
Հեռուստամարաթոն Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Գյումրու վագոն-տնակներում բնակվողների
Լոս Անջելեսում փետրվարի 10-ին տեղի ունեցավ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոն-դրամահավաք: Հեռուստամարաթոնը 11 ժամ շարունակ ուղիղ եթերում հեռարձակվեց տեղի AMGA հեռուստակայանի երեք ալիքներով:
Դրամահավաք-մարաթոնին ակտիվ մասնակցել է Գլենդելում բնակվող հայ համայնքի ավելի քան 700 անդամ, ելույթ ունեցել և գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու կոչով հեռուստադիտողներին են դիմել տասնյակ մտավորականներ, երգիչներ:
Հեռուստամարաթոնի առաջին օրը հանգանակվել է մոտ 40 000 դոլար:
Եվ հեռուստամարաթոնի ընթացքում, և հետագայում հանգանակված գումարը «Շիրակ կենտրոնի» միջոցով ծախսվելու է Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների առաջնային խնդիրների լուծման նպատակով: Գումարից զատ՝ բազմաթիվ անհատների տրամադրած նյութական օգնությունը ևս հատկացվելու է «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված անօթևան ընտանիքներին:
Հեռուստամարաթոնը կազմակերպել էին «AMGA» հեռուստաընկերությունը, բարերար Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, «Համայնապատկեր» ամսագրի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը:
Նախաձեռնողների հավաստիացումներով, դրամահավաքն ի աջակցություն Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների տևելու է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը:
Մեկնաբանել