
Դիտորդներ. ոստիկանությունը փորձում էր մեկուսացնել այն դիտորդներին, ովքեր խախտումներ էին արձանագրել
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Երգորյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրեց այն խախտումները, որոնք արձանագրել է իրենց դիտորդական խումբը:
Դիտորդական առաքելությունն իրականացվել է Արարատի մարզում: Դիտորդական խումբը կազմված էր դիտորդից և լրագրողից, ովքեր ունեին տեսաձայնագրիչներ:
Այս կազմակերպությունը ևս արձանագրել է լցոնման, կրկնակի քվեարկության դեպքեր, ոստիկանությունը պարբերաբար փորձել է մեկուսացնել այն դիտորդներին, ովքեր խախտումներ էին արձանագրել, վստահված անձինք համագործակցում էին հանձանժողովի անդամների հետ, «լավ տղաները» վերահսկում էին ընտրողների հոսքերը, դիտորդներին պարբերաբար սպառնում էին և վերջիններս անգամ զանգում և խնդրում էին ուղեկցել իրենց, որ կարողանան դուրս գալ ընտրատեղամասից:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն առանձնացրեց այն դեպքեր, երբ դրոշմակնիքը ջնջվում էր թաց անձեռոցիկի միջոցով, կային անճշտություններ ընտրողների ցուցակներում և մարդիկ, ովքեր փորձում էին վերահսկել քվեարկության ընթացքը:
ՀԿ-ի համար հատկանշական է այն, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դիմիտրով համայնքում եղան խախտումներ, և բողոքարկման գործընթացը դեռ շարունակվում է, իսկ այս անգամ այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա այն դեպքում, երբ գյուղապետը Հովիկ Աբրահամյանի բարեկամն է և շահագրգռված էր իշխանական թեկնածու հաղթանակով:
Տ. Եգորյանի խոսքերով՝ հերթական անգամ բախվեցինք հրեշավոր, բջջային ընտրակեղծքի, որտեղ ամեն մի բջիջ ուներ իր հստակ գործը:
Նա բոլոր դիտորդական կազմակերպություններին կոչ է անում մինչև վերջ գնալ արձանագրած խախտումների հետքերով և շարունակել պայքարը:
Մեկնաբանել