HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ աշխարհի տարբեր երկրներում (լրացված)

ԱՄՆ

Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, և տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և ԼՂՀ ներկայացուցիչը հանդես եկան ելույթներով՝ իրենց խոսքում մասնավորապես ընդգծելով Սումգայիթում և այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարևորությունը սփյուռքում, հատկապես՝ Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:

Մեծ Բրիտանիա

Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց Սումգայիթի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա:

Ավելի քան երեք ժամ տևած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին ՀՀ ու Արցախի դրոշները, ինչպես նաև բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաև անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվեց հոգեհանգստի պատարագ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

Ռումինիա

Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ, և անցկացվեց հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ:

Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:

Արարողությանը հաջորդեց «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ խոսքով ներկաներին դիմեցին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Դեսպան Գասպարյանը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի հանդեպ տարբեր ժամանակներում իրագործված ոճիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՀ-ի, Արցախի և սփյուռքի առջև ծառացած նորօրյա մարտահրավերներին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը, որի մեջ հսկայական ռեսուրսներ ներգրավելով՝ փորձ է արվում այլ երկրներում ևս խեղել դարերով ձևավորված հայի դրական կերպարը, պատմահենությամբ և փաստերի խեղաթյուրմամբ հասնել տվյալ երկրներում սեփական ոճիրների քողարկմանն ու հասարակական կարծիքի փոփոխությանը` ի վնաս հայ ժողովրդի։

Դեսպանը կոչ արեց ռումինահայերին համախմբվել և ակտիվ մասնակցել հայ ժողովրդի առջև ծառացած վերոնշյալ մարտահրավերների դիմագրավմանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև Սումգայիթի ցեղասպանության 25-ամյա տարելիցի խորհրդով Ռումինիայի Հայոց միության պատրաստած «Սումգայիթ-25» վերտառությամբ տեղեկատվական գրքույկներ։

Անցյալ շաբաթ Բուխարեստի ռումինալեզու «Ararat» հանդեսը հանդես էր եկել պատմության կեղծարարների դեմ սուր արձագանքներով և հիմնավոր փաստարկումներով, ռումին լրատվամիջոցներին և վերլուծական շրջանակներին տրամադրել տեղեկատու նյութեր:

Եգիպտոս

Մարտի 3-ին Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, և անցկացվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ համայնքի հոգևոր հայրերի, թեմական և քաղաքական ժողովների ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում գտնվող հուշարձանի առջև` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Լիբանան

Մարտի 3-ին Լիբանանի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ, և կազմակերպվեցին հոգեհանգստյան արարողություններ` նվիրված սումգայիթյան եղեռնագործության 25-րդ տարելիցին:

Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ Սբ. Նշան եկեղեցու սրահում կազմակերպվեց սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գերգերյանը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:

Բանախոսներն անդրադարձան սումգայիթյան ջարդերի մանրամասներին, շեշտեցին միջազգային հանրության կողմից հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների և ջարդերի համապատասխան գնահատականի ու դատապարտման անհրաժեշտությունը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ասաց. «Սումգայիթում հայերի դեմ ադրբեջանական իշխանությունների կատարած ջարդերը ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության դրսևորում էր: Միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Ադրբեջանում ապրող հայ ազգաբնակչության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի»:

Միջոցառմանը ներկա էին հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարները, լիբանանահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ֆրանսիա

Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի ֆրանսահայ համայնքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Գրենոբլ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո։

Միջոցառման առաջին մասում ցուցադրվեց «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» ֆիլմը` հեղինակ Մարինա Գրիգորյանի ներկայությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ֆիլմի հեղինակին։

Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին, որի ընթացքում բանախոսները ներկայացրին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի արդի փուլը, Արցախի հերոսական ժողովրդի երեկն ու այսօրը, իղձերն ու ակնկալիքները։

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Չեխիա

Մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր և չեխեր հանրահավաք-երթով հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Երթը, որին մասնակցեցին հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկեց մարդաշատ Հանրապետության հրապարակում: Ցուցարարները, ծածանելով ՀՀ, ԼՂ և Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ և Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվեցին դեպի կենտրոնական Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանեցին սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:

Երթը եզրափակվեց Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ ունեցավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշեց. «Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին և իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը և հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, ՀՀ-ն ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել ԼՂՀ միջազգային ճանաչմանը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:

Այնուհետև Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Արցախի, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և Շահումյանի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ՝ հանրահավաք-երթը լուսաբանեցին չեխական CT-24 հեռուստատեսությունը և «Օրեր» եվրոպական անկախ պարբերականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter