HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Մանուկյան. Հայաստանը կարող է լինել գիտատար տնտեսությամբ երկիր, այլ ոչ թե «բանանային» հանրապետություն

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Խաչատուր Մանուկյանը քիմիական գիտությունների թեկնածու է (2006թ.), աշխատել է որպես ասիստենտ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում (2006-2010թթ), գիտաշխատող՝ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (2007-2010թթ), եղել է հրավիրված գիտաշխատող (visiting scholar)` ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ» ծրագրի (fulbright scholarship) շրջանակներում՝ Նոտր Դամի համալսարանում (University of Notre Dame), 2011-ից մինչ օրս գիտաշխատող է նույն տեղում:

Գիտության մեջ նրա համար ամենագրավիչը սեփական բացահայտման բերկրանքն զգալն է. «Երբևէ չեմ մտածել գիտնական դառնալու մասին, կարծես թե այդպես ստացվե՛ց»: Մասնագիտական առումով շրջադարձային պահն իր կյանքում համարում է ուսանողական տարիներին ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտական աշխատանքներում ներգրավվելը: Գիտական հետաքրքրությունների շրջանակը կապված է նանոկառուցվածքային նյութերի ուսումնասիրման հետ, հատկապես արագընթաց քիմիական ռեակցիաների միջոցով տարբեր նյութերի ստացումը, բնութագրումը և դրանց հատկությունների ուսումնասիրությունը:

Համահեղինակ է մի քանի տասնյակ գիտական աշխատությունների, զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպես նաև, հրավիրված զեկուցումներ է ունեցել եվրոպական և ԱՄՆ համալսարաններում, հայտնի գիտական կենտրոններում՝ Ամերիկյան քիմիական ինժեներիայի ինստիտուտ (AChE), Նյութաբանական  հետազոտությունների ընկերություն (MRS), Համաշխարհային կերամիկական կոնգրես (CIMTEC) և այլն: Եղել է գիտաժողովների համակարգող և կազմակերպչական կոմիտեի անդամ: 2006-2010թթ. դասավանդել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում: Ղեկավարել է տասից ավելի ուսանողական ավարտական և մագիստրոսական աշխատանքներ:

-Խաչատուր, ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված և ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

–2003թ.-ից համագործակցել եմ եվրոպական և ամերիկյան գիտական կենտրոնների հետ՝ երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում: Միջազգային համագործակցությունը շատ արդյունավետ միջոց է՝ Հայաստանի  գիտական փոքր հանրության համար: Սակայն, գիտական համագործակցությունը գնալով դժվարանում է, քանի որ առկա ռեսուրսները չափազանց փոքր են արտասահմանյան գործընկերների հետ համեմատած: Այս դեպքում ճիշտ կլինի օգտագործել ոչ թե համագործակցություն, այլ օգնություն բառը. արդյունավետ համագործակցության համար հայաստանյան գիտնականները պետք է կարողանան իրական ներդրում ունենալ համատեղ հետազոտական աշխատանքներում, ինչի հնարավորությունը մենք չունենք և մոտ ապագայում չենք ունենա: Արտասահմանյան դրամաշնորհներն ուղղված են եղել միայն գիտնականների գոյատևումն ապահովելու համար: Որոշակի նեղ ոլորտներում միջազգային համագործակցությունն այս կամ այն չափով նման է փոխգործակցության, սակայն դրանց թիվը շատ փոքր է:

–Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

-Մրցանակներ – ՀՀ նախագահի մրցանակ (2009թ), ԱՄՆ ֆուլբրայթ փոխանակային ծրագիր (2010թ), ՀՀ ԳԱԱ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության՝ լավագույն գիտական աշխատանքի մրցույթի հաղթող (2011թ), ԱՐՓԱ ինստիտուտի՝ նորարարության մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր, որպես ուսանողների հետազոտական խմբի ղեկավար (2011), ֆեսբուքյան «հղումների քանակ» մրցանակաբաշխության (Գ. Ծառուկյան հիմնադրամ) մրցանակակիր (2010թ)

Դրամաշնորներ – Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF, 2007), Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ, 2007թ), ՀՀ Գիտպետկոմի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի (CRDF, 2009թ), Շվեյցարական գիտության ազգային հիմնադրամի (2007թ), Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (2010թ) հետազոտական դրամաշնորհներ:

–Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել։ Արդյո՞ք դրանք ի զորու են բավականչափ լրջորեն փոխելու իրավիճակը։

–Մրցանակների շնորհումն իհարկե ողջունելի է, սակայն դա չի կարող ունենալ խթանիչ ազդեցություն՝ գիտության ընդհանուր զարգացման վրա: Գիտաշխատողը պետք է ունենա ռեսուրսներ՝ գիտական արդյունք ստանալու համար: Ոլորտի բարեփոխումը պե տք էսկսել այլ ծայրից:

Ձեր կարծիքով՝ ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը՝ միջազգային ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։

–Այդ երկու ցուցանիշներն էլ շատ կարևոր են ու միմյանց փոխլրացնում են և, կախված մրցույթի բնույթից, կարող են փոխվել, օրինակ, եթե որևէ մրցույթի ներկայացվել է մի քանի ամիս առաջ տպագրված աշխատանք, ապա պետք չէ սպասել, որ այն ունենա հղումների բարձր թիվ: Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի հղումների թիվը սկսում է մեծանալ հրապարակումից մեկ-երկու տարուց ոչ շուտ: Նշված երկու չափանիշները, ինչպես նաև հրավիրված զեկուցումների առկայությունն են համարվում ամբողջ աշխարհում այն գործոնները, որոնք ազդում են գիտնականի ընդհանուր վարկանիշի վրա:

Մրցանակաբաշխություններում կիրառվի՞ արդյոք տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։ Տեխնիկապես ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։

–Ժամանակակից գիտության մեջ (գիտություն ասելով արևմտյան երկրներում հիմնականում նկատի ունեն բնական և տեխնիկական գիտությունները) շատ դժվար է որևէ գիտական աշխատանք դասակարգել՝ ըստ բնագավառների, օրինակ, մեծ զարգացում ապրող նանո- և կենսատեխնոլոգիաներն իրենց մեջ պարունակում են ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, նյութաբանության բաղադրիչներ: Հետևաբար, դասակարգել աշխատանքները՝ ըստ բնագավառների, գնալով ավելի է դժվարանում: Բարձր ԱԳ ունեցող ամսագրերում տպագրվելը, անկախ հղումների քանակից, բավականին դժվար է: Այսինքն, այն կարող է լինել հիմնական ցուցանիշը, որով կարելի է գնահատել տվյալ աշխատանքի գիտական մակարդակը:

Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։

–Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ փորձարարական բազայի բացակայությունը բերում է համապատասխան աշխատանքների ավելի պակաս խրախուսման: Սակայն, միանշանակ պնդել, որ տեսաբանները մրցանակներ են ստանում միայն այն պատճառով, որ փորձարարները չեն կարողանում բարձր որակի հետազոտություն կատարել՝ սխալ է:

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս՝ միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելում։ Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք, ի՞նչ չափորոշիչներ կիրառել,  h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։

 –Միայն հ-ինդեքսի կիրառումը բավարար չէ, պետք է մշակվեն այլ չափորոշիչներ ևս,  ինչը կարող է կախված լինել կոնկրետ մրցույթից:

–Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։

–Երիտասարդ գիտնականների խնդիրները գրեթե նույնն են, ինչ ամբողջ գիտական հանրությանը: Շատ ցավալի է նաև այն փաստը, որ միջին կամ ավագ տարիքի գիտնականը, չկարողանալով կերակրել ընտանիքը, հեռանում է գիտությունից: Այս առումով երիտասարդ գիտնականը դեռևս ի վիճակի է տեղափոխվել արտասահման: Իսկ ամենակարևոր խնդիրն այն է, որ երիտասարդ գիտաշխատողը չունի ֆինանսական ռեսուրսներ՝ սեփական գիտական ծրագրերն անկախ իրականացնելու համար: Երիտասարդ գիտնականը դեռ խորհրդային տարիներից մշտապես կախված է եղել վերադասի, ղեկավարի ցանկություններից և քմահաճույքներից: Անձամբ ճանաչում եմ բազմաթիվ գիտնականների, ովքեր 50 տարեկան հասակում միայն ունեցան  որոշակի անկախություն: Սակայն, այդ տարիքում հնարավոր չէ գիտության մեջ նոր խոսք ասել: «Գիտական արկածախնդրությունը» արդյունավետ է աշխատում 30-50 տարեկանում: Հիմնականում բոլոր նոբելյան մրցանակակիրները իրենց հայտնագործություններն այդ տարիքում են կատարել: Այլ հարց է, որ ճանաչում են ստացել ավելի ուշ:

–Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ 

–Ցավոք, հայաստանյան իրականության մեջ առաջնահերթություններ են համարվում միայն բանակը, պետական ուռճացված համակարգը և եկեղեցին: Այո, Հայաստանին պետք է ամուր և ուժեղ բանակ, օպտիմալ կառավարման համակարգ, բայց այս ամենին հասնելու համար պետք է ունենալ գիտության վրա հիմնված տնտեսություն: Հայաստանը ներկայումս սպառողական պետություն է, որն ի վիճակի չէ նոր և մնայուն արժեք ստեղծել: Ամբողջ պետական համակարգի խնդիրն է՝ վարկեր վերցնել և դրանք ուղղել փակ, չվերահսկվող համակարգերում փոշիացնելու համար: Այս պայմաններում հնարավոր չէ գիտություն ֆինանսավորել: Հասարակության մեջ կա ևս մեկ թյուր կարծիք, որ ստացված գիտական արդյունքն անմիջապես պետք է ներդրվի տնտեսության մեջ: Մինչդեռ, գիտական արդյունքից մինչև շուկայում իրացվող ապրանք (ծառայություն) տանող ճանապարհը նույնիսկ զարգացած երկրներում շատ դժվար է: 

Գիտության անմխիթար վիճակը շտկելու ճշգրիտ մեխանիզմ, իմ կարծիքով, ներկայումս պարզապես չկա: Այն պետք է բարելավվի միայն պետության համընդհանուր բարեփոխման շրջանակներում: Հնարավոր չէ վարկերով և բնակչության արտաքին դրամական տրանսֆերների միջոցով ապրող պետության մեջ ստեղծել զարգացող և մրցունակ գիտություն: Իմ կարծիքով, ապագայում Հայաստանը պետք է կարողանա ստեղծել հիմնովին նոր, արևմտյան երրորդ սերնդի (Սթենֆորդյան) հետազոտական համալսարան, որտեղ մեկտեղված կլինեն բարձրագույն կրթությունը, գիտությունն ու իննովացիոն գործունեությունը: Աշխարհում նման օրինակներ շատ կան: Հրեական պետության ստեղծումից շատ առաջ, դեռևս 1923թ.-ին հիմնադրվեց Իսրայելի տեխնոլոգիական համալսարանը: Սինգապուրում, Արաբական միացյալ էմիրություններում, Թուրքիայում ևս ստեղծվեցին մի քանի նման համալսարաններ: Սա շատ դժվար գործ է, բայց ո՛չ անհնար: Ամբողջ աշխարհի հայությանը պետք է ոգևորել՝ առաջատար, ժամանակակից համալսարան ունենալու երազանքով: Ցանկության դեպքում գումարներ միշտ կարելի է գտնել: Սակայն նման համալսարանի ստեղծումը պետք է իրականացվի բացարձակապես նորագույն մեթոդներով: Օրինակ, հրավիրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականների խորհուրդ, որոնք, ելնելով հայաստանյան պայմաններից, կնախանշեն համալսարանի գիտական ուղղվածությունը: Հաջորդ փուլում պետք է հայտարարել միջազգային մրցույթ՝ գործադիր կառավարման և պրոֆեսորական անձնակազմի համար: Համոզված եմ, որ արտերկրում ապրող մեծ թվով հայ գիտնականներ ցանկություն կունենան՝ մասնակցելու մրցույթին: Պետք չէ ձգտել մեծ կառույց ստեղծելուն, այն պետք է լինի փոքր, ճկուն, անգլերեն լեզվով գիտաուսումնական կենտրոն, որը շրջապատված կլինի փոքր ընկերություններով: Վերջիններս համալսարանում ստացված գիտելիքի հիման վրա պետք է ստեղծեն միջազգային շուկայում մրցունակ ապրանք և/կամ ծառայություն: Պետք չէ փորձել վերակառուցել գործող համալսարաններն ու գիտական կենտրոնները:  Իհարկե, անհրաժեշտ է՝ նախորոք մտածել  գիտության ֆինանսավորման մասին, որը մնում է հիմնական խնդիրը: Զարգացած երկրներում բարձր մակարդակով մեկ գիտական հոդվածի տպագրման համար պահանջվում է  միջինը 100.000 դոլար: Այս մակարդակի աշխատանքներ իրականացնելու համար հայստանյան գիտությունը պետք է դառնա Եվրամիության գիտական համակարգի անդամ: Ես այժմ չեմ կարող նշել մեխանիզմները, թե ինչպես պետք է դա իրականացվի, բայց կարծում եմ՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է:

–Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։

–Գիտնականը պետք է ո՛չ միայն ամենուր բարձրացնի գիտության խնդիրները, այլ նաև՝ ողջ հասարակությանը հուզող խնդիրները, ինչը Հայաստանում բացակայում է: Անկախության տարիների ընթացքում եզակի դեպքեր եղան, երբ հայտնի պրոֆեսորները կամ ակադեմիկոսները որևէ կերպով արձագանքեցին հանրային այս կամ այն ոլորտի սուր հարցերին: Գիտնականը պետք է դասավանդի, մասնակցի ԲՈՒՀ-ի կառավարման պրոցեսին, ինչպես նաև, լինի ակտիվ՝ հանրությանը հուզող բոլոր հարցերում:

–Տեսնո՞ւմ եք արդյոք դրական միտումներ՝ վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

–Պետական քաղաքականություն գիտության ոլորտում չկա և չի եղել: 90-ական թվականների կեսերից, շուրջ մեկ տասնամյակ, հայաստանյան գիտությունը գոյատևեց տարերային կերպով, արտասահմանյան բարեգործական դրամաշնորհների շնորհիվ: Ներկայում պետական գիտական քաղաքականությունը ուղղված է ակադեմիական ինստիտուտների օպտիմալացմամբ, շենքերի օտարմամբ, և նմանատիպ այլ հարցերով: Ոչ պետական կառույցներից կան որոշ հիմնադրամներ (օրինակ ԳԱՏԱՀ-ը), որոնք դեռևս փորձում են որևէ կերպ օգտակար լինել:

–Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։

–Բնական գիտությունների ոլորտում ծանոթ-բարեկամ սկզբունքով ասպիրանտական տեղ ստանալը բավականին մեծ տեղ է զբաղեցնում: Կոռուպցիան մեծապես դրսևորվում է հումանիտար գիտություններում: Բազմաթիվ «գիտնականներ» գրում են պատվերով ատենախոսություններ: Օրինակ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կայքի (www.boh.am) տվյալներով 2009թ շնորհվել է 121 տնտեսագիտության թեկնածուների և դոկտորների աստիճաններ: Սա այն դեպքում, երբ, բոլոր բնական գիտությունները միասին վերցրած, շնորհվել է մոտ 100 գիտական աստիճան: Ընդ որում, 2009 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 17% անկում: Կարծում եմ, նշված թվերը չափազանց խոսուն են, և ավելորդ մեկնաբանության կարիք չկա:

–Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

 –Զբաղվել կարելի է նարդի խաղալով կամ հեռուստասերիալ դիտելով, գիտությամբ չեն զբաղվում, գիտությունը պրոֆեսիոնալ աշխատանք է: 2006-2012թթ կարճաժամկետ գիտական գուծուղումներ են եղել Շվեյցարիայում և Գերմանիայում: 2010թ-ի վերջից մինչև օրս աշխատում եմ Նոտր Դամի համալսարանում (University of Notre Dame, IN, USA): Համեմատության եզրեր գտնելն անհնար է:  

–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

–Անկասկած, արտերկրում գիտական գործունեության պայմաններն անհամեմատելի են Հայաստանի հետ: Իմ կարծիքով, Հայաստանում մասնագիտական աճը գիտության բնագավառում չափազանց դժվար է, եթե չասենք՝ անհնար, իհարկե, եթե գիտական կարիերա ասածը չի նույնացվում կաշառքով ուսանողին գնահատական նշանակելու կամ նման կարգի այլ գործունեության հետ:

–Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանն այս տարի։

–Համբերություն... Հույս ունենք, որ Հայաստանը կարող է լինել գիտատար տնտեսությամբ երկիր, այլ ոչ թե «բանանային» հանրապետություն... 

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (2)

Gohar Mkhitaryan
Апрес Хачик джан!!!! Менк шат урах енк вор ду айдкан джварутюннери мичов анцар байц мнацир мецатаров мард ев шарунакум ес бардзрацнел мер азги Гитнакани пативн! АПРЕН мер болор айн гитнаканнерн воронк шат джвар пайманнерум ен апрум байц чен лкум у дер шарунакум ен текуз отар еркрнерум заргацнел гитутюнн ев барцрацнум ен айи пативн!!!!!!!!
Hasmik Mkrtumyan
es shat hpartanum em qezanov Xachik jan, du voch miajn lav u xelaci gitnakan es ajl naev shat shat lav mard u unes hianali @ntaniq. inchi vor hasel es es kjnqum hastat arjani es u es vstah em vor shat aveli brcunqneri khasnes . Harganqnerov Hasmik

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter