HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ալավերդիում. զոհվել է 80-ամյա բնակչուհին (լուսանկար)

Հունվարի 28-ի երեկոյան Ալավերդու Էնգելս թաղամասի թիվ 1 շենքի 80-ամյա բնակիչ Լիզա Բաբայանի բնակարանում հարևանները հրդեհ են նկատել: Հրդեհը տարածվել է Լիզայի բնակարանի խոհանոցում տեղադրված փայտե վառարանից:

«Լիզան ընտանիք և երեխաներ չուներ, ինքն էլ հիվանդ էր, երևի ընկել է այրվող վառարանի վրա: Նա չէր կարողանում նորմալ շարժվել: Երբ ես մտա իմ բնակարանի լոգարան, նկատեցի, որ լոգարանի առաստաղը ճտճտում է: Հետո առաստաղը սկսեց փլվել: Ես ենթադրում եմ, որ նա ինֆարկտ է ստացել և ընկել վառարանի վրա»,- «Հետքին» պատմեց տուժողի հարևանուհին՝ Կարինե Մաթոսյանը:

Տուժողի մյուս հարևանները համամիտ էին՝ ենթադրելով, որ այլ պարագայում կինը կբղավեր. մինչդեռ հարևաններն օգնության կանչ չեն լսել: Կարինե Մաթոսյանը հավելեց, որ միայնակ կինը ծերությունից դողում էր, չէր կարողանում տեղաշարժվել:

Հրդեհի արագ տարածմանը նպաստել է խոհանոցի փայտե հատակը: Հրդեհը սկսել է տարածվել շենքի առաջին և երրորդ հարկի բնակարաններում: «Դուռը ջարդել ենք կացինով: Մեզ թվում էր՝ մենք դույլերով կարող ենք հանգցնել հրդեհը, սակայն դա անհնարին եղավ»,- պատմեց Կարինե Մաթոսյանը:

Դրանից հետո միայն հարևանները ահազանգել են Ալավերդու հրշեջներին: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որից առաջին մարտական հաշվարկը տեղ է հասել 4 րոպեից:

«Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնաբերվել է դիակ՝ ընկած վառարանի կողքին, կիսաածխացած վիճակում: Մենք հրդեհված տարածքը հանձնել ենք իրավապահ մարմիններին»,- «Հետքին» ասաց Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության լեյտենանտ Արմեն Բարսեղյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter