Կոռուպցիան խանգարեց Հայաստանին. ԱՄՆ-ի դեսպանն ամփոփում է տարին
2013-ին հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքային ուղղությունները կլինեն տնտեսությունն ու կրթությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ամփոփելով անցնող տարին` 2012-ը դեսպան Ջոն Հեֆերնը կարևոր տարեթիվ համարեց հայ-ամերիկյան հարաբերությունների համար. լրացել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ինչի առթիվ կայացավ նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան:
Դեսպանը նշեց, որ 2013-ին ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների առումով տնտեսական համագործակցության ասպարեզում կտարվեն աշխատանքներ, պարտադիր չէ, որ այդ ամենը կատարվի կառավարությունների մակարդակով, հնարավոր է նաև սովորական մարդկանց միջոցով:
Մինսկի խմբի աշխատանքների հետ կապված` դեսպան Հեֆերնը շատ կարճ խոսեց. «Կուզենայի, որ հաջողությունների մասին կարողանայի այժմ ձեզ պատմել, բայց ցավոք չեմ կարող»:
Դեսպանը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում. կողմերը դեռ բանակցային սեղանի շուրջ են, քննարկումները շարունակվում են, շուրջ 20 տարի հնարավոր է եղել կողմերին բանակցային սեղանի շուրջ պահել և կանխել մեծամասշտաբ թշնամական գործողությունները. «Սա բավարար չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, ևս հաջողություն է»,- ամփոփեց Ջ. Հեֆերնը:
Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում սպասվող նախագահի ընտրությանը և անցնող խորհրդարանական ընտրություններին: Նա նշեց, որ սփյուռքահայերի հետ հանդիպումներին ընտրությունների հետ կապված հարցադրումներ են եղել, որտեղ ինքը նշել է բարելավումների մասին: Օրինակ` մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին լրատվամիջոցներում լսելի է եղել ընդդիմության ձայնը, ընտրատեղամասերում կազմակերպչական աշխատանքներն են բարելավվել, բայց նաև եղել են խնդիրներ: Եղել են հաղորդագրություններ ընտրակաշառքների մասին, նաև վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ:
Եթե ազատ և արդար ընտրություններ լինեն, հնարավո՞ր է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դարձյալ գործարկվի: Լրագրողների այս հարցին դեսպանը պատասխանեց, որ «Հազարամյակի մարտահրավերների» հետ Հայաստանի առաջին ծրագիրը հաջողված է եղել: Ողջ երկրում շուրջ 170 դոլարի ծրագրեր էին իրականացվել: Հիմնադրամն էլ գոհ է եղել աշխատանքների իրականացումից: «Մենք հուսով ենք, որ առաջիկայում Հայաստանը իրավասու կլինի մասնակցել և մրցութային հիմունքներով ծրագրի իրականացման հնարավորություն ստանալ»:
Այդուհանդերձ, դեսպան Հեֆերնը մանրամասնեց. որպեսզի Հայաստանը կրկին կարողանա ֆինանսավորում ստանալ, երկիրը որոշակի չափանիշների պետք է համապատասխանի, 13 տարբեր ցուցանիշ կա, այդ թվում նաև՝ ընտրությունների մասով: Եվ արդար ընտրությունները Հայաստանի համար խթան կարող են հանդիսանալ հաջորդ անգամ ծրագրին մասնակցելու համար: «Բայց Հայաստանի հիմանական խոչընդոտը դա չէր ծրագրի ցուցանիշներին համապատասխանելու համար, այս տարի Հայաստանին խանգարող հիմնական հանգամանքը կոռուպցիային վերաբերող ցուցանիշն էր»,- հստակեցրեց Ջ. Հեֆերնը:
Այս հարցը ևս, ըստ դեսպանի, շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, և կառավարման թափանցիկությունը, հակակոռուպցիոն աշխատանքների բարելավումը կարող են օգնել, որպեսզի Հայաստանը կարողանա ծրագրային պահանջներին համապատասխանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել