HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխենք ապագա սումգայիթները

Փետրվարը այն ամիսն է, երբ հայությունը վերհիշում է թուրք-թաթարական խուժանի ցեղասպանագործության հերթական փորձը՝ Սումգայիթյան ջարդերը։ Այս տարի լրանում է 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ և մի շարք այլ քաղաքներում իրագործած հայկական ջարդերի 25-րդ տարելիցը։

Սումգայիթյան ջարդերը դեռ 1890-ականներին սկիզբ առած աբդուլհամիդյան կոտորածների և 1915 թվականին Հայոց Ցեղասպանությանը վերաճած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էին։ Որպես պատասխան ԼՂԻՄ-ի շրջանային խորհրդի Մոսկվա ուղղված՝ Խորհրդային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու դիմումին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ադրբեջանահայության ջարդ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երեք օր տևած ջարդերի զոհ դարձան 26 հայեր։ Սակայն փորձագետների ուսումնասիրությունները նշում են 200-300 զոհերի թիվը։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի այս պետական քաղաքականությունը դեռ չի դադարել, որի հերթական ապացույցն են Ջուղայի խաչքարարերի ոչնչացումը և հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը։

Ըստ այդմ, ունենալով այս դառը փորձը, անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչքանով է հավանական նման ոճրագործության կրկնումը հայության որևէ զանգվածի հանդեպ։ Վերհիշենք, որ ոչ վաղ անցյալում, ընդամենը 2010 թվանականին, Թուրքայի վարչապետ Էրդողանը սպառնաց վտարել Թուրքիայում բնակվող և աշխատող հայերին՝ ի պատասխան օտար երկրների խորհրդարաններում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման։ Իսկ երբ դիտարկենք վերջերս պոլսահայերի սպանության դեպքերը և դրանց վերագրված ազգայնական նրբերանքները, ապա առնվազն Թուրքիայի հայ համայնքի ֆիզիկական անվտանգության սպառնալիքի հավանականությունն անցնում է տեսական քննարկումից գործնական ոլորտ։

Նույնիսկ եթե բացառվի իշխանությունների կողմից ծրագրավորված ոճրագործությունը, ապա համապատասխան իրավիճակների առկայության դեպքում ազգայնական կամ կրոնական ծայրահեղությամբ ուղղորդվող գործընթացները կարող են դուրս գալ իշխանությունների կառավարումից և վերաճել ազգային փոքրամասնությունների անվտանգության սպառնալիքների։ Պատմությունից նման դեպքեր արդեն հայտնի են՝ սկսած Խորհրդային Միության փլուզմանը նախորդած, սկզբում՝ կառավարվող, իսկ հետո անկառավարելի ազգայնական գործընթացներից մինչև ներկայումս Սիրիայում ընթացող և կրոնական պատկանելությամբ բնորոշվող քաղաքացիական պատերազմը։

Ի դեպ, սիրիահայ համայնքի և Մերձավոր Արևելքի մեր մյուս համայնքներին սպառնացող վտանգի դիտարկումը ավելի այժմեական է։ Թեև այս պահին սիրիահայությանը սպառնացող վտանգը իր էությամբ տարբերվում է Սումգայիթյան ջարդերից, իրենց արդյունքով երկուսն էլ համարժեք են։ Սումգայիթում ծրագրավորված ոճրագործություն էր, իսկ Սիրիայում՝ պատերազմական գործողությունների արդյունքում հասցված կողմնակի վնաս։ Սակայն արդյունքում երկուսն էլ սպառնում են տեղի հայությանը ոչնչացմամբ։

Այդ առումով, լինի Սումգայիթյան ջարդ, թե Հալեպի հայությանը սպառնացող վտանգ, մեր արձագանքն ու համապատասխան քայլերը պետք է լինեն նույնը։ Պետք է նաև արձանագրել, որ ավելի հաճախակիանում են սիրիահայության հանդեպ հնչեցված այն սպառնալիքները, որոնք պատճառաբանվում են իբր սիրիահայության՝ իշխանության հանդեպ ունեցած կողմնակալությամբ։ Այսինքն՝ սիրիահայությանը սպառնացող վտանգը միտված է վերաճելու ծրագրված և նպատակային բռնության։

Սիրիայությանը սպառնացող վտանգը հատուկ չէ միայն Սիրիայի հայկական համայնքին։ Սերձավոր Արևելքում ընթացող մեծ տերությունների հակամարտությունը և դրանով պայմանավորված տարածարջանի վերաձևումը դեռ երկար է տևելու։ Իսկ ուժերի հավասարակշռվածության ցանկացած փոփոխություն և սահմանների վերաձևում ուղեկցվում է բռնության տարատեսակ դրսևորումներով։

Սիրիահայությունից առաջ իրաքահայությունն էր։ Չի բացառվում, որ իրանահայությունն էլ նման սպառնալիքի տակ կհայտնվի։ Քչերն էին հավատում, երբ դեռ 2006-2007 թվականներին հայ վերլուծաբանները, մասնավորապես քաղաքագետ Արմեն Այվազյանը, զգուշացնում էին մոտալուտ վտանգի մասին և հորդորում համայնքային առաջնորդներին և կազմակերպություններին համապատասխան քայլեր ձեռնարկել։

Այս ամենից կարելի է հանգել միայն մեկ եզրակացության. հայը կարող է լիարժեք և երկարաժամկետ անվտանգությամբ ապրել որպես հայ միայն իր հայրենիքում՝ Հայասատանում։ Որևէ այլ տեղ վտանգը կամ անմիջական է և սպառնում է ֆիզիկական գոյությանը, կամ գալիս է աստիճանաբար և սպառնում է ինքնությանը՝ տանելով սերունդներին վերջնական ձուլման։ Երկու դեպքում էլ հայը վերանում է։

Եթե մինչպատերազմյան Սիրիայում նախաձեռնվեր սիրիահայության ծրագրված ներգաղթը Հայաստան, ապա անհատները կկարողանային և՛ վաճառել իրենց բնակարաններն ու խանութները բարձր գներով, և՛ ժամանակին պայմաններ ստեղծել Հայաստանում վերաբնակվելու համար։ Իսկ այժմ 7000-ից ավելի սիրիահայեր, ունեցածը թողնելով Սիրիայում, հազիվհազ հասել են Հայաստան՝ անպատրաստ և անօթևան։ Ողջունելի է նաև որոշ սիրիահայ ընտանիքների վերաբնակեցումը ազատագրված Քաշաթաղի շրջանում։

Սիրիահայերի օրինակը թող ևս մեկ հիշեցում լինի, որ պետք է կանխել ապագա սումգայիթյան ծուղակները։ Քաշաթաղի վերաբնակեցման մասին պատմող «Հայրենասեր»-ի կատարած նկարահանումներում մի սիրիահայ վերաբնակ արտահայտում է այն միտքը, որ մենք պետք է մեր պապերի երազը իրականացնենք և մեր Հայաստան դառնանք մնալու։

Հիրավի՛...

Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter