
«Զավեշտալի երազ է ապրում երկիրը». Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կուսակցությունը ունի 1000-ից ավելի վստահված անձ, հանձնաժողովի անդամները նույնպես ներկայացված են: Նրա խոսքերով` ընտրություններին նման պատրաստվածություն չի ցուցաբերել ոչ մի ընդդիմադիր ուժ:
«Ժառանգությունը» փորձել է իր ուժերը հիմնականում կենտրոնացնել այն ընտրատեղամասերում, որոնք ավելի ռիսկային են համարվում: Հ. Խուրշուդյանի խոսքերով` իրենք ոչ բոլոր տեղերում ունեն վստահված անձինք, բայց եթե միայն իրենք պետք է ապահովեն ընտրությունների օրինականությունը, ապա ժամանակն է, որ այդ բոլոր գործառույթները օրինական ձևով փոխանցվի «Ժառանգության» թիմին:
Հ. Խուրշուդյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «զավեշտալի երազ է ապրում երկիրը, նման որակի խախտումներ ինքը չի հիշում»: Չնայած բռնություններ չեն եղել, բայց խախտումների ծավալները մեծ են, իսկ նախկինում գոյություն ունեցող կեղծման տեխնոլոգիաներն այժմ էլ կիրառվում են` լցոնումներ, բաց քվեարկություն, ընտրողների ուղղորդում և այլն:
«Եթե սա է ազատ ընտրությունը, չեմ կարծում, թե մենք ճիշտ ճանապարհի վրա ենք», - նշեց Հ. Խուրշուդյանը:
Նա հավելեց, որ իրենք 3 տեղից կեղծ անձնագրի հայտնաբերման ահազանգ են ստացել: Դեպքերից մեկում կեղծ անձնագիր ունեցող անձին մոտեցել է «Ժառանգության» վստահված անձը, վերջինս նրա հարցերից խուճապի է մատնվել և փախել ընտրատեղամասից: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Քաղաքացիների ահազանգեր են եղել նաև այն մասին , որ թաց անձեռոցիկով անձնագրի կնիքը մաքրվում է, սակայն, Հ. Խուրշուդյանի խոսքերով, որոշ դեպքերում անգամ առանց միջամտության կնիքը 2 ժամվա ընթացքում ցնդել է:
Ահազանգեր են եղել նաև Մասիվ վարչական շրջանից, մասնավորապես` 3/33 ընտրատեղամասում նկատվել է լույսի տատանում, նաև էլեկտրաէներգիան անջատվել է: Երբ «Ժառանգության» ներկայացուցիչը փորձել է պարզաբանում ստանալ էլցանցից, այնտեղից չեն երաշխավորել, որ աշխատանքները կլինեն անխափան: Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև Վանաձորից:
Հ. Խուրշուդյանը նշեց, որ իրենք փորձում են դիմակայել ընտրախախտումներին իրենց ուժերի ներածին չափով, սակայն դա միայն իրենց գործառույթը չէ: Այնուամենայնիվ, նա կոչ է անում քաղաքացիներին չհիասթափվել ընտրախախտումներից, այլ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: «Եթե ժողովուրդը ցանկանա, ամեն ինչ հնարավոր է», - հավելեց Հ. Խուրշուդյանը:
Մեկնաբանել