
Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի
Սոնա Հարությունյան
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց հայկական պատմական հուշարձանների ներկա վիճակը, որոնք գտնվում են ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում կերտել է մշակույթի բազմաբնույթ և մածաքանակ կոթողներ:
1920 թ. նոյեմբերից խորհրդայնացած Հայաստանը և 1991 թ. ծնունդ առած նրա իրավահաջորդ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր սահմաններում ներառում է հայոց հայրենիքի շուրջ 1/10 մասը միայն, իսկ մնացածը զավթված և բռնակցված է մնում հարևան պետություններին: Անցած 8-9 տասնամյակների ընթացքում (1920 թ.-ից վեր) Հայաստանի հարևան պետությունները (Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան) հայկական պատմական հուշարձանների պահպանության հարցում դրսևորել են տարբեր մոտեցումներ: Բացառությամբ Իրանի՝ Հայաստանի Հանրապետության մյուս երեք հարևանների տարածքներում հայկական պատմական հուշարձանները ոչ միայն ենթակա չեն եղել պահպանության, այլև ծրագրված և միտումնավոր ոչնչացվել են: Բոլորովին վերջերս լույս է տեսել «ՎԱՐՁՔ» հանդեսի երրորդ համարը, որտեղ ներկայացված է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների ներկա վիճակը: Ադրբեջանի պարագայում ավելի դժվար է թարմ տեղեկություններ ձեռք բերել և ունենալ ներկայիս վիճակը պատկերող լուսանկարներ: Համարի մեջ ներկայացված լուսանկարների մեծ մասը կատարվել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Դերլեմոնը կողմից:
«Խորհրդային տարիներին արդեն փաստը առկա էր, այդ տարիներին հայկական հուշարձանների ոչնչացումը ավելի ծպտյալ կերպով էր իրականացվում: Օգտվելով խորհրդային հակակրոնական համոզմունքից` առավելագույնն էին արել՝ Ադրբեջանի տարածքում չքանդելով ոչ մի մզկիթ, քանդել էին հայկական բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր,- պատմում է Սամվել Կարապետյանը,- խորհրդային տարիներին` 1940-50 թթ.-ին , երբ մոլեգնում էր եկեղեցիների քանդման գործընթացը, կառուցվում էին մզկիթներ: 1960 թ.-ից սկսած` ադրբեջանացիները հորինեցին մի թեզ իրենց ծագման առնչությամբ, իբր քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայկական են, այլ իրենց իսկ քրիստոնյա նախնիների՝ աղվանների ստեղծած մշակույթի հուշարձաններ են»:
Հուարձանագետի ներկայացմամբ` մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը մենք ունեինք նյութական մշակույթի նշանակալի կորուստներ: Բայց այն ինչ տեղի ունեցավ ազատամարտից հետո աննախադեպ էր:
«Արցախյան ազատամարտի ընթացքում ունեցանք հայրենիքի որոշ մասերի կորուստ: Բարեբախտաբար, նրանց մի մասը հաջողվեց ազատագրել, իսկ մյուս մասը ոչ: Հիմնականում քանդել էին գերեզմանոցները, պայթեցրել եկեղեցիները: Առհասարակ մեր կորուստը կազմում են այն հուշարձանները որոնք շեշտում են հայկականությունը՝ խաչքարերով գերեզմանոցներ, մատուռներ, վանքեր, եկեղեցիներ, իսկ հայկական բերդերը և կամուրջները հիմնականում օգտագործվում են` քերելով հայկական արձանագրություննեը: Եզակի դեպքեր կան, որ եկեղեցիները չեն քանդվել, այլ հարմարեցվել և օգտագործել են: Օրինակ` Գանձակ քաղաքի (նախկինում` Կիրովաբադ) Սուրբ Հովհաննես մայր եկեղեցին հիմա կամերային երաժշտության դահլիճ է, բայց որպեսզի գոյության իրավունք վաստակեր, քերվել են բոլոր շինարարական արձանագրությունները»:
Ս. Կարապետյանը շետում է, որ Աղդամ քաղաքում հայկական հուշարձանները ոչնչացվել են խորհրդային տարիներին, ազատամարտի ընթացքում և շարունակվում են ոչնչացվել ազատամարտից հետո: Ընդ որում` ամենաէականը` ռազմական գործողությունների շրջանից շատ հեռու գտնվող վայրերում, օրինակ` Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Բաքվի գերեզմանոցը, ամբողջ Նախիջևանի տարածքի բոլոր հուշարձանները ընդանրապես պատերազմի գոտու հետ չեն առնչվում:
«Ադրբեջան պետության կեցվածքը հայկական հուշարձանների նկատմամբ բացահայտ թշնամական է, իրենց համար որևէ նշանակություն չունի, թե իրենց ազգի քանիպատիկ անգամ ավել վաղեմության հուշարձաններ են ոչնչացնում,- նշում է Կարապետյանը:- Այսօրվա ադրբեջանցիները, որոնք կովկասյան թաթարների ժառանգներն են, ցարական իշխանության պարտադրմամբ նստակյացութան անցան 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրանք մեկ ու կես դարի պատմություն ունեն, մի քանի անգամ գիր են փոխել, բայց հանդգնում են ոչնչացնել հայկական հուշարձանները:
Մեր հարևան երկիրը մի պետություն է, որը թշնամի է քաղաքակրթության: Իրավիճաը կանխելու համար ամեն մի վնասված հուշարձանի խնդրի հետ առնչվող դատական հայց պետք է ներկայացվի մարդու իրավունքների Եվրադատարան, որը պետք է իրականացվի պետական մակարդակով: Սրանք ճանապարհներ են, որոնցով կարող ենք կանխել դեռևս պահպանված հուշարձանների ոչնչացումը: Եթե աշխարհի ականջը հասցնենք հնարավոր է որ ձեռնպահ մնան մնացածը քանդելուց: Մի բան պարզ է մինչև գրպանին չկպնի, խելքներին չի հասնի»:
Սամվել Կարապետյանը խոստացավ, որ շուտով Երևանում կբացվի «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» ցուցահանդեսը:
Մեկնաբանել