
Վարդենիսում շիզոֆրենիայով տառապողը ապակու կտորով հարվածել է հսկիչին
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում այսօր միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից «Հետքին» հայտնեցին, որ Վարդենիսի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ ձախ աչքի տրամվմա, կոպի պատռված վերք ախտորոշմամբ իրենց մշոտ բուժօգնության է տեղափոխվել 1966թ. ծնված Կարեն Հ.-ն` ինտերնատի հսկիչը: Օպերատիվ խումբը պարզել է, որ վաղ առավոտյան` 06:45-ի սահմաններում շիզոֆրենիայով տառապող Պետրոս Սահակյանը ապակու կտորով հարվածել է Կարենին, ինչի հետևանքով էլ նա վնասվածք է ստացել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Կարենին տեղափոխել են Երևան, այժմ նրան վիրահատում են:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է հրապարակել: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասուններին: Հրապարակել էինք փաստեր` լուսանկարներ և տեսանյութ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները 2012 թ. հոկտեմբերի 3-ին պարզել էին նաև, որ Նվեր Հովհաննիսյանը անցյալ տարվա ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան կալանավորել էին:
Սոնա Տռուզյանը «Հետքին» տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ' Վարդենիսի տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ՝ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Մեր հրապարակման ստուգմամբ պարզվել էր նաեւ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր: Ըստ դատախազության հաղորդագրության` տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է' տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու: Օրեր անց տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր, կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանմա, և Նվեր Հովհաննիսյանին ազատ էին արձակել: Խափանման միջոցը փոխելու հիմք է եղել Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացումը:
Նվեր Հովհաննիսյանը, պարզվում է, անցյալ տարվա վերջից վերականգնվել է իր պաշտոնում, իսկ քրեական գործը 2012-ի դեկտեմբերի 14-ին կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:
Թե ինչ էին անում Ներքին Շորժայում տուն-ինտերնատի հիվանդները, և ինչու էին սարերում մեն-մենակ անասուններ արածեցնում օրեր շարունակ, գիտի քննություն իրականացնող մարմինը, որը փաստերին ուշադրություն չի դարձնում:
Իսկ տնօրեն Նվեր Հովհաննիսյանի ազատությունն ու գործի կարճվելում, ինչպես անկաշկանդ խոսում են Վարդենիսում, իր դերակատարումն է ունեցել նրա մորեղբոր որդին` ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել