10 ֆիլմի սաունդթրեքերի կատարող է:
Հետաքրքրական է, որ նրա 5 ալբոմներն էլ «գունավոր» անվանումներ ունեն` White - 2006 (սպիտակ), Black - 2006 (սև), Blue - 2008 (կապույտ), Red - 2010 (կարմիր), Green - 2011 (կանաչ): Երգչուհին դա բացատրում է այն հանգամանքով, որ երաժշտությունն ինքը պատկերացնում է հենց գույների միջոցով:
«Հետքի» այն հարցին, թե իրեն որ գույնի հետ է ասոցացնում, նա պատախանեց` սպիտակ. չգիտի` ինչու, պարզապես ներքուստ այդպես է զգում: Իսկ բնության երևույթներից իրեն կարող է ասոցացնել քամու հետ, առավել ևս` ուշ աշնան. «շատ եմ սիրում քամին»:
Այս անգամ (մարտի 9, 10, Yan’s club) Նինո Կատամաձեն հայ հանդիսատեսին էր ներկայացել իր վերջին` «Green» ալբոմով:
Երգչուհու խոսքերով` իր համար հաճախ շրջագայությունները միատեսակ են` տրանսպորտ, հյուրանոց, դահլիճ, և իրականում շատ քիչ է հասցնում լինել սեփական տանը: Բայց իր համար շատ կարևոր է դահլիճն ու գործիքավորումը: Նրա խոսքերով` այդ տեսանկյունից Երևանում ամեն ինչ լավ է. «В Ереване все супер»:
«Մենք միշտ ասում ենք, որ Երևանում սիրում են ջազ և սիրով են այն ընդունում»,- ասում է երգչուհին:
Նա նշում է, որ չնայած Հայաստանում անուններով շատ երաժիշտների չի ճանաչում, բայց խոնարհվում է բոլոր նրանց առջև, ովքեր կան: Նա զարմանքով և հիացմունքով է արտահայտվում հայ երաժիշտների մասին, ովքեր կարողանում են լինել այդքան պրոֆեսիոնալ` միաժամանակ ապահովելով հոգևոր զարգացվածության մակարդակ:
Ն. Կատամաձեն կարծում է, որ քաղաքը չի կարող լինել առանց երաժշտության: Եվ երբ կա այդ երաժշտությունը, երաժիշտն ինքն էլ է ձգտում բարձր մակարդակ ապահովել:
«Ինձ համար շատ կարևոր է լինել լավ երաժիշտների շրջապատում»,- ասում է երգչուհին:
Այն հարցին, թե ինչը կստիպեր նրան թողնել ամեն ինչ և տեղափոխվել ապրել Երևանում, Ն. Կատամաձեն պատասխանում է.
«Արդեն ուշ է, որովհետև դա կնշանակեր ամուսնանալ հայի հետ, բայց ես արդեն ամուսնացել եմ (ծիծաղում է)»:
Երգչուհին ունի տղա` Նիկոլասը, որը ծնվել է 2008 թ.-ին՝ այն ժամանակ, երբ Վրաստանում պատերազմական իրավիճակ էր: Ն. Կատամաձեի խոսքերով` մայրանալը հրաշալի զգացողություն է: Տղան, որին ունեցել է 36 տարեկանում, փոխել է իր կյանքը. այդպիսով նա դարձել է իսկական, լիարժեք մարդ:
«Երբ նրանից հեռու եմ լինում, 5 օր անց լացում եմ: Նա այլ մարդ է, խոսում է այլ բառերով, ներսում նա երաժիշտ է: Դա լավագույնն է, որ կարող է լինել մարդու կյանքում», - ասում է երգչուհին:
Բացի իր սեփական ընտանիքից՝ երգչուհու համար մեկ այլ ընտանիք է «Insight» խումբը, որի հետ աշխատում է 1999 թ.-ից: Կատամաձեն նախընտրում է իրենց աշխատանքը անվանել ոչ թե պարզապես համագործակցություն, այլ միասին ապրել: Նրանց միջև անգամ արդեն ձևավորվել են բարեկամական կապեր: Նրա խոսքերով` բնականաբար հեշտ չի եղել, որովհետև ինքն աշխատում է 3 վրաց տղամարդկանց հետ, բայց դա արդեն դարձել է ընտանիք, որտեղ միմյանց չեն արժևորում տվյալ պահի վարքից կամ արարքից ելնելով:
«Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում իրար, և երբեք չենք կասկածում միմյանց հավատարմության վրա»,- ասում է երգչուհին:
Նինոն ասում է, որ պետք է միշտ շնորհակալ լինել, որ բեմի վրա ես և հնարավորություն ունես զբաղվել սիրած գործով: Միաժամանակ, իր համար կարևորում է ազատությունը:
«Ժամանակին ինձ համար բացահայտել եմ, որ ազատությունն այն է, երբ բոլորի հետ խոսում ես որպես հավասարը հավասարի հետ: Ազատությունը կապված է նաև քո հոգևոր վիճակի հետ. մեկ-մեկ կարիք է լինում ազատվել ինքդ քեզնից»,- անկեղծանում է երգչուհին:
Իսկ այն հարցին, թե ինչ է իր համար ջազը, նա պարզապես պատասխանում է.
«Ջազը բոլոր հարցերի պատասխանն է»:
Լուս.՝ Լուսինե Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել