Հայաստանն ու թմրադեղերը` ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում
Հայաստանը թմրամիջոցներ արտադրող հիմնական երկիր չէ, և թմրադեղերի չարաշահումը երկրի ներսում չափավոր է: ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ միջազգային և իրավապահ համագործակցության բյուրոն հրապարակել է թմրամիջոցների միջազգային հսկողության ռազմավարության զեկույցը և այսպիսի գնահատական տվել Հայաստանին:
Նման իրավիճակը, ըստ զեկույցի, պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, այն է` Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է, որի չորս սահմաններից երկուսը փակ են` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և սահմանափակ տրանսպորտային ուղիները պակաս գրավիչ են դարձնում երկիրը թմրամիջոների մաքսանենգության համար:
Զեկույցն արձանագրել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանը շարունակում է զարգացնել և իրականացնել սահմանների միասնական կառավարման ռեժիմը` բարելավելով ապօրինի թմրադեղերի հայտնաբերման իր կարողությունները:
Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է, որի գերակշիռ մասը աճեցվում է երկրի ներսում, և դրանց ոչնչացումը ֆինանսավորում է կառավարությունը: 2012-ին ընդհանուր առմամբ ոչնչացվել է 82 տոննա բուսատեսակ:
Զեկույցը վկայակոչում է ՀՀ ոստիկանության տվյալները, համաձայն որոնց` ապօրինի ներմուծվող թմրադեղերի ճնշող մեծամասնությունը աֆղանական ծագման օպիատներ են և ներմուծվում են Հայաստան` որպես տրանզիտ օգտագործելով Իրանն ու իրանական սահմանը: Փոքր չափաքանակ մտնում է Հայաստան Թուրքիայից` Վրաստանով:
Իրանի սահմանից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման հետաքրքիր դեպք է նկատվել. լուսարձակող դիոդներով պլաստիկ գնդիկները, որոնք պարունակել են օպիատներ, գիշերը իրանական կողմից բաց են թողնվել Արաքս գետը, իսկ հայկական կողմից նույն կերպ փոխանցվել է վճարը:
Բացի դրանից, մաքսայինները առգրավել են փոքր չափաքանակի բուպրենոֆին թռիչքային ուղեբեռներից, որոնց ծագման երկիրը Ֆրանսիան է եղել, և նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ են առգրավվել` ուղարկված Ֆրանսիայից և Իսպանիայից:
Նախկինում ամֆեիտամինները Իրանից փոխադրվում էին Եվրոպա Հայաստանի միջոցով, բայց այս տրանզիտ ճանապարհով փոխադրումները կարծես թե զգալիորեն նվազել են:
Ըստ զեկույցի` մեծաքանակ թմրամիջոցների տրանզիտ երկրներ են ճանաչվել` Աֆղանստանը, Բահամյան կղզիները, Բելիզը, Բոլիվիան, Բուման, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հաիթին, Հոնդուրասը, Հնդկաստանը, Ջամայկան, Լաոսը, Մեքսիկան, Նիկարագուան, Պակիստանը, Պանաման, Պերուն և Վենեսուելան:
Նույն զեկույցում անդրադարձ կա նաև փողերի լվացմամբ հայտնի երկրներին: Ըստ այդմ` մեծ փողերի լվացման երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Անտիգուան և Բարբուդան, Ավստրալիան, Բահամյան կղզիները, Բելիզը, Բոլիվիան, Բրազիլիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Բիրման, Կամբոջան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Գվատեմալան, Գվինեա-Բիսաուն, Հաիթին, Հոնկոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Իտալիան, Ճապոնիան, Ջերսին, Լատվիան, Լիբանանը, Լիխտեյնշտեյնը, Լուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նիգերիան, Պակիստանը, Պանաման, Պարագվայը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սինգապուրը, Սոմալին, Իսպանիան, Շվեյցարիան, Թայվանը, Թայլանդը, Թուրքիան, Ուկրաինան, ՄԱԷ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ուրուգվայը, Վենեսուելան, Զիմբաբվեն և մի քանի այլ երկրներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել