
Ադրբեջանցիները սադրանք էին կազմակերպել հայերի դեմ Փարիզում
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվել էր համաժողով՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան շարժման 25-ամյակին: «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց, ներկա իրավիճակը եւ ապագայի հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» խորագիրը կրող միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայի հայ դատի գրասենյակը եւ Հայ դատի պաշտպանության կոմիտեն:
Համաժողովի սկզբում ցուցադրվեց Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմը: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի բյուրոյի համանախագահ Մուրադ Փափազյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիայի ԱԺ-ի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն: Միջոցառումը եզրափակեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Համաժողովին ներկա էին լրագրողներ, ֆրանսիացի բազմաթիվ խորհրդարանականներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման վերջում, երբ հայտարարվեց զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելու մասին, սրահում գտնվող երկու ադրբեջանցի նախ հրաժարվեցին ոտքի կանգնել, հետո սկսեցին խոսել, գոռգոռալ (մասնավորապես կինը գոռում էր «ես կկանգնեմ Խոջալուի զոհերի համար»)՝ սադրանքի փորձեր անելով: Կազմակերպիչները փորձեցին վերջիններիս դուրս հրավիրել: Արդյունքում քաշքշուկ առաջացավ: Զարմանալիորեն դեպքից մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանեց Ադրբեջանի դեսպանը: Տեղում էին նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Սա վկայում է դեպքի նախապես պլանավորված լինելու մասին: Ի դեպ, երկու ադրբեջանցիները նախապես գրանցված չէին համաժողովին մասնակցելու համար, ինչը պարտադիր էր, եւ անհասկանալի ձեւով էին ներս մտել:
Սադրիչներից մեկը լրագրող, Փարիզում «Ադրբեջանի տան» ղեկավար (ինֆորմացիան «Նուվել Դ'Արմենի»-ի) ղեկավար: Երկրորդ սադրիչին ադրբեջանական մամուլը ներկայացնում է իբրեւ ուսանող: Ներկաների հավաստմամբ՝ նա ֆրանսերեն չէր խոսում, եւ անհասկանալի է նրա ներկայությունը ֆրանսալեզու համաժողովին:
Մեկնաբանել