
Գյումրիում մեքենաներով մարդկանց ընտրատեղամաս են տեղափոխում
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ Մեդիա կենտրոնի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ Գյումրու որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են արձանագրվել, մասնավորապես` 34/27 և 35/22-ում: Իսկ մեքենաներով մարդկանց տեղափոխում են ընտրատեղամասեր: Ըստ Լևոն Բարսեղյանի` ականատեսները պատմում են, որ «Նիվա» մակնիշի մեքենայից գումար է բաժանվել ընտրողներին: Ընտրատեղամասում մատյանի մեջ փորձ է արվել բոլորովին այլ անձի անվան դիմաց ստորագրել, այնուհետև հանձնաժողովի նախագահը հրաժարվել է համապատասխան արձանագրություն կազմել:
Լ. Բարսեղյանը խոսքերով` զինծառայողները գալիս և մասնակցում են ընտրությանը, սակայն «բաց քվեարկության» դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելեց, որ մոտ 10 ընտարտեղմասերից ստացված տեղեկատվության համաձայն` քվեարկողների մասնակցությունը մոտ 32-33% է, տեմպը նման է խորհրդարանական ընտրություններին, սակայն ավելի պասիվ է: Լ. Բարսեղյանը ենթադրում է, որ ընտրությունների արդյունքում Գյումրիում կարձանագրվի մոտ 60 % մասնակցություն:
Մեկնաբանել