
Արմենուհի Հովհաննիսյան. «Երբեք օտարի վրա չպետք է հենվենք, մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա»
«Կարծում եմ այս պայքարի պտուղներն արդեն տեսնում ենք, տեսնում ենք ճանապարհի սկիզբը` ավելի ազատ Հայաստան: Ես շատ ուրախ եմ, որ արդեն որոշ մարզպետներ, քաղաքապետներ հրաժարականներ են տալիս, և կարծում եմ, որ այդ շարքը կշարունակվի», - այսօր «Հետքի» հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով` իրենք արդեն սկսել են այդ շարժումը, և հույս ունի, որ այլևս չի լինի այնպիսի ընտրությունը, որի արդյունքում ժողովրդի ձայնը հաշվի չի առնվի: Ա. Հովհաննիսյանի կարծիքով` այս պայքարի արդյունքում Հայաստանը կունենա նախագահ` ընտրված ժողովդրի ձայների մեծամասնությամբ, կլինի ավելի ժողովրդավար երկիր, երկիր, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առջև:
Այն հարցին, թե ինչ կարծիքի է նա միջազգային դիտորդների հնչեցրած գնահատականների մասին, ինչպես նաև այն հանգամանքի, որ տարբեր երկրների նախագահներ այսօր շնորհավորում են Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Մեր պատմության էջերը մեզ ցույց են տվել, որ երբեք օտարի վրա չպետք է հենվենք, մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա: Եվ այսօր ավելի քան ուժեղ ենք, որովհետև հայ ժողովուրդը մեզ հետ է, և մենք միասին ենք»:
Մեկնաբանել