
«Չորրորդ ինքնիշխանություն». սպառնացել են «կասկածվողներին»՝ եթե չընտրեք, ձեզ համար լավ չի լինի
Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` «ո՞ւմ եք ընտրելու» թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը եւ լսելով հարցը, պատասխանել է. «Բայց քվեարկությունը գաղտնի է, եւ ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելու»:
Այնուհետեւ նույն քաղաքացին պարզում է, որ իր եւ ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաեւ հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում: Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն «հարցումից» հետո ընտանիքը հայտնվել է «կասկածվողների» ցուցակում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացու հասցեն եւ ընտանիքի անդամների տվյալներր հայտնվել են Սերժ Սարգսյանի այդ հատվածի շտաբի պատասխանատուի մոտ:
Հետո սկսել են նրանց հետ «աշխատել»` փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում` Սերժ Սարգսյանին ընտրե՞լ, թե՞ ոչ: Քաղաքացու այն դիտարկմանը, թե որտեղից գիտեք՝ ես ընտրելո՞ւ եմ, թե՞ ոչ, կամ ում եմ ընտրելու, շտաբից պատասխանել են, որ հարցումներից են պարզել:
Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են «կասկածվողների» ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք` ձեզ համար լավ չի լինի հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել