
«Ես դեռ գտնվում եմ հետախուզման մեջ». Գուրգեն Շիրինյան
«Հետքի» հարցերին պատասխանել է «Միասնական Ջավախք» շարժման ակտիվիստ, Ջավախքի սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանը:
Վրաստանի քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Դուք այս փոփոխություններից և Իվանիշվիլու իշխանությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Նախ` առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Վահագնին և այն բոլոր տղաներին, ովքեր վերադարձան իրենց հայրենի տուն: Տասնյակ հազարավոր մայրեր, ովքեր սգավոր էին դարձել Վրաստանի ներկայիս նախագահի ամբիցիաների համար, կամաց-կամաց դուրս են գալիս տխրության մթնոլորտից Վրաստանի վարչապետ Իվանիշվիլու վարած քաղաքականության շնորհիվ: Սա ողջունելի է, և միանգամայն պարզ է, որ պրն Իվանիշվիլին փնտրում է ելքեր, որպեսզի լուծի Վրաստանի թե ներքին և թե արտաքին խնդիրները: Եվ այս ամենը բերում է այն եզրակացության, որ Բ.Իվանիշվիլին խնդիրներ լուծող քաղաքական գործիչ է, այլ ոչ թե ներկայիս նախագահի պես խնդիրներ ստեղծող և այն սառեցնող:
Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանություն վարելը` այլ բան, և իշխանությունը պահելը` մի այլ բան է: Եթե պրն Իվանիշվիլին արագ տեմպերով սկսի իրագործել այն բոլոր խոստումները, որոնք տվել էր ոչ միայն ջավախքահայությանն ու վիրահայությանը, այլ ամբողջ Վրաստանի ազգաբնակչությանը, վստահ եմ, որ բոլորը կհամախմբվեն պրն Իվանիշվիլու վարած քաղաքականության շուրջ և արագ տեմպերով Վրաստանը կփրկեն ներկայիս թուրքամետ նախագահի ժամանակով ստեղծված շովինիստական, մարդասպանական, ստախոսական և տեռորական սիստեմը, և մոտակա 10 տարիները կապահովվի բարեկամական և եղբայրական մթնոլորտով:
Համաներումը չի՞ տարածվում Ձեր վրա:
Ճիշտն ասած` կոնկրետ ինֆորմացիա չունեմ այս հարցում, բայց ամենաճիշտը կլինի այն, որ Վրաստանի դատական համակարգը նորից վերանայի ու նոր քննություն տանի` կապված 2008 թվականի հուլիսի 17-ի ու դրան հաջորդած բոլոր դեպքերի բացահայտման հետ և պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այդ շինծու գործերի հետ` անկախ պաշտոնից, դիրքից և անձից:
Շիրակ Թորոսյանի մուտքի արգելքը հանվեց, Մելիք Ռաիսյանին հետախուզվողների ցանկից հանեցին, Ձեզ դեռ հետախուզո՞ւմ են:
Այո, սա նույնպես ադեկվատ և ճիշտ քայլ էր Իվանիշվիլու իշխանության կողմից Շ. Թորոսյանի և Մ. Ռաիսյանինկատմամբ: Իսկ ինչ վերաբերվում է իմ հետախուզմանը, այո, ես դեռ գտնվում եմ հետախուզման մեջ:
Վ. Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ նախագահ Սահակաշվիլին ասել էր, որ «դա հակապետական քայլ էր, համաներման ենթարկվեց ռուսական գործակալը, որը աշխատում է քանդել Վրաստանը, դրա ամբողջականությունը»: Փաստորեն, «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին նա ռուսական գործակալներ է համարում:
Ինչ վերաբերում է Վրաստանի ներկայիս նախագահի ու իր մանկլավիկների արտահայտություններին, դրանք ուղղակի զառանցանքներ են: Այն նարցիսիզմով տառապող թուրքամետ Սահակաշվիլին հիմա նմանվել է ծովում խեղդվողի, ով ձեռքերը անգիտակցաբար փրփուրներին է գցում փրկվելու համար:
Վահագնին պիտակեց Վրաստանի թշնամի, անվանեց Ռուսաստանի Դաշնության գործակալ` շեշտելով, որ Վահագնին միջնորդել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ Վեհափառը:
Հիմա էլ իրենց կաթողիկոս Իլյա Երկրորդին են անհարգալից արտահայտություներ անում Ռուսաստանի Դաշնություն այցելելու համար: Կա մի բժշկական կանոն` ցավերից զառանցող հիվանդից պետք չէ նեղանալ, ինձ համար այս մոտեցումը ավելի ճիշտ է, քան թե մի քանի էջ պատասխան գրել թուրքամետ Սահակաշվիլու ու իր մանկլավիկների արած զառանցանքներին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել